Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ անցած տարվա ընթացքում միայն բանկային համակարգով եկած տրանսֆերտների նվազման հաշվին Հայաստան մուտք եղած գումարները նվազել են ավելի քան կես միլիարդ դոլարով:
Այս իրողությունն ի հայտ է գալիս, երբ ծանոթանում ենք ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տվյալների հետ: Ըստ այդմ, անցած տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցված ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 79 միլիոն 399 հազար դոլար: Զուտ ներհոսքը արտերկրից Հայաստան փոխանցված եւ հակառակը՝ Հայաստանից արտասահման փոխանցված ոչ առեւտրային նպատակներով գումարների տարբերությունն է: Նկատենք, որ նախորդ՝ 2014 թվականի դեկտեմբերին ոչ առեւտրային զուտ ներհոսքը կազմել էր 95 մլն 56 հազար դոլար: Ի դեպ, ինչպես հայտնի է՝ 2014 թվականի հոկտեմբերից սկսած տրանսֆերտներն արդեն սկսել էին նվազել:
Մասնավորապես, 2013-ի դեկտեմբերին տրանսֆերտների ոչ առեւտրային զուտ ներհոսքը կազմել է 153 մլն 335 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա դեկտեմբերի տրանսֆերտները, եթե 2013-ի հետ ենք համեմատում, ապա անկումը կազմում է շուրջ հիսուն տոկոս:
Տրանսֆերտների նվազման պատկերն առավել պատկերավոր տեսանելի է դառնում, երբ երկու տարիների՝ 2015 եւ 2014 թվականների տվյալները իրար կողքի ենք դնում: Բերված ցուցակում նշված են ամսական ոչ առեւտրային զուտ ներհոսքները վերջին երկու տարիներին:
2015 2014
հուն. 36 մլն 821 հազ.$, 78 մլն 614 հազ.$
փետ. 41 մլն 269 հազ.$, 76 մլն 457 հազ.$
մարտ 51 մլն 746 հազ.$, 94 մլն 457 հազ.$
ապր. 69 մլն 109 հազ.$, 102 մլն 966 հազ.$
մայ. 84 մլն 284 հազ.$, 118 մլն 684 հազ.$
հուն. 103 մլն 816 հազ.,$ 135 մլն 208 հազ.$
հուլ. 110 մլն 593 հազ., $ 164 մլն 555 հազ.$
օգոս 87 մլն 222 հազ., $ 156 մլն 15 հազ.$
սեպ. 78 մլն 703 հազ. , $ 143 մլն 334 հազ.$
հոկ. 80 մլն 12 հազ.$, 133 մլն 479 հազ.$
նոյ. 68 մլն 415 հազ.$ , 90 մլն 166 հազ.$
դեկ. 79 մլն 399 հազ.$ , 95 մլն 56 հազ.$
ԸՆԴ 891 մլն 390 հազ.$ 1 մլրդ 388 մլն 990 հազ.$
Այսպիսով, տրանսֆերտների ոչ առեւտրային զուտ ներհոսքի տարեկան անկումը կազմել է 497 մլն 600 հազար դոլար: Սակայն 2013 թվականի համեմատ անկումը առավել քան մեծ է: Բանն այն է, որ 2013-ին Հայաստան եկած ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 1 միլիարդ 545 մլն 578 հազար դոլար:
Այսինքն՝ 2015-ի տվյալները, 2013-ի հետ համեմատած, անկումն արդեն կազմում է 654 մլն 179 հազար դոլար: Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցինք, վերը բերված տվյալները ստացվում են՝ արտացոլում են բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով եկած գումարների հիման վրա: Բայց ինչպես հայտնի է՝ հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների մի զգալի մասը Հայաստանում ապրող իրենց հարազատներին գումար է ուղարկում նաեւ առձեռն: «Տրանսֆերտների» այս տեսակը, բնականաբար, պաշտոնապես չի հաշվառվում, բայց ընդունված է համարել, որ այն կազմում է գրեթե այնքան, որքան բանկերով փոխանցվածն է, ինչպես նաեւ նույն դինամիկային է ենթարկվում:
Այսինքն՝ եթե բանկով եկող տրանսֆերտները նվազում են, ապա կասկածից վեր է, որ առձեռն բերվող գումարները եւս պակասում են: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ անցած տարվա արդյունքներով առեւտրի ծավալները նախորդ՝ 2014 թվականի համեմատ նվազել են շուրջ 1 միլիարդ դոլարի չափով: Փաստորեն գրեթե այդքան են կազմում բանկերով եկող տրանսֆերտների, առձեռն Հայաստան բերվող գումարների եւ արտահանման նվազման ընդհանուր հանրագումարը:
Հարկ է նշել, որ եթե Հայաստանի տնտեսությունը նորմալ պայմաններում լիներ, շուկայում ազատ մրցակցություն լիներ, ապա տրանսֆերտների եւ դրսից եկող գումարների անկումն այդքան մեծ ազդեցություն չէր ունենա: Բայց փաստն այն է, որ Հայաստանի տնտեսությունը նման է արհեստական շնչառությամբ պահվող օրգանիզմի, եւ բավական է՝ մի փոքր թթվածինը պակասի, «հիվանդն» սկսի վատանալ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ