ԲՀԿ-ՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԷԼԻ ՍՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որն անցել է բավականին թեժ մթնոլորտում: Քննարկվել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, եւ ներկա ԲՀԿ-ական երկու տասնյակից ավել պատգամավորները համառորեն պնդել են՝ անհրաժեշտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս ՀՀԿ-ին առաջարկի իր հետ իշխանական կոալիցիա ձեւավորել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նիստի ընթացքում միայն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է դեմ արտահայտվել կոալիցիա կազմելուն: Իսկ մյուս ԲՀԿ-ականները պնդել են, որ եթե իշխանության հետ կոալիցիա չձեւավորեն, ապա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում փաստի առջեւ են կանգնելու. մասնավորապես ունենալու են ձայները ապահովելու եւ լուսանցքում չհայտնվելու խնդիր: ԲՀԿ-ականների կարծիքով նրանք այլեւս չեն ընկալվում որպես ընդդիմադիր կուսակցություն, եւ եթե իշխանության հետ չհամագործակցեն, ապա անհասկանալի կարգավիճակում կմնան:
Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մի շարք ԲՀԿ-ականներ որոշել են Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության հարցը բարձրացնել, անգամ պատրաստ են դիմել ԲՀԿ ներկայիս հովանավոր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ԲՀԿ-ի քաղաքական հայր Սերժ Սարգսյանին: Թե ինչով կհանգուցալուծվի ԲՀԿ-ի ներսում ընթացող հակամարտությունը, դժվար է ասել, բայց փաստ է, որ Նաիրա Զոհրաբյանի դեմ կուսակցության ներսում սկսել են աշխատել:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, որքան տեղյակ ենք՝ նախօրեին ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, եւ կրքերը բավականին թեժ են եղել: Նշվում է, որ անձամբ Դուք ընդդիմացել եք կոալիցիա կազմելու գաղափարին, ինչը հարուցել է Ձեր կուսակցական ընկերների դժգոհությունը: Արդյո՞ք դա այդպես է:
-Ո՛չ, երեկ որեւէ հատուկ խորհրդակցություն տեղի չի ունեցել: ԲՀԿ-ն քառօրյայի բոլոր օրերին ժամը 11-ին խմբակցության նիստ է անում` քննարկելով օրակարգի եւ բազմաթիվ այլ հարցեր: Ի թիվս այլ հարցերի նաեւ որոշակի անդրադարձ է եղել մեր խմբակցության որոշ գործընկերների կողմից հնարավոր համագործակցության ֆորմատներին: Քննարկումը տեւել է շատ կարճ: ԲՀԿ-ին ընդհանրապես որեւէ առաջարկ չի եղել կոալիցիա կազմելու մասով, ուստի բացարձակապես աննպատակահարմար է քննարկել մի բան, որը գոյություն չունի: Իհարկե, գաղտնիք չէ, որ մեր որոշ գործընկերներ նպատակահարմար են գտել, որ շատ արդյունավետ կլիներ այս փուլում՝ մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ, համագործակցության տարբերակը: ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է: Կարող են լինել տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ, այդպես բովանդակային առումով որեւէ քննարկում կոալիցիայի վերաբերյալ չի եղել, որովհետեւ նման հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա: ԲՀԿ-ն գնում է, պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
-Այնուամենայնիվ, կոալիցիա կազմելու հնարավորությունն առաջիկայում բացառո՞ւմ եք:
-Ես դա բացառում եմ. մինչեւ 2017 թվականը ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիա չկա, եւ մենք, ես անձամբ չեմ տեսնում մեկ տարվա կոալիցիայի արդյուանվետությունը: Արդյունավետությունը ինձ համար հասկանալի չէ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական դաշտը հստակ կլինի, պարզ կլինի, նոր քաղաքական դերակատարները կերեւան, իսկ ես վստահ եմ, որ քաղաքական նոր խճապատկեր ենք մենք ունենալու, այդ ժամանակ նոր իմաստ կունենա խոսել հնարավոր որեւէ համագործակցության մասին:
-Սակայն ԲՀԿ-ականների մեծ մասը կողմ է իշխանության հետ կոալիցիա ձեւավորելուն: Ինչո՞ւ են նրանք համառորեն ցանկանում իշխանության հետ միեւնույն ճանապարհով գնալ:
-Նրանք գտնում են, որ այդպես ավելի արդյունավետ կլինի իրականացնել կուսակցության ծրագրերը: Դա եւս տեսակետ է, դա եւս մոտեցում է: Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերում իմ գործընկերների այդ մոտեցմանը: Բայց ես ունեմ իմ մոտեցումը, իմ տեսակետը եւ ես հույս ունեմ, որ իմ գործընկերները եւս նույնպիսի հարգանքով են վերաբերվում իմ մոտեցմանը:
-Տիկի՛ն Զոհրաբյան, մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ականներից շատերը որոշել են խորհրդարանում Ձեր պաշտոնանկության հարցը բարձրացնել, անգամ պատրաստ են դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ Սերժ Սարգսյանին: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:
-Առաջին անգամ եմ լսում նման դժգոհության մասին, բայց եթե անգամ նման դժգոհություն կա, ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ինձ պաշտոնանկ անելու համար պետք է դիմեն ՀՀ նախագահին կամ ՀՀ վարչապետին: Կուսակցության մասին օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ, որքան ես տեղյակ եմ, բացարձակապես այլ ընթացակարգեր են նախատեսված:

 

 

 
ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ԼՈՒՐԵՐ ԵՎ ԴԻԼԵՏԱՆՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Աժ երեկվա նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր 2» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 112 մլն 960 հազար ԱՄՆ դոլար: Այնուհետեւ տեղի ունեցավ կառավարության անդամների հետ հարց ու պատասխան:

Համաձայնագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկած ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, կարծես թե, այնքան էլ դուր չէին եկել նախագծի մասին պատգամավորների կողմից հնչեցված քննադատական ելույթները: Շարմազանովն անընդունելի համարեց, որ պատգամավորները խոսեցին հիմնականում մարզերի խնդիրներից՝ քննադատելով, թե միայն մայրաքաղաքին է գումար հատկացվում. «Չի կարելի մեր երկրում բաժանում կատարել երեւանցի, վանաձորցի, գյումրեցի: Ես ալավերդցի եմ, բայց բոլորիս աչքի լույսը Երեւանն է, ինչ-որ մեկի մոտ հարց կա՞: Երեւանը վերջին մի քանի տարում չէ, որ դարձել է մեկ ու կես միլիոնանոց»:
Վարկային ծրագրի քննադատներին էլ նա կոչ արեց ոչ թե գալ ու ասել, թե սա վատն է, այլ այլընտրանք ներկայացնել:
ԱԺ փոխխոսնակը նաեւ անդրադարձավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե եղել է Արեւմտյան Հայաստանում, ու մինչեւ այդ հատվածը պետք է մտածեինք նաեւ ճանապարհաշինության մասին. «Որպես պատմաբան՝ ես չդիմացա գայթակղությանը: Կոչ եմ անում՝ դիլետանտական քննարկումների առարկա չդարձնել Արեւմտյան Հայաստանի մասին խոսելը: Վերջում ուզում եմ ասել՝ վերեւը Արարիչ, ներքեւը՝ Մայր Հայաստան»:
«Բոլորը խորհրդատու են, սակայն ոչ մեկը պատրաստ չէ խորհուրդ լսել»,- տեղից նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ էլ օդում կախված լուրերի կապակցությամբ դարձյալ աչքի ընկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Օդում կախված են մնում Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիոնավոր դրամ հարկերի մասին լուրերը: Օդից կախված են լուրեր, թե նրա արտադրած շաքարավազի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում, այլ ստեղծված է մի կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ քողարկելու համար: Օդից կախված լուրերով՝ Սերժ Սարգսյանը գիտի եւ հավանություն է տալիս դրան, անգամ ունի անձնական փայաբաժինը: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին ստուգել այս լուրերի իսկությունը: Եվս մեկ ճշտում՝ Սերժ Սարգսյանը արգելե՞լ է Լֆիկ Սամո ասել»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով Փաշինյանի կողմից հնչեցված հարցին, հորդորեց, որ վերջինս այլեւս նույն ֆորմատով հարցեր չներկայացնի, քանի որ նրա նպատակը բոլորին է հայտնի. «Դուք ուզում եք այդ ձեւով հերքել այն տարածված լուրերը, թե Դուք իշխանության հետ եք շաղկապված, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք»:
Փաշինյանն էլ հավելեց, որ ոչ մեկին ապացուցելու բան չունի. «Դուք եւ Ձեր իշխանությունը ապացուցելու բան ունեք, բայց Դուք չեք կարող, որովհետեւ հակառակը արդեն ապացուցված է Ձեր կյանքով ու գործունեությամբ»,-հակադարձեց պատգամավորը` վստահեցնելով, որ շարունակելու է բարձրաձայնել օդում կախված լուրերը:
Նշենք, որ համաձայնագրի քննարկումը շարունակվելու է այսօր:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՆՈՐ ՋԷԿ
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն կտա «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի կնքվելիք հուշագրին, որով նախատեսվում է Վանաձորի հարեւանությամբ կառուցել 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նոր ՋԷԿ: Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության՝ նշված ընկերությունը այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ ունի: «Գրեյնջ Փաուեր»-ն պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել ՋԷԿ: ՀՀ կառավարությունը պարտավորվում է դրանից հետո 20 տարուց ոչ պակաս երաշխավորել էլէներգիայի արտադրության համար անհրաժեշտ գազի մատակարարումը (1000 խմ համար 230,82 դոլար գնով): Նշենք, որ նոր ՋԷԿ կառուցելու մտադրություն ունեցող «Գրեյնջ հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը Նեվիս կղզում գրանցված օֆշորային ներդրումային ընկերություն է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ենթադրվում է, որ նոր ՋԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ հիմնական կապիտալը լինելու է բրիտանական ծագման:

 

ՎԵՐՋ «ՕՐԱՆԺ»-ԻՆ
«Յուքոմ» ՍՊԸ-ն պաշտոնապես հայտարարել է «Օրանժ Արմենիա» ընկերության կլանման գործարքի ավարտի մասին: «Յուքոմ» ընկերությունը հայտարարել է, որ այլեւս հանդիսանում է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի բոլոր պարտավորությունների իրավահաջորդը: Ի դեպ, երկու ընկերությունների միաձուլումից հետո «Յուքոմ»-ի կանոնադրական կապիտալը մնալու է նույնը՝ 17 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ ըստ փորձագետների «Օրանժ Արմենիան» կլանելուց հետո «Յուքոմը» դարձավ Հայաստանի կապի ոլորտում «ԱրմենՏելից» հետո կամ միգուցե նույնքան խոշոր ընկերություն: Ներկա պայմաններում «Յուքոմ» ընկերության մոտավոր արժեքը կազմում է շուրջ 500 մլն դոլար:

 

ՊԱՐՏՔԵՐԸ ԿՆԵՐՎԵՆ
ՀՀ կառավարությունը պատրաստվում է «Հրազդան ցեմենտ գործարան» ընկերությանը որոշ արտոնություններ տալ: Որոշվել է «Հրազդան ցեմենտ գործարանի» կողմից պետբյուջեի հանդեպ կուտակած հարկերի մասով առաջացած տույժերը ներել, որպեսզի ընկերությունը կարողանա գործել: 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ: Ընկերությունը նախատեսում է ցեմենտի արտադրությունն այս տարի հասցնել մինչեւ 200 հզ. տոննայի: Նշենք, որ ընկերության գույքը եւ հաշիվները ներկայումս արգելանքի տակ են:

 

«ՏԽՈՒՐ» ՁԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ՞
Կռվող շուն պահող, բայց չկռվացնող պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեւանյան հովանավորները առիթը չեն կորցնում նրան հրապարակ հանելու: Վերջին առիթը հարբած ռուսի կողմից գյումրեցի մի ընտանիքի դուռը ծեծելն էր: Եվ այսպես՝ մինչ գյումրեցի պատգամավորը դեմքի խելոք արտահայտությամբ բացատրում էր, թե ինչ վախենալու են հարբած ռուսները, գյումրեցիները կատակում են, թե Մարտունիկի շունը սատկեց, պաշտպան մնաց «տխուր» ձին:




Լրահոս