Արմեն Երիցյանը բավարարվում է միայն հրապարակավ հուզիչ ելույթներով, բայց գազալցակայանների շինարարությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս նախորդ տարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարել էր խստացնել գազալցակայաններում անվտանգության ռեժիմների վերահսկողությունը եւ մշտապես հետեւել դրանց: Սակայն նախարար Երիցյանը կարծես թե անհաղորդ է վարչապետի հանձնարարականին, ինչի արդյունքում հանրապետությունում սնկի պես աճում են այն գազալցակայանները, որոնք կառուցվում եւ շահագործվում են հրդեհային անվտանգության նորմերի խախտումներով:

Հիշեցնենք, որ անցած տարվա հունիս եւ հուլիս ամիսներին Երեւանի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 173 ԱԳԼՃԿ-ների համար կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ դրանցից 158-ը ենթարկվել են վարչական տուգանքի՝ 25-150 հազար դրամի չափով (ընդամենը՝ 10 385 000 դրամ):

Սակայն հանրապետությունում բազմաթիվ են այն գազալցակայանները, որոնք դեռ շարունակում են շահագործվել՝ հրդեհային անվտանգության կանոները խախտելով:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը ՀՀ տարբեր մարզերի բնակիչներից ահազանգեր է ստանում: Հերթական ահազանգը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչներից է: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիների պատմելով՝ Աշտարակ քաղաքի կենտրոնական հրապարակից մոտ 400 մետր հեռավորության վրա՝ Երեւանյան փողոցում, նոր գազալցակայան է կառուցվում: Այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ: Գազալցակայանի կառուցումը խիստ զայրացրել է աշտարակցիներին, քանի որ այն կառուցվում է բնակավայրերի, խանութների, սեփական տների մոտ, որտեղ մարդկանց անցուդարձը մեծ է, եւ փոքր պայթյունն էլ կարող է մեծ վնասների հանգեցնել: Ավելի քան 1 տարի է, ինչ աշտարակցիները պայքարում են այս գազալցակայանի կառուցման դեմ, սակայն անարդյունք:

Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին Աշտարակի ավագանու անդամները երկու անգամ բոյկոտել են ավագանու նիստերը՝ քաղաքի կենտրոնական հատվածներից մեկի օտարման հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով: Ավագանու անդամների մեծ մասը դեմ էին քվեարկել 1320 քառակուսի մետր տարածքի օտարմանը՝ կասկածներ ունենալով, որ այստեղ կառուցվելու է խոշոր գազալցակայան, որը վտանգի տակ կդնի հարեւանությամբ գտնվող բնակելի շենքերն ու վերակառուցվող մարզադպրոցը: Փաստորեն, ավագանու անդամները չէին սխալվել:

Նշենք, որ գազի տնտեսություններում անվտանգության կանոնների վերաբերյալ կառավարության՝ 2006 թվականի 2399 որոշման պահանջների համաձայն՝ գազալցակայանը պետք է լինի շենքերից եւ շինություններից առնվազն 80մ հեռավորության վրա: Մինչդեռ տվյալ դեպքում նոր կառուցվող գազալցակայանը բնակելի շենքերից ու կառուցվող մարզադպրոցից ընդամենը մի քանի քայլ է բաժանում: «Գազալցակայանի անմիջապես հարեւանությամբ մարզադպրոց են կառուցում, այդտեղ է գտնվում նաեւ նախկին գաստրոնոմը, խանութներ, բենզալցակայաններ, սեփական տներ… բնակավայր է: Այդ նորակառույց գազալցակայանից 30 մետր հեռավորության վրա սեփական տուն կա, որտեղ մարդիկ են ապրում: Իսկ Աշտարակի քաղաքապետարանից էլ այն հեռու է մոտ 150-200 մետրով»,- ներկայացրեց Աշտարակի բնակիչներից մեկը:

«Ժողովուրդ»-ին դիմած աշտարակցիների պատմելով՝ իրենց քաղաքապետը՝ Արմեն Անտոնյանը, սկզբնական շրջանում դեմ է եղել գազալցակայանի կառուցմանը, սակայն հետո վերջինիս «համոզել են», եւ նա իր թույլտվությունը տվել է: Աշտարակցիները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս գազալցակայանը կառուցողի «տանիքը» ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման պետական վարչության պետ Արման Սահակյանը: Տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Արման Սահակյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Այնուհետեւ զրուցեցինք Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ, ով լսելով հարցը՝ խիստ վրդովվեց եւ հայտարարեց, որ ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս. «Ես տեղյակ եմ, եւ եթե Աշտարակում որեւէ շինարարություն են անում, ապա օրենքներին համապատասխան են անում»,-ասաց նա: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը քաղաքապետին փոխանցեց, որ աշտարակցիները ավելի քան 1 տարի է, ինչ բողոքում են գազալցակայանի կառուցման դեմ, սակայն քաղաքային իշխանությունները անհաղորդ են. «Ե՞րբ են բողոքում բնակիչները: Ինձ չեն բողոքել»,- հավաստիացրեց քաղաքապետը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Աշտարակ քաղաքի կենտրոնական մասում գազալցակայան կառուցողը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի հորեղբոր որդին՝ Անդրանիկ Մանուկյանն է: «Ժողովուրդ»-ը վերջինիս հետ չկարողացավ կապ հաստատել, այդ պատճառով էլ զրուցեցինք ԱԺ պատգամավոր Մ. Մանուկյանի հետ, ով սակայն ասաց. «Ես ընդհանրապես կապ չունեմ իր հետ»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ եթե ինքը կապ չունի գազալցակայանի սեփականատիրոջ հետ, ապա ինչու է համառորեն իր անունը շոշափվում, Մանուկյանը պատասխանեց. «Իմ բարեկամական կապը վաղուց խզված է: Ես ինչ իմանամ՝ ինչու են իմ անունը այդքան շոշափում, գուցե այդպես անում են, որ իրենց համար լավ լինի»:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն՝ պարզելու համար՝ արդյոք Աշտարակի Երեւանյան փողոցում գազալցակայանը սահմանված նորմերով է կառուցվում: Սակայն ՏԿԱԻՆ աշխատակիցը պահանջեց հարցը գրավոր ուղարկել եւ նշել նոր կառուցվող գազալցակայանի ամբողջական հասցեն եւ կառուցող ընկերության անունը:

Մեզ մնում է միայն ավելացնել, որ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը բավարարվում է միայն հրապարակավ հուզիչ ելույթներ ունենալով, սեփական փիառն առաջ տանելով` անտեսելով իր ղեկավարած ոլորտի խնդիրները: Իսկ կոնկրետ գազալցակայաններում անվտանգության նորմերի խախտումների հետեւանքով գրանցվող մարդկային զոհերը նրան, ըստ ամենայնի, չեն հուզում: Հակառակ դեպքում անցյալ տարի գրանցված բազմաթիվ նման դեպքերից եւ վարչապետի խիստ հանձնարարականից հետո Արմեն Երիցյանը չպետք է որ թույլ տար վերը նշված գազալցակայանի կառուցումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս