Նոր կոալիցիայի կազմավորման լուրերը չնայած հաստատվեցին, սակայն կողմերը դեռ չեն շտապում դրա ստորագրման եւ կոնկրետ ձեւաչափի մասին հայտարարել: Ավելին՝ հանրապետականների անորոշ խոսքերը վկայում են, որ կոալիցիայի կազմավորման հետ կապված խոչընդոտները դեռեւս լիարժեք հաղթահարված չեն:
Առաջին հայացքից թվում է ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կոալիցիայի, նույն է թե՝ քաղաքական «ամուսնության» ձգձգման միակ պատճառն այն է, որ կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ պորտֆելների շուրջ: Սակայն, եթե խոչընդոտները պայմանավորված լինեին միայն պորտֆելներով, ապա կողմերը շատ արագ այն կհանգուցալուծեին: Այս կոալիցիան նախորդներից տարբերվում է նրանով, որ այն ոչ թե ընտրություններից հետո, այլ առաջ է ձեւավորվելու: Իհարկե, տեսականորեն կողմերը կարող էին ժամանակավոր կոալիցիա ձեւավորել, ասենք մինչեւ 2017-ի սկիզբը՝ պայմանավորվելով, որ եկող տարվա ԱԺ ընտրություններից առաջ կոալիցիան լուծարվելու է: Այդ դեպքում կոալիցիայի անդամները խորհրդարանական ընտրություններին պետք է առանձին-առանձին մասնակցեն: Սակայն այդ դեպքում ներկա քաղաքական «ամուսնությունը» մեղմ ասած, իմաստազրկվում է: Այսինքն՝ կոալիցիայի շուրջ բանակցություններում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն ստիպված են «այս գլխից» բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ: Ստացվում է, որ Դաշնակցությունը ՀՀԿ-ից ցանկանում է հավաստիացումներ ոչ միայն ներկայի, այլ նաեւ ապագայի վերաբերյալ: Սակայն մյուս կողմից ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը չի շտապում ՀՀԿ-ի ապագայի վերաբերյալ իր խաղաքարտերը բացել: Մասնավորապես, նա չի հստակեցնում, թե ում է ինքը տեսնում անցումային վարչապետի պաշտոնում, այսինքն՝ 2017-ի ԱԺ ընտրություններից հետո, մինչեւ 2018-ի ապրիլը: Մյուս կողմից, եթե կոալիցիայի մեջ մտնող ուժերը ԱԺ ընտրություններին մասնակցելու են միասնաբար, ապա ինչ սկզբունքով է կազմվելու նրանց համատեղ համամասնական ցուցակը: Ակնհայտ է մեկ բան՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իշխանությունն ինչ-որ մեկի փոխանցել, նա ցանկանում է մնալ իշխանության ղեկին նաեւ 2017-ի ԱԺ ընտրություններից հետո: Այդ իսկ պատճառով անձամբ է ՀՅԴ-ի հետ բանակցությունները վարում: Իսկ ՀՀԿ-ի վերնախավը տեղեկանում է միայն պատրաստի արդյունքների մասին:
Այս տեսանկյունից միակ «բացառությունը» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Իշխանական շրջանակներից ստացվող լուրերի համաձայն՝ նա նույնպես կոալիցիոն բանակցություններում հանդես է գալիս որպես առանձին կողմ, բայց ոչ թե իր պաշտոնի կամ ՀՀԿ-ում ունեցած դիրքի բերումով, այլ որպես ԲՀԿ-ի «սեփականատեր»: Այլ կերպ ասած՝ կոալիցիայում ԲՀԿ-ի ներկայացվածության ձեւի մասին բոլոր հարցերով որոշումները կայացնում է Հովիկ Աբրահամյանը: Եթե անգամ նա ԲՀԿ-ում որեւէ մեկին ինչ-որ բանի մասին տեղեկացնում էլ է, ապա այդ շրջանակը սահմանափակվում է միայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանով եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանով: Սակայն նրանք իրենց հերթին ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկին ոչինչ չեն հայտնում: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ կոալիցիայի վերաբերյալ հարցերին ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկը չի կարողանում ինչ-որ բան ասել: Մյուս կողմից էլ ԲՀԿ ներսում, ինչպես միշտ, խնդիր է. կան կոալիցիայի կողմնակիցներ եւ դեմ հատված: Դրա համար էլ այսօր որեւէ մեկը հստակ չի կարող ասել՝ իրենց կուսակցության մասնակցությամբ կոալիցիա է ձեւավորվելո՞ւ, թե ոչ: Միայն հայտնի է, որ այս պահին ԲՀԿ-ին դեռ ՀՀԿ-ում որեւէ կոնկրետ առաջարկ չի արվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ենթադրվում է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ անորոշ մնացած բոլոր հարցերի շուրջ հստակություն կլինի եւ կհայտարարվի կոալիցիոն հուշագրի կամ համագործակցության այլ ձեւաչափի մասին:
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն նախարարական պորտֆելներից ցանկանում է ստանալ ՀՀ տարածքային կառավարման, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների պաշտոնները: Մասնավորապես, ենթադրվում է, որ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին բաժանվելու է երկու առանձին նախարարությունների: ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը կշարունակի պաշտոնավարել որպես արտակարգ իրավիճակների նախարար, իսկ տարածքային կառավարման նախարարությունը կտրվի ՀՅԴ-ին, եւ վերջինիս կողմից այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը:
Այսպիսով՝ երկու նախարարի պորտֆել, երկու մարզպետի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները կանցնեն Դաշնակցության տիրապետության տակ: Մասնավորապես, ըստ լուրերի՝ ԱԱԽ պաշտոնում նշանակվելու է ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ նրանք Սերժ Սարգսյանի կողմից կոալիցիա կազմելու առաջարկ ստացել են, սակայն իր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության հարց դրված չէ: «Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվեց՝ արդյոք առաջիկայում ԲՀԿ-ին եւս կոալիցիա կազմելու առաջարկ կարվի: Մեր հարցին ի պատասխան՝ Հակոբյանն ասաց. «Այս պահին այդ առնչությամբ որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Նման հարցեր եթե լինում են, մենք ժամանակին տեղեկացնում ենք»:
ԼԱՎ ԷՐ՝ ՉԷԻՆ ԳՆԱՑԵԼ
Անցած շաբաթ Ստրասբուրգում կայացավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ընդունվել էր հայտարարություն, որը փաստացի ԵԽԽՎ-ին հորդորում է զերծ մնալ հակահայկական զեկույցներն ընդունելուց: Այդ նիստին մասնակցել են ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ոչ բոլոր անդամները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ստրասբուրգ չեն մեկնել ՀՀԿ խմբակցության անդամներ Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը եւ Տաճատ Վարդապետյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատվիրակության միայն մի մասին Ստրասբուրգ գործուղելը պատճառաբանվել է միջոցների սղությամբ: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ճիշտ է, արդյոք, որ գումար չլինելու պատճառով պատվիրակությունը ողջ կազմով չի մեկնել Ստրասբուրգ: Ի պատասխան՝ Բաբայանն ասաց. «Արտաքին քաղաքականութան հարցերում բոլոր գործուղումների ծախսերը 2015-ի վերջում ոնց եղել է, այնպես հաստատվել է, էդպիսի խնդիր չկա»:
«ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ» ԳՈՐԾՈՎ
Երեկ, այսպես կոչված, հանցավոր խմբի գործով կալանավորված անձանցից միանգամից հինգ հոգի ազատ արձակվեցին: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշի տներից մեկում ԱԱԾ-ն ձերբակալել էր տասը հոգու: Տանը հայտնաբերվել էր զենք-զինամթերքի մեծ պաշար: Այս գործի շրջանակներում հետագայում բազմաթիվ մարդիկ կալանավորվեցին, այդ թվում նախկին պաշտոնյաներ եւ ազատամարտիկներ: Նշենք, որ այս գործով կալանավորվածների թիվը հասնում է մոտ վաթսունի:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այլ մարդիկ էլ ազատ կարձակվեն: Մասնավորապես, ըստ լուրերի՝ ամենայն հավանականությամբ ազատ արձակվողների մեջ կլինի Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչ Ավետիս Բարեյանը, քանի որ նրա կալանքի ժամկետը եւս լրանում է, բայց ԱԱԾ քննիչները երկարաձգման համար չեն դիմել դատարան: «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից տեղեկացավ նաեւ, որ ԱԱԾ-ում այս գործի շրջանակներում պատրաստվում են առաջիկայում առերեսումներ անցկացնել: Ենթադրվում է, որ դրանից հետո գործի հետ կապված մի շարք հանգամանքներ կպարզվեն:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ
ՀՀ-ի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ, որտեղ կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հիշեցնենք՝ աշխատանքային այցով երեկ Ստրասբուրգ է մեկնել նաեւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
Սեդա Ազնավուրը, ով իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ նակամով դիմել է Սերժ Սարգսյանին դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրանքով, երեկ գրել է, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է` իր ասելիքը փոխանցելով Վիգեն Սարգսյանի միջոցով: Սարգսյանը նշել է հետեւյալը. «Սիրով նկատի կառնեմ Ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ կարողանա ուժ գտնել եւ մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը, եւ ներման գործընթացը հնարավոր լինի արագ իրականացնել»: Ոգեւորված Սարգսյանի պատասխանով՝ Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հույսն իմ համոզմունքն է: Հույս»:
ԹԱՓՈՒՐ ՏԵՂ
Արդարադատության խորհրդի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածով, դիմում է ներկայացրել արդարադատության խորհրդին` դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին` նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին»:
20-ԻՑ ՄԵԿԸ
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ: Նա Վեհաժողովի կողմից երեկ ընտրված 20 փոխնախագահներից մեկն է: 20 փոխնախագահների շարքում են Հոլանդիայի, Գերմանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հունգարիայի ներկայացուցիչներ: