ՀՀԿ-Ի ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այնքան քիչ են ինտելեկտուալները ԱԺ ՀՀԿ խմբակցությունում, որ երբ տեսնում ես իր կրթությամբ շատերից տարբերվող գոնե մեկին, ուրախանում ես, որ այս կուսակցությունում էլ բացառություններ կան:
Նրանցից մեկն  Արայիկ Հովհաննիսյանն է:  Ճիշտ է, այս պատգամավորն էլ պորտալարով կապված է իր կուսակցությանը, հրապարակային ելույթներում պաշտպանում է ուժի ու հանցագործությունների դիրքերից շարժվող կուսակիցներին, սակայն գոնե մի քիչ տարբերվում է…
1981թ. ոսկե մեդալով ավարտել է Երեւանի թիվ 66 միջնակարգ դպրոցը: 1981-1986թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ստանալով էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորում: 1986-1994թթ. աշխատել է «Անի» գիտահետազոտական միավորումում որպես ինժեներ, առաջատար մասնագետ, ԼԿԵՄ քարտուղար, 1994-2001թթ.` Երեւանի քաղաքապետարանում` առաջին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ: 1996թ., 1999թ., 2002թ. եւ 2005թ. չորս անգամ անընդմեջ ընտրվել է Երեւանի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ, 2008-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից: Նշենք, որ պատկանում է այն պատգամավորների թվին, որոնք բանակում չեն ծառայել: 2001թ.-ից էլ որեւէ պաշտոնական աշխատանք չի կատարել, որեւէ հիմնարկության աշխատակից չի համարվել, այլ ընդգրկվել է տարբեր ծրագրերում:
Չափազանց համեստ հայտարարագիր է ներկայացրել Ա. Հովհաննիսյանը: «Անշարժ գույք» բաժնում նա նշել է ընդամենը մեկ բնակարան` 48,5 քմ մակերեսով: Իհարկե, դժվար է հավատալ դրան, քանի որ նման «խեղճուկրակ» մարդը չէր կարող լինել ԱԺ պատգամավոր, բայց այդպես է հրամցվում: Նրա տարեկան եկամուտն էլ կազմել է 3 մլն 401 հազար 520 դրամ: Այսինքն՝ աշխատավարձ է ստացել միայն խորհրդարանից: Ու այսքան քիչ վաստակող մարդը նաեւ խնայողություններ է արել ու իր հաշվին կուտակել 5 հազար 250 ԱՄՆ դոլար: Կարելի է ենթադրել, որ գրեթե ծախսեր չի արել, չի կերել, կոմունալ վճարումներ չի արել, միայն հավաքել է իր աշխատավարձը… Ա. Հովհաննիսյանը գլխավորապես զբաղվում է տարածքային կառավարման խնդիրներով, ընդգրկված է տարբեր միջազգային քննարկումներում եւ սեմինարներում, սակայն պարզվում է՝ նրան` Հայաստանի ավագանիների խորհրդի նախագահին, գրեթե չեն ճանաչում ավագանիներն ու տեղական ինքնակառավարման մարմինների շատ ներկայացուցիչներ: Մենք հարցում անցկացրինք մոտ տասը համայնքներում եւ փորձեցինք ճշտել, թե վերջին անգամ ավագանիները երբ են հանդիպել Ա. Հովհաննիսյանին, երբ են քննարկել կարեւորագույն խնդիրներ, երբ են տեղեկացել միջազգային փորձին: Շատերը տարակուսեցին` տեղեկանալով նման կառույցի ու նրա նախագահի մասին, ոմանք էլ ասացին, որ հեռվից հեռու են լսել Ա. Հովհաննիսյանի մասին: Հետեւաբար, այս մարդը գործում է ինքն իր համար, միայն իր համար մեկնում արտասահմանյան երկրներ, մասնակցում միջազգային խորհրդաժողովների: Գուցե այնքան շատ է մեկնում, որ ժամանակ չունի՞ իր կուտակած գիտելիքները մյուսներին մատուցելու համար:
Եթե Ա. Հովհաննիսյանն ավագանիների հետ հանդիպելու ժամանակ չունի, փոխարենն ունի ժամանակ` ասուլիսներ հրավիրելու եւ փառաբանելու ՏԻՄ ընտրությունները: Այսպես, 2012թ. ՏԻՄ ընտրություններից հետո, աչք փակելով ակնհայտ ապօրինությունների վրա, Հովհաննիսյանն ասել է, որ ընտրություններն անցել են նորմալ, առանց մեծ խնդիրների, գրանցված ու հրապարակված արդյունքներն էլ փաստում են ՀՀԿ-ի հերթական հաջողությունը, քանի որ 80 եւ ավելի տոկոսով համայնքի ղեկավարներ են ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչները: Ա. Հովհաննիսյանին չի հետաքրքրել այն փաստը, որ համայնքներից շատերում գործի են դրվել ընտրակաշառքը, վարչական լծակները… Կարեւորն այն է, որ իր կուսակցությունը հաղթել է: «Պյուռոսյան հաղթանակը» պիտի մտահոգեր նրան, բայց եթե մտահոգեր, նա այլեւս պատգամավոր չէր ընտրվի եւ պետբյուջեի հաշվին արտասահմանյան ուղեւորությունների չէր մեկնի:
Արայիկ Հովհաննիսյանն այն պատգամավորներից է, որը մշտապես աջակցում է եւ փառաբանում իշխանություններին, մասնավորաբար՝ նա բոցաշունչ խոսք ասաց Ընտրական օրենսգրքի մասին, որը բազմիցս է քննադատվել. «Նոր ԸՕ-ով են ձեւավորվել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Եվ ես կարծում եմ, որ մենք պատմության մեջ առաջին անգամ ԱԺ ընտրություններից մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք նոր Ընտրական օրենսգիրքը, ինչը քաղաքական բոլոր ուժերի, ինչպես նաեւ` միջազգային կազմակերպությունների կողմից դրական գնահատվեց: Կարծում եմ` անընդհատ անդրադառնալ ԸՕ-ի այս կամ այն դրույթներին, այնքան էլ իրատեսական չէ: ԱԺ-ում բազմաթիվ քննարկումներ եւ լսումներ են եղել ԸՕ-ի շուրջ, որին մասնակցել են ոչ միայն արտախորհրդարանական եւ խորհրդարանական քաղաքական ուժերը, այլեւ հասարակական կազմակերպությունները»: Նման գնահատականներ հնչեցնող մարդը, բնականաբար, չի կարող իրատես լինել եւ չի կարող «նկատել», որ միտումնաբար բացթողումներ են եղել, որպեսզի լինեն նաեւ շրջանցումներ: Իհարկե, այդ առթիվ էլ է նա իր բացատրությունը տվել, հատկապես խոսել այն մասին, որ անհնար է վերացնել տարընթերցումները. «Դա իսկապես անհնարին է, քանի որ այնպիսի իրողություններ, դեպքեր են ի հայտ գալիս, որ հնարավոր չէ նախապես կանխատեսել: Բայց կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս տարբեր իրավիճակների համար լուծում գտնել»:
Երբ նայում ենք ԱԺ-ում Արայիկ Հովհաննիսյանի քվեարկություններին, ապա տեսնում ենք, որ նա մշտապես քվեարկում է այն օրինագծերի օգտին, որոնք ներկայացվում են իշխանության կողմից: Որեւէ հակադիր կեցվածք  նրա կողմից չկա… Ուրեմն մեծամասնության հնազանդ ներկայացուցիչ է:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս