ՃԳՆԱԺԱՄԸ ՇՐՋԱՆՑԵՑ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը նմանվել է ծուռ հայելիների թագավորության, որտեղ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկած: Օրինակ՝ եվրոպական երկրներում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի անկումն իր հերթին հանգեցրեց իշխանափոխության ու արտահերթ ընտրությունների անցկացման: Հայաստանում, սակայն, ոչ միայն իշխանափոխություն տեղի չունեցավ, այլեւ ընդհակառակը` իշխանական կուսակցությունը` ՀՀԿ-ն, ավելի ու ավելի ամրապնդեց իր դիրքերը` քաղաքական մենաշնորհ հաստատելով իշխանության մեջ:
Այսպես, օրինակ, եթե 2007թ. ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններում ստացել էր 33.9 տոկոս, ապա  2012թ.` 44 տոկոս քվե, իսկ Սերժ Սարգսյանն էլ նախագահական ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, ստացավ 58 տոկոս քվե: Ու սա այն դեպքում, երբ ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսությունում 15 տոկոսանոց անկում էր գրանցվել, բյուջեի եկամուտները նվազել էին 7.8 տոկոսով, բացի այդ, Հայաստանում կտրուկ սրվել էր նաեւ սոցիալական վիճակը, ու գրեթե կրկնապատկվել աղքատների թիվը, տեղի էր ունեցել մեծ գնաճ եւ այլն, եւ այլն:

ՄԵԿԻՆ ՀԱԶԱՐ ՁԻ ԵՎ ՋՈՐԻ,
ՄԵԿԻՆ ՈՉ ՈՒԼ ՄԻ, ՈՉ ՄԱՔԻ

ԱՎԾ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2008թ. ՀՀ-ում աղքատության մակարդակը եղել է 17.3 տոկոս, 2009թ.` 34.1 տոկոս, 2010թ.` 35.8 տոկոս, իսկ 2011թ.` 35 տոկոս: Այսինքն` անգամ պաշտոնական տվյալների համաձայն՝ բնակչության կենսամակարդակը կտրուկ նվազել է (ի դեպ, ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլեւ անգամ զարգացած երկրների բնակչության կենսամակարդակի վրա): Բայց արի ու տես, որ Հայաստանում նվազել է միայն հասարակ բնակչության կենսամակարդակը, որովհետեւ ՀՀ իշխանությունների ունեցվածքը, անգամ պաշտոնական տվյալներով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին, ընդհակառակը, ավելացել է:
Դատե՛ք ինքներդ. 2008թ. հետո Սերժ Սարգսյանի ունեցվածքը զուտ դրամական առումով աճել է 50 մլն 400 հազար դրամով: Եթե 2008թ. նախագահական ընտրություններից առաջ նա հայտարարագրել էր 50 մլն դրամ, ապա 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ նրա դրամական միջոցները կազմել են 108 միլիոն 400 հազար դրամ: Ու սա այն դեպքում, երբ նա տարեկան ստացել է 6 միլիոն 494 հազար 817 դրամ աշխատավարձ եւ աշխատավարձին հավասարեցված վճարում: Բացի այդ, «Արարատ բանկ»-ում տրված փոխառության դիմաց նա ստացել է տոկոսներ` 10 միլիոն 925 հազար 535 դրամի չափով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն, բանկում ունեցել է 55 մլն դրամ եւ 1 մլն 830 հազար դոլար: Իսկ ահա 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրի համաձայն` Աբրահամյանի բանկային հաշիվներին եղել է 290 մլն դրամ եւ 2 մլն 50 հազար դոլար: Այսինքն` միայն դրամական միջոցները ավելացել են 235 մլն-ով, իսկ դոլարային միջոցները` 220 հազարով: Մեկ տարվա ընթացքում Հ.Աբրահամյանը ունեցել է 43 միլիոն 484 հազար 900 դրամ եկամուտ, որից 40 միլիոն դրամը ստացել է գյուղմթերքի իրացումից:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին շեշտակի աճել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի եկամուտները: 2008թ. նա անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, ապա հինգ տարի անց` 2012թ., նրա բանկային հաշվին եղել է 35 միլիոն դրամ եւ 870 հազար դոլար: Այսինքն` նրա դրամային եկամուտները աճել են 2 անգամ, իսկ դոլարային եկամուտները` 39 անգամ: Խոստովանենք` բավական տպավորիչ է հնչում: Ու սա այն դեպքում, երբ նրա տարեկան եկամուտը կազմել է 3 մլն 340 հազար դրամ:
Պակաս տպավորիչ չէ նաեւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը. ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը եւս ճգնաժամի տարիներին շեշտակի աճել է: 2009թ. նա հայտարարագրել է 53 մլն 833 հազար 900 դրամ, իսկ ահա 2011թ. նրա ունեցվածքը կազմել է 278 մլն դրամ եւ 2 մլն 980 հազար դոլար: Եվ սա այն դեպքում, երբ նրա տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 463 հազար դրամ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը եւս աճել է  2007թ. ԱԺ ընտրություններից առաջ Տ. Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ եւ 50 հազար դոլար: Իսկ 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Մարգարյանն ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո:
Այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Սակայն այսքանն էլ բավարար է եզրակացնելու համար` Հայաստանի իշխանությունների ունեցվածքը սրընթաց կերպով կրկնապատկվել ու եռապատկվել է հենց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին, երբ մյուս կողմից Հայաստանում տիրում էր ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, ու ավելանում էր աղքատների թիվը: Հավանաբար, երբ ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, նկատի ուներ հենց ՀՀ իշխանություններին, որովհետեւ ճգնաժամը շրջանցեց ոչ թե Հայաստանը, այլ ՀՀ իշխանություններին, այն էլ հազարավոր կիլոմետրի հեռավորությամբ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս