ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ «ԱԼԳԱ» Իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն՝ Սուսաննա Սարգսյանը իր վստահորդների պահանջով դիմել է ՀՀ Նախագահին, Գլխավոր Դատախազին, ԱԱԾ տնօրենին,Վարչապետին, Արդարադատության Նախարարին, ԱԺ Խմբակցությունների ղեկավարներին:
Դիմումներում գրված է. «Այն որ Ադրբեջանը դե ֆակտո հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի սեփականատեր, դա հաստատված փաստ է և չի հերքվում հենց նույն բանկի կողմից և հրապարակված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում: Սույն հանգամանքը իրական սպառնալիք է ստեղծում ՀՀ անվտանգությանը և լրջագույն իրավական խնդիրներ է առաջացնում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների և հաճախորդների համար»:
Թե ինչպես է այս մտահոգությանը պատասխանում Բանկը, ներկայացնում ենք ստորև:
«Հայկական ԶԼՄ-ներում բազմիցս հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունը («ՎՏԲ Բանկ» ՀԲԸ բաժնետոմսերի 3%-ը պատկանում է Ադրբեջանական նավթային ֆոնդին) տիրապետում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների մասին անձնական տեղեկատվությանը: «ՎՏԲ-Հայաստան Բանկը» պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տեղեկատվությունը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը և մոլորեցնում է հանրությանը: Հաշվետվությունները, որոնք ՎՏԲ բանկը ներկայացնում է բաժնետերերին և Վերահսկիչ խորհրդին չեն պարունակում հաճախորդների մասին (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական) անձնական տվյալներ: Նմանատիպ տեղեկությունները խստորեն պահպանվում են՝ համաձայն բանկային գաղտնիքի մասին օրենսդրության պահանջներին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանւոմ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ն, որի քվեարկող բաժնետոմսերի 60,9348% պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: ՎՏԲ-ի բաժնետեր են հանդիսանում նաև մասնավոր եւ ինստիտուցիոնալ ներդրողներ ողջ աշխարհից, այդ թվում` Եվրոպայից, Միացյալ Նահանգներից և Հայաստանից: Բանկը մշտապես աշխատում է քաղաքականությունից դուրս և որոշումներ ընդունելիս ղեկավարվում է բացառապես տնտեսական նպատակահարմարությունից ելնելով:
Ստեփանակերտ քաղաքում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տվյալ մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է դեռևս 2008 թ.-ին: Ադրբեջանի նավթային ֆոնդը ՎՏԲ Բանկ ՀԲԸ-ի բաժնետեր է դարձել 2013 թ.-ին: Հետևաբար, այդ երկու իրադարձությունները միմյանց միջև չեն կարող ունենալ ոչ մի կապ: Մասնաճյուղի փակման մասին որոշումը ընդունվել է «Արցախ» մասնաճյուղի ոչ շահութաբեր լինելու պատճառով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի բացման կամ փակման մասին որոշումները կայացվում են՝ ելնելով բացառապես տնտեսական նպատակահարմարությունից, այլ ոչ թե քաղաքական դրդապատճառներից»: