ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանական երիտթեւը վերջին տարիներին նպատակաուղղված փորձում է կառավարման բոլոր առանցքային պաշտոնները հերթով իրենով անել: Այս գործընթացում առաջին նշանակալի նվաճումը եղավ 2011-ի փետրվարին ՀՀ մարդու իրավունքների պաշտոնում Կարեն Անդրեասյանի նշանակումը: Վերջինս համարվում էր իշխանական երիտթեւի առաջնորդի` Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մտերիմ անձանցից: Երբ 2013 հոկտեմբերի 1-ին Գեւորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ, թվում էր՝ իշխանության երիտթեւի կողմից իշխանությունը «վերցնելու» ծրագրի իրագործմանը մի քանի քայլ է պակասում: 2015-ի գարնանն այդ թիմին հաջողվեց պատվով կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այլեւս թվում էր, թե նրանց ոչինչ չի խանգարի 2017-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ իրենց նկրտումների մասին լիարժեք հայտարարել: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանական երիտթեւի «նշանակումներն» իրենց չեն արդարացնում: Նախ՝ անցած տարվա աշնանը պարզ դարձավ, որ Միքայել Մինասյանը լծվել է իր կադրի` օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի պաշտոնանկության գործին: Իսկ դեկտեմբերից էլ սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ վերջին շրջանում խիստ լարվել են երիտթիմի անդամների եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հարաբերությունները: Բանն այն է, որ Կոստանյանը դատախազություն մտնելով՝ խզեց իր գրեթե բոլոր կապերը ընկերների հետ, բացի այդ, լինելով համակարգում նոր մարդ, մինչ օրս չի կարողանում դատախազության համակարգն իր վերահսկողության տակ վերցնել: Դրա համար նա պարբերաբար կադրերին «հնձում» է: Կոստանյանի կողմից նշանակված կադրերը պարբերաբար ինչ-որ տհաճ պատմությունների կիզակետում են հայտնվում, ինչն իշխանության հնաբնակները մեծ հաճույքով օգտագործում են` Սերժ Սարգսյանի մոտ իշխանության երիտթեւին մրոտելու համար:

 

 

 
Անցած տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հայաստան գալուց հետո տասնյակ ազատամարտիկների հետ է հանդիպել: Նրա հանդիպումները անցել են նույն սցենարով. պատրվակը եղել է իր հոր` ազատամարտիկ Վալերի Վարդանյանի, այդ թվում նաեւ նրա զոհվելու հանգամանքների մասին հարցուփորձ անելը: Իսկ արդեն երկրորդ հանդիպման ժամանակ նա, որպես կանոն, փորձել է ինչ-որ գաղտնի թեմայի շուրջ «կոնսպերատիվ» զրույց ծավալել: Գործնականում ազատամարտիկների մեծամասնությունը գաղտնի զրուցելու առաջարկը լսելուց հետո երիտասարդին դուրս են վռնդել, երբեմն նաեւ կոպիտ բառերով: Իսկ բոլոր այն ազատամարտիկները, որոնք Արթուր Վարդանյանի` գաղտնի զրուցելու առաջարկությանը դրական են պատասխանել, ու պարզ չէ՝ ինչ են զրուցել (գուցե շատ անմեղ ինչ-որ թեմայով) այսօր հայտնվել են ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում եւ ստիպված են պարզաբանել, թե երիտասարդի հետ ինչ թեմայի շուրջ են զրուցել եւ արդյոք նրա ծրագրերի մասին որեւէ տեղեկություն ունեցել են, թե ոչ:

 

 

 
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները փորձում են արագ տեմպերով ավարտել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքները: Այս շտապողականությունը շատ պարզ բացատրություն ունի. ՀՀԿ-ն այդ կերպ ցանկանում է ապահովել, որ ընտրակեղծարարության համար օրենսգրքում թողնված բացերն անպայման պահպանվեն: Մյուս կողմից էլ արդեն իսկ նկարագրվում է նաեւ այն հանգամանքը, թե համամասնական ցուցակների կազմման եւ դրանցով մանդատների բաշխման համակարգը ՀՀ իշխանություններն ինչպես են պատրաստվում ձեւափոխել: Այս տեսանկյունից շատ կարեւոր է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի երեկ ներկայացրած հետեւյալ պարզաբանումը. «Բացի զուտ համամասնական ընտրակարգ լինելուց՝ որեւիցե ընտրատարածքում, որեւիցե կուսակցություն ինչ-որ դեմքերով պետք է հանդես գա: Բնականաբար, ընտրատարածքային թիվը կնվազի, որտեղից որ անպայմանորեն պատգամավոր է ընտրվում»:

 

 

 
Երեկ ռուսական ռուբլու համար հերթական սեւ օրն էր: Ռուբլին արժեզրկվում էր ժամ-ժամ, եւ արդեն օրվա վերջին 1 դոլարի փոխարժեքը ռուսական ռուբլով հասավ 86 ռուբլու: Ինչպես հայտնի է՝ ռուսական ռուբլու հերթական կտրուկ արժեզրկումը պայմանավորված է նավթի միջազգային գների անկմամբ: Անցած տարվա վերջի դրությամբ նավթի գները պահպանվում էին մեկ բարելը 45 դոլարի սահմաններում: Այս տարվա սկզբից «սեւ ոսկու» միջազգային գները կրկին սկսեցին իջնել, եւ մի քանի օրում մեկ բարել նավթի գինը 30 դոլարից էլ էժանացավ: Երեկվա դրությամբ արդեն նավթի միջազգային գինը մեկ բարելի դիմաց իջել էր մինչեւ 27 դոլար: Հայկական դրամի համեմատ ռուսական ռուբլու փոխարժեքը իջել է մինչեւ 1 ռուբլին 5 դրամ: Ի դեպ, ի տարբերություն ռուսական ռուբլու նախորդ արժեզրկումների, որոնց ժամանակ հայկական դրամը եւս շատ արագ, կտրուկ արժեզրկվում էր, այս անգամ, բարեբախտաբար, նման երեւույթի մենք ականատես չենք լինում:

 

 

 
ԳԱԶԱՄՂԻՉ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ անդրադարձել է իրանական գազի ներկրման հարցին` հայտարարելով, թե այսօրվա դրությամբ ռուսական գազն ավելի էժան է. «Իրանը այսօր չի առաջարկում ավելի էժան գազ, քան Ռուսաստանից տրամադրվող գազը: Գազի մատակարարման հետ կապված լուրջ բանակցություններ Հայաստանի եւ Իրանի միջեւ չեն տարվել»: Նախարարը նաեւ հերքել է մինչ այս Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսի բազմիցս արած հայտարարությունները, թե Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի էժան գնով գազ մատակարարել, քան ռուսականը.«Իրանի դեսպանի կողմից հայտարարություն, որ ավելի էժան գազ կտան, քան ռուսական գազը, չի եղել: Ոչ էլ նույն գնով, նման հայտարարություն չի եղել»,-հավաստիացրել է Զախարյանը:
Նախ` դեսպան Ռեյիսիի այդ հայտարարությունները եղել են հրապարակային եւ ոչ մեկ անգամ, եւ այս առումով Զախարյանի հերքումներն ուղղակի անիմաստ են: Բացի այդ` հասկանալի չէ, թե Երվանդ Զախարյանը որտեղից գիտի, որ Իրանը Հայաստանին ավելի էժան գնով գազ չի վաճառի, եթե երբեւէ այդ հարցով Հայաստանի եւ Իրանի միջեւ բանակցություններ չեն եղել: Տրամաբանական այս հակասությունն ի ցույց դնող հարցադրմանը պատասխանելով՝ Զախարյանը երեկ ընդամենն ասել է՝ գիտենք:
Իսկ հետաքրքիր է, «գիտունիկ» նախարարը գիտի, որ Ռուսաստանը դեպի Եվրոպա առաքվող գազի սակագինը 284 դոլարից նվազեցրել եւ հասցրել է 180-ի, այն դեպքում, երբ Հայաստանի շարքային քաղաքացիները այդ նույն ռուսական գազի համար վճարում են 320 դոլար: Ինչպես գիտենք՝ մեր ռազմավարական դաշնակցին Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերանայման խնդրանքով արդեն իսկ օրերս դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն ռուսներն առայժմ չեն շտապում պատասխանել, եւ այս հարցի շուրջ Զախարյանը, պարզվում է, ոչինչ չգիտի: «Երբ կլինի պատասխանը Ռուսաստանի, այն ժամանակ բոլոր հարցերին կանդրադառնանք»,- արձագանքելով ռուսների մերժման դեպքում հնարավոր այլընտրանքների մասին հարցին` ասում է Զախարյանը:
Պարզապես տարակուսելի է. փոխանակ իրանական կողմի հետ բանակցելու եւ այդ բանակցություններով ռուսական կողմի վրա ճնշում բանեցնելու, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, փաստորեն, անում է հայտարարություններ, որոնք ուղղակիորեն դեմ են Հայաստանի պետական շահերին:
Լավ, եթե անգամ պարսկական գազն ավելի էժան չէ, քան ռուսականը, ինչ կարիք կա այդ մասին անընդհատ հայտարարելու, դեռ մի բան էլ Իրանի դեսպանին ստախոս հանելու, փոխանակ հենց դեսպանի հայտարարություննեից օգտվելու եւ ռուսական կողմին էժանացման հակելու: Թվում է, թե սա Հայաստանի Հանրապետությանը ծառայող պաշտոնյայի համար շատ պարզ պետք է լինի: Բայց արի ու տես` այդպես չէ, եւ այստեղ հարց է առաջանում` ում շահերն է սպասարկում այդ պաշտոնյան:




Լրահոս