Այնպես են անում, որ իրենց ծրագրերի մասին միայն իրենք իմանան. Նկարիչների միությանը ձեռնտու չէ՞ կայք ունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դուք օրերից մի օր փորձեք ծանոթանալ Հայաստանի նկարիչների միության առաջիկա ծրագրերին, այնտեղ կազմակերպվող ցուցահանդեսներին, կամ, ի վերջո, միության անդամների ցանկին, ինչպես ասում են` «ինֆորմացիայի այս լուսավոր դարում» ստիպված կլինեք հասնել միություն եւ տեղում պարզել ձեզ հուզող հարցերի պատասխանը: Նկարիչների միությունը, փաստացի, կայք չունի եւ առաջիկա ցուցահանդեսի մասին դուք կարող եք իմանալ, օրինակ, միության պատերին փակցված հայտարարությունների միջոցով: Մենք զանգահարեցինք միություն եւ տեղեկացանք, որ իրենք արդեն երկար տարիներ է` կայք չունեն, թեեւ նախկինում ունեցել են: Իսկ պարզաբանումն առավել հետաքրքիր էր. կայքը չեն կարողացել պահել, քանի որ ֆինանսական աջակցություն չեն ստացել: Փոխարենը մեզ առաջարկեցին օգտվել միության ֆեյսբուքյան էջից:

Այս կցկտուր բացատրություններից հետո մեզ համար հանելուկ է մնում` արդյո՞ք մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ` միության կայքը գործարկելու համար: Միության նախագահ Կարեն Աղամյանի հետ թեմայի շուրջ զրուցել չհաջողվեց. նա քաղաքում չէր: Փոխարենը մեր հարցերին պատասխանեց նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյանը. «Կայք արդեն ունենք, շուտով պետք է կազմավորվի, ուղղակի նոր պետք է գործի, ես դրանով չեմ զբաղվում, զանգեք նկարիչների միություն»,-ասաց նա:

Նրա խոսքից դժվար էր կռահել` կայքը, ի վերջո, նո՞ր պետք է կազմավորվի, թե՞ իրենք կայք արդեն ունեն…

Ամեն դեպքում, որոշեցինք ընդունել միությունից ստացած առաջարկը եւ ծանոթանալ իրենց ֆեյսբուքյան էջին: Պարզվեց` միության Էջին կարելի է տեսնել զանազան գովազդներ, ամենատարբեր մարդկանց լուսանկարներ եւ սելֆիներ` արված կառույցի ներսում: Դրանք միությունը չի տարածել, այլ այդ մարդիկ են լուսանկարները տեղադրել էջին: Երկար պրպտումներից հետո մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել մի նյութ, որով կիսվել էր միությունը: Իսկ Ֆեյսբուքում միության, դրա գործունեության մասին տեղեկություն փնտրելը պարապ գործ է: Մենք այդ մասին կարող ենք կռահել միայն վերոնշյալ լուսանկարների միջոցով:

Նույն միության անդամ, գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միությանը պարզապես ձեռնտու չէ կայք ունենալը: «Իրենց պետք չէ, որ նկարիչները առաջիկա ցուցադրությունների մասին իրազեկվեն, ի՞նչ ֆինանսական աջակցության պակասի մասին է խոսքը, սովորական կայք ունենալու համար, ուրեմն, հսկայական գումարներ են պե՞տք: Ուղղակի այնպես են անում, որ իրենց ծրագրերի մասին միայն իրենք իմանան, մի 10 հոգով ցուցահանդես անեն, ավարտեն, չեն ուզում ուրիշները անուն հանեն: Ես իրենց էլ եմ ասել` քարե դա՞րն է հիմա… Բացում ես Ռուսաստանի, Ուզբեկստանի նկարիչների միության կայքերրը, քեզ անմիջապես հրամցվում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Իսկ մեզ մոտ, օրինակ, կասե՞ք` վանաձորցի նկարիչն ինչպե՞ս պետք է իմանա, ասենք, առաջիկա ցուցահանդեսի մասին… »,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց պարոն Հարությունյանը:

Նա նույնիսկ պատմեց, որ որոշ ժամանակ առաջ հայ նկարիչների աշնանային ցուցահանդես պետք է կազմակերպվեր, սկզբում հայտարարել են օրը, մարզից մի նկարիչ եկել-հասել է մայրաքաղաք, որ իր աշխատանքը ներկայացնի, պարզել է, որ ոչ մի ցուցահանդես էլ չի լինելու: Իսկ փոփոխված պայմանների մասին նա կարդացել է պատի հայտարարությունից:

«Վերջերս ՀՀ նախագահը պետական մրցանակներ շնորհեց մշակույթի, արվեստի եւ գիտության ոլորտում լուրջ ներդրումներ կատարած եւ նոր ստեղծագործություններով աչքի ընկած մարդկանց: Ուրեմն ողջ երկրում մի նկարիչ էլ չկա՞ր, որին կարելի էր ՀՀ պետական մրցանակ շնորհել… Որովհետեւ ոչ մեկին չեն ներկայացնում, ոչ ոք այդ մարդկանց մասին չգիտի, եթե վերջիններս իրենց «հրոսակախմբի» անդամ չեն»,-եզրափակեց Խ. Հարությունյանը:

«Ժողովուրդ»-ը կսպասի միության «նոր կազմավորվող» կայքի գործարկմանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս