ԿԼԻՆԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին՝ երեկոյան, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, դաշնակցականների հետ հանդիպել ու քննարկել է հնարավոր կոալիցիայի ձեւավորման պայմանները: Ըստ նույն տեղեկությունների՝ Դաշնակցության պատվիրակությունը գլխավորել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանից բացի՝ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկություններով՝ դաշնակցականներն առաջարկել են, որ նոր կազմավորվելիք կոալիցիան որպես այդպիսին չկոչվի, այլ այն ձեւակերպվի որպես քաղաքական ուժերի համագործակցություն, մինչեւ 2017 թվականի ԱԺ ընտրությունները՝ առանց «ճոխությունների»: Քննարկվել է նաեւ նախարարական ու մարզպետների պորտֆելների հարցը: Սերժ Սարգսյանը, սակայն, ՀՅԴ-ի կողմից առաջ քաշված պայմանների առնչությամբ ոչ մի կոնկրետ պատասխան չի տվել եւ ասել է, որ ՀՀԿ-ի վերջնական կարծիքը պարզ կլինի ՀՀԿ-ի ԳՄ նիստից հետո, որ տեղի ունեցավ երեկ: Սակայն ՀՀԿ-ականները կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ եւ դեռ չեն շտապում հայտարարել, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացվել: Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հնարավոր է՝ մյուս շաբաթ ինչ-որ բան ասվի այս թեմայով:

 

 

 

Դեռեւս անցած տարվա նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգել էր այսուհետ նիստերից հետո կառավարության շենքի հիմնական մուտքից դուրս գալ, այլ ոչ թե հետնամուտքից: Նա նաեւ հորդորել էր չխուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել էր այլեւս դասը չսովորած աշակերտի պես «չծլկել»: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարության անդամների զգալի մասը այդպես էլ չկատարեց վարչապետի հրահանգը: Այս դեպքում խնդիրն այն չէ, որ որոշ նախարարներ ողջ տարին լրագրողներից «փախած» են, այլ այն հանգամանքը, որ տեղի ունեցածը հստակ արտացոլում է վարչապետի խոսքի արժեքը նախարարների շրջանում: Եթե այս հարցում, վարչապետի խոսքը արժեք չունի, ապա ինչպես կարելի է ակնկալել, որ լուրջ խնդիրների դեպքում այդ գնահատականը կարող է փոխվել: «Ժողովուրդ»-ն այս թեմայով հարցախույզ է կատարել մի շարք նախարարների շրջանում:

 

 

 
Պարզվում է՝ անցած տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու եւ երկու կնոջ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համաձայն մեղադրանքի՝ հայր ու որդի հավաքագրվել են Թուրքիայում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից եւ պարտավորվել գումարի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հաղորդել: Գործով անցնող կանայք Կապանի բնակիչներ են, որոնցից հիմնական դերակատարը մեկն է եղել, իսկ մյուսը նրա հորաքրոջ աղջիկն է, որն ազգականի պետական դավաճանության մասին իմացել է, բայց իրավապահներին չի հայտնել այդ մասին: Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցներին ԼՂՀ կոնկրետ երկու տարածքների՝ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերի վերաբերյալ տվյալներ են հետաքրքրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քր.գործը անցած տարվա դեկտեմբերի 29-ին ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան:

 

 

 
Անցած 2015 թվականին ֆիզիկական անձանց անունով Հայաստան եկած տրանսֆերտների ցուցանիշը 2007 թվականից ի վեր ամենացածրն է եղել: Բանն այն է, որ 2007 թվականին ոչ առեւտրայի տրանսֆերտների զուտ ներհոսքը (եկած գնացած գումարների դրական տարբերությունը) կազմել է 1 միլիարդ 58 մլն 310 հազար դոլար: Իսկ 2015-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել 891 մլն 390 հազար դոլար: Տեղեկացնենք, որ 2007-ից սկսած տրանսֆերտները շարունակաբար աճել են: Իհարկե, 2009-ին միջազգային ճգնաժամով պայմանավորված, տրանսֆերտները կրկին նվազել եւ կազմել են 929 մլն 235 հազար դոլար, բայց հաջորդ տարիներին թիվը կրկին շարունակել է աճել: Իսկ այսօր, փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս ավելի վատ վիճակում է հայտնվել, քան 2008-ի վերջից սկսված միջազգային տնտեսական ճգնաժամի ժամանակ: Ու եթե այդ ժամանակ հույս կար, որ միջազգային տնտեսական ճգնաժամից հետո իրավիճակը կշտկվի, սակայն այսօրվա վիճակը մոտ ապագայում դժվար թե շտկվի:

 

 

 
ԱՆՓՈՓՈԽ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտնել է, որ նոր ընտրական օրենսգիրքը, ըստ ամենայնի, երկու շաբաթից կներկայացվի Ազգային ժողով:
Ի տարբերություն նոր Սահմանադրության նախագծի, որի վրա, լավ թե վատ, տեւական ժամանակ աշխատեցին ՀՀ առավել հեղինակավոր համարվող սահմանադրագետները, նոր ընտրական օրենսգիրքը, որն, ի դեպ, ոչ պակաս կարեւորության փաստաթուղթ է, մշակում է Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը մի քանի անհայտ մասնագետների հետ:
Մինչդեռ նկատենք, որ հատկապես նոր Սահմանադրության պարագայում ընտրական օրենսգրքի դերակատարությունն անհամեմատ մեծանում է, քանի որ այս Սահմանադրությամբ բազմաթիվ կարեւոր կարգավորումներ թողնված են ընտրական օրենսգրքին, մի բան, որը չկար նախորդ Սահմանադրությունում: Ինչեւէ, իր իսկ խոստովանությամբ` օրենք գրել եւ ձվածեղ ուտել «մենակով» սիրող Հրայր Թովմասյանը երեկ ասել է, որ այս պահին էլեկտրոնային քարտերով քվեարկությունը քննարկվող տարբերակներից մեկն է, եւ դրան զուգահեռ կիրառվող թղթային տարբերակով պետք է փորձ արվի առավելագույնս պաշտպանված համակարգ ունենալ: Սակայն միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ այս համակարգի ներդրման դեպքում կա խնդիր քվեարկությանը մասնակցության գաղտնիության ապահովման հետ: Ասել է թե` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կամ չմասնակցությունը ֆիքսվելու է եւ հրապարակային է լինելու, ինչը, բնականաբար, բազմաթիվ խնդիրներ կարող է հարուցել հայաստանյան իրականությունում ապրող ՀՀ շարքային ընտրողների համար:
Այնուամենայնիվ, անգամ լավագույն էլեկտրոնային համակարգի ներդրման դեպքում չեն լուծվելու տեղամասից դուրս եղած խնդիրները` ընտրակաշառքի բաժանման, ընտրողների վրա ճնշումների բանեցման եւ այլնի հետ կապված, սակայն այդ ամենն արդեն ընտրական օրենսգրքի կարգավորման տիրույթից դուրս է: Իսկ ինչ վերաբերում է ընտրական գործընթացը էլեկտրոնային համակարգով իրականացնելուն եւ, առհասարակ, վերահսկողության բացառապես էլեկտրոնային եղանակին, ինչը նույնպես քննարկվող տարբերակներից մեկն է, ապա, ինչպես դեռեւս հանրաքվեից առաջ նկատեց հեղինակավոր փորձագետներից մեկը, եթե նախկինում ընտրությունները կեղծելու համար ընտրատեղամասերում տասնյակ, հարյուրավոր մարդիկ պետք է լուրջ ջանքեր գործադրեին` քվեաթերթիկները փոխելու, լցոնումների եւ այլնի համար, եւ այդ ամենի բացահայտման պոտենցիալ վտանգը կար վերահաշվարկների միջոցով, ապա էլեկտրոնային տարբերակի դեպքում բավարար է մեկ-երկու բարձրակարգ «հաքեր»` ցանցում անհրաժեշտ մանիպուլյացիաների եւ ցանկալի թվեր նկարելու համար:
Միով բանիվ, եթե նախկինում թվային նկարչություն էր, հիմա կլինի էլեկտրոնային նկարչություն: Ահա եւ ողջ փոփոխությունը:




Լրահոս