Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը: Այն կշարունակվի մինչև մարտի 27-ը. հենց այդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն յուրաքանչյուր Մեծ կամ Տաղավար տոնից առաջ պահեցողական շրջան է սահմանված: Այս պահքերից ամենահայտնին, թերևս, «Մեծ» կամ «Քառասնորդական» անվանված պահքն է: Այն «Մեծ» է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տևողություն (49 օր) ունի, այլ նաև այն պատճառով, որ նախորդում է Քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին:

Ողջ Պահքի շրջանում ծիսական բոլոր շքեղությունները վերանում են, ավելի համեստ են դառնում հոգևորականների զգեստները: Արարողությունների ժամանակ դադարեցվում է քշոցների հնչումը (քշոցների ձայնը խորհրդանշում է հրեշտակների երգեցողությունը): Սուրբ Պատարագը մատուցվում է փակ վարագույրի ետևում, իսկ Հաղորդություն և մաս չի բաշխվում:

Մեծ պահքի ողջ ընթացքը բաժանվում է 7 շաբաթների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ծիսական և բովանդակային առանձնահատկությունները: Այդ շաբաթներից յուրաքանչյուրի կիրակին ունի իր անվանումը` համապատասխան Աստվածաշնչի կիրակնօրյա ընթերցածների բովանդակությանը: Կիրակիներին նախորդող շաբաթ օրերին սրբոց տոներ են, որոնց ժամանակ Սուրբ Պատարագ է մատուցվում միայն տվյալ Սուրբի անունը կրող եկեղեցիներում և Սուրբ Հաղորդություն է տրվում:

Հաճախ մարդիկ կարծում են, թե պահքը սոսկ կենդանական սննդից հրաժարումն է, սակայն, իրականում, այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է և զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքի դառնալը:




Լրահոս