Հայաստանի՝ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտների բաշխվածությունը նախորդ` 2014 թվականի համեմատ ուշագրավ բացասական փոփոխություն է կրել:
Բանն այն է, որ 2014 թվականի եկամուտներից հարկեր եւ տուրքերին բաժին էր հասել տվյալ տարվա եկամուտների 93,6 տոկոսը, իսկ 2015-ին այդ ցուցանիշը դարձել է 93,1 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս 0,5 տոկոսի անկումն այդքան էլ մեծ նշանակություն չի կարող ունենալ, սակայն իրականում այդ «չնչին» տոկոսը գումարային արտահայտությամբ կազմում է շուրջ 70 միլիարդ դրամ: Ստացվում է՝ պետության եկամուտները պակասել են, բայց ծախսերը դրանից փոփոխություն չեն կրել: Ինչը ուղղակի ենթադրում է, որ Հայաստանը 2015-ին ավելի է աղքատացել, քան 2014-ին եղել է:
Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, թե յուրաքանչյուր հարկատեսակով պետբյուջե ստացված եկամուտների տեսակարար կշիռն ինչ փոփոխություն է կրել: Փաստորեն, շուրջ քսան հարկատեսակներից եւ տուրքերից աճ է արձանագրվել միայն մաքսատուրքերի եւ եկամտային հարկի դեպքում: Մնացած բոլոր հարկատեսակների տեսակարար կշիռը պետբյուջեի եկամուտների կազմում զգալի նվազել է: Ասել կուզի, որ 2015-ին այդ հարկատեսակներից եւ տուրքերից սպասվածից ավելի քիչ է հավաքագրվել: Ի դեպ, մաքսատուրքերի աճը պայմանավորված է Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հանգամանքով: Այսինքն՝ այդ գործոնը Հայաստանի տնտեսական վիճակի եւ տնտեսությունում տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված չէ: Պարզապես ԵՏՄ անդամ երկրների մաքսատուրքերը մեկ ընդհանուր հաշվում են հավաքվում, այնուհետեւ այդտեղից Հայաստանին փոխանցվում է ընդհանուր գումարի 1,13 տոկոսը: Իսկ քանի որ այդ 1 տոկոսը Հայաստանում նախկինում հավաքագրված մաքսատուրքից ավել է կազմել, արդյունքում աճ է արձանագրվել: Իսկ ինչ վերաբերում է եկամտային հարկին, ապա այս դեպքում էլ աճը պայմանավորված է կուտակային պարտադիր վճարների ներդրմամբ պայմանավորված պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ, որը տեղի ունեցավ 2014 թվականի վերջին:
Իսկ մնացած բոլոր հարկատեսակները, որոնց աճը կամ նվազումը պայմանավորված է Հայաստանի տնտեսական վիճակով, փաստացի նվազել է: Ասել կուզի՝ Հայաստանի տնտեսությունը 2015-ին 2014-ի համեմատ անկում է ապրել: Այս պատկերին ականատես ենք դառնում՝ ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների: Սակայն կասկած չունենք, որ պաշտոնական վիճակագիրները կփորձեն այդ փաստը համառորեն քողարկելով` Հայաստանի հանրությանը համոզել, թե իբր անցած տարի մեզ մոտ տնտեսական աճ է գրանցվել: Հարկ է նկատել, որ ընթացիկ 2016 թվականի հետ կապված էլ առանձնապես մեծ սպասելիքներ չկան: Նույնիսկ պետական պաշտոնյաներն են ընդունում, որ այս տարին բարդ է լինելու:
Տնտեսության ծանր կացության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ համատարած եւ չդադարող արտագաղթի պայմաններում գործազրկությունը շարունակում է աճել: Այսպես, Հայաստանի գործազուրկների միջին պաշտոնական թիվը կազմում է 250 հազար մարդ: Տարեկան Հայաստանից արտագաղթում է 40-ից 50 հազար մարդ: Վերջիններս գործազուրկներ կամ էլ Հայաստանում աշխատանք ունեցողներ են, որոնք արտերկրում ավելի լավ աշխատանք են փնտրում: Այսինքն՝ արտագաղթի արդյունքում, եթե տնտեսական վիճակը գոնե պահպանվի, ապա ամեն դեպքում գործազուրկների թիվը պետք է նվազի: Սակայն նման երեւույթի մենք ականատես չենք լինում նույնիսկ պաշտոնական տվյալներով: Պաշտոնական վիճակագրությունը 2015-ի ընդհանուր գործազրկության ամփոփ մակարդակը դեռ չի հրապարակել, սակայն արդեն իսկ հայտնի է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2014-ի համեմատ աճել է 18 տոկոսով: Սա ուղղակի փաստում է, որ անցած տարվա ընթացքում աշխատատեղերի թվերը կրճատվել են: Իսկ ինչպես հայտնի է՝ տնտեսական աճի պայմաններում նման բան հնարավոր չէ:
Հատկապես վերջին մեկ-երկու տարիներին նաեւ իշխանության մեջ գտնվող գործիչները պարբերաբար կրկնում են, թե իշխանությունները ինչ կարող են, անում են, եւ իրենք չգիտեն այլեւս ինչ անել՝ տնտեսության վիճակը շտկելու համար, եւ որ առկա կացության մեղավորը աշխարհաքաղաքական իրադարձություններն են: Բայց ողջ խնդիրն այն է, որ առկա աշխարհաքաղաքական իրադարձությունները շարունակվելու են, եւ մոտ ապագայում իրավիճակն այս տեսանկյունից չի փոխվի: Բայց Հայաստանի գործող իշխանությունների փոփոխությունը էապես կարող է նպաստել երկրի տնտեսության զարգացմանը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ