«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Սարգիս Այվազյանը, որը նախկինում աշխատել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, շուրջ մեկ տարի է՝ պայքարում է կորցրած աշխատանքը վերականգնելու համար, սակայն արդյունքի չի հասնում: Հուսահատված քաղաքացին երեկ այցելել էր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Նա մեզ հանձնեց իր 10 տարվա անբասիր ծառայության համար ստացած կրծքանշանը՝ խնդրելով այն փոխանցել ՀՀ արդարադատության նախարարին:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, եւ ինչո՞ւ է երիտասարդ տղան կորցրել իր աշխատանքն ու այն վերագտնելու հույսը:
Եվ այսպես, 2001թ.-ից մինչեւ 2012թ. Սարգիսն առանց որեւէ խնդիրների «Վարդաշեն» ՔԿՀ-ում իրականացրել է իր ծառայողական աշխատանքը (որպես հերթափոխի պետի օգնական): Բայց քանի որ աշխատավարձը քիչ է եղել, ստիպված տաքսի է քշել: Այս երեւույթը դուր չի եկել նրա աներոջը, ինչի պատճառով ընտանեկան անախորժություններ են առաջացել: «Նա բարձրաստիճան պաշտոնյա է, եւ մենք միշտ կոնֆլիկտ ենք ունեցել, քանի որ մի անգամ էլ պատճառ բռնեց, թե ինքն ամաչում է, որ իբր ես տաքսի եմ քշում եւ այդպես եմ ընտանիքս պահում: Ու մեր մեջ լարվածությունը շատ ավելի մեծ թափ ստացավ»,-պատմեց մեր զրուցակիցը:
Այսպիսով՝ աներոջ եւ փեսայի միջեւ հարաբերություններն այն աստիճանի են լարվել, որ մի օր նրանք քաշքշել են իրար: Թե ով է Սարգիսի կնոջ հայրը, նա այդպես էլ չցանկացավ հայտնել. «Մի օր ինձ ասաց՝ այնպես կանեմ՝ հիմնարկի պետդ քեզ կարգի հրավիրի, որ տաքսի քշելուց բացի, այլ աշխատանք չունենաս: Ու այդպես շատ լուրջ վիճաբանություն ունեցանք: Ես փախած էի, քանի որ նա ինձ հայհոյեց հեռախոսով, ես էլ՝ իրեն: Մի օր՝ առավոտյան, արթնացա ու տեսա, որ մեքենայիս ապակիները կոտրել են, անմիջապես զանգեցի աներոջս, եւ ասաց, որ ինքն է կոտրել, ու ինձ էլ ասաց, թե հեսա մարդիկ կգան քո հետեւից: Հասկացա, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, ու անընդհատ փախուստի մեջ էի: Այս անախորժությունների պատճառով չկարողացա մի որոշ ժամանակ ներկայանալ աշխատանքի»:
Արդյոք տաքսի քշելը կարող էր աներոջ եւ փեսայի միջեւ լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ: Պարզվում է, որ դա չի եղել նրանց հարաբերությունների սրման պատճառը. «Աներս մշտապես ցանկացել է կառավարել ինձ: Ու հասավ նրան, որ բաժանեց ինձ եւ իմ կնոջը, իսկ հետո էլ իմացա, որ զանգահարել էր «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Համլետ Խլղաթյանին, որն իմ պետն է, եւ ասել էր, թե կարգի՛ հրավիրիր աշխատողիդ: Ղեկավարությունն էլ, հիմք ընդունելով իմ՝ աշխատանքից բացակայությունները, ինձ ասացին՝ հեռացնում ենք»:
Համլետ Խլղաթյանը, ըստ մեր զրուցակցի, իրեն պարտադրել է գրել աշխատանքից ազատվելու մասին զեկուցագիր՝ արգելելով մտնել հիմնարկ: Սարգիսն այդ ընթացքում փորձել է մի քանի անգամ հակասությունը հարթելու նպատակով դիմել Խլղաթյանին՝ խնդրելով վերականգնել աշխատանքի, սակայն մերժվել է. «Սահմանված օրենքով, մինչ պաշտոնապես գործից ազատվելը, ես պարտավոր էի ներկայանալ ծառայության, սակայն Խլղաթյանն արգելեց՝ պատճառաբանելով, որ ես չունեմ ծառայողական վկայական՝ խախտելով իմ իրավունքը: Ես էլի եմ կրկնում՝ ես այնպիսի սոցիալական վիճակում եմ, որ երբեք ինքնակամ ազատման դիմում չէի գրի»:
Ինչեւէ, աշխատանքի վերականգնվելու խնդրով Ս. Այվազյանը դիմել է Սերժ Սարգսյանին, ԱՆ Հրայր Թովմասյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ ակնկալելով խնդրի արդար լուծում, սակայն մինչ օրս ոչ մի փոփոխություն:
«Զանգահարեցի ՀՀ արդարադատության նախարարության թեժ գիծ եւ խնդրեցի հանդիպում նախարարի հետ: Ինձ ընդունեց ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության պետ Նորայր Փանոսյանը եւ ասաց՝ կնայենք, կհասկանանք, թե ինչ է եղել: Այդպես էլ ոչ մի պատասխան չստացա: Մի օր ինձ ընդունեց նրա տեղակալը՝ Միքայել Մինասյանը, եւ ինձ վրդովված ասաց, թե ինչ ես ուզում, գնա՛, ֆայլաբազարո՛ւմ աշխատիր»,-զայրացած պատմեց Սարգիսը:
Պարզվում է՝ ԱՆ-ում, բացի «արդար դատելուց», նաեւ լավ խորհրդատուներ են աշխատում: «Դա բարեկամության նախարարություն է, եւ ես էլ խորհուրդ կտամ նախարարին, որ հաճախ շփվի ՀՀ ոստիկանապետի հետ, նրանից շատ բան կսովորի»,-նշեց Սարգիսը:
«Ժողովուրդ»-ն այս հարցի առնչությամբ զրուցեց ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության պետ Նորայր Փանոսյանի հետ. «Եթե ինքը դիմում է գրել եւ ազատվել է աշխատանքից ու հետո էլ ասում է, որ ստիպել են, ապա թող դիմի դատարան եւ հիմնավորի իր ասածը: Սահմանված կարգ կա, դա Աշխատանքային օրենսգիրքն է, եւ բոլորս էլ դրանով ենք առաջնորդվում»:
Իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Համլետ Խլղաթյանը, լսելով Սարգիսի պատմությունը, նույնիսկ ծիծաղեց. «Ինքն ազնիվ մարդ չէ: Հաճախակի բացակայել է: Մի ամբողջ օր ես ու իր մայրը ման ենք եկել իրեն: Ինքը պարտաճանաչ չէր աշխատում: Իսկ եթե շատ է ուզում աշխատել, թող գնա, ուրիշ տեղ աշխատի: Ինչո՞ւ է ուզում այստեղ աշխատել: Աներն այստեղ կապ չունի: Ափսոս, որ իրեն չեմ դատել, ու դա արել եմ աներոջ խաթեր, իր ընտանիքի խաթեր: Մեղքս եկավ, ասացի՝ գրի՛, որ ազատվում ես, թե չէ դու այստեղ պիտանի չես: Իրան մի՛ հավատացեք: Մենք այնպես չենք աշխատում, որ բռնենք, «նիզաշտո» մարդկանց գործից հանենք»:
Այսպիսով՝ ՔԿՀ պետն ընդունեց, որ անձամբ է հորդորել դիմում գրել: Հետաքրքիր է՝ ո՞ւր է նայում ՄԻՊ-ը, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում: Ի վերջո, ակնհայտ է, որ մարդն ինքնակամ չի գրել ազատման դիմումը: Այսպես են պաշտպանում մարդկանց իրավունքները, դրա համար էլ քաղաքացիները դիմում են ծայրահեղ քայլի:
«Ես իմ 10 տարվա անբասիր ծառայության մեդալը բերել տալիս եմ ձեզ՝ «Ժողովուրդ» օրաթերթին, տվե՛ք արդարադատության նախարարին, թող իրե՛ն պահի: Բա որ ես վատ աշխատող եմ, ինչո՞ւ են ինձ տվել այդ մեդալը»,-բարկացած ասաց ՔԿՀ նախկին աշխատակիցը:
ՄԵԴԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ