ՋԱՀԵԼՆԵՐՆ ԱՆՏԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված հրամանագիրը՝ իր իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին, ցնցել է իրավական ողջ համակարգը: Այս նշանակումը որքան անակնկալ էր, այդքան էլ սպասված շատերի համար, քանի որ ուժային կառույցներում առաջացած խմորումները վաղուցվա պատմություն ունեն:

«Ժողովուրդ»-ը ամիսներ շարունակ հրապարակել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի շուրջ օղակը սեղմվում, եւ նրա դեմ աշխատում են ուժային գրեթե բոլոր կառույցների ղեկավարները: Երեկ Գեորգի Կուտոյանի նշանակումից հետո ՀՀ նախագահի նստավայրից մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գեւորգ Կոստանյանը դատախազի պաշտոնում կմնա կարճ ժամկետով, եւ նրա համար նոր պաշտոն են նախապատրաստել` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը: Այս օրերին Գեւորգ Կոստանյանն իր աշխատասենյակից կամաց-կամաց իրերն է հավաքում:
Իսկ ի՞նչն էր ուժային կառույցներին ստիպել Կոստանյանի դեմ գործել: Պարզվում է, որ պատմությունը խորը արմատներ ունի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ ՀՀ գլխավոր դատախազը ուժային կառույցներից մեկին ցուցում է տվել որոշակի գործողություններ իրականացնել, մասնավորապես մի քանի անձի ձերբակալել, սակայն ուժային կառույցի ղեկավարը թերացել է: Կոստանյանն այդ թերացման մասին տեղյակ է պահել Սերժ Սարգսյանին՝ հետաքրքիր մեկնաբանությամբ բացատրելով, թե ինչու կարող էր տապալվել այդ օպերացիան:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ վերջին շրջանում բավականին լարված են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հարաբերությունները Գեւորգ Կոստանյանի հետ: Դե, իսկ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած լարվածության մասին բոլորը գիտեն: Եվ երեւում է՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ Գեւորգ Կոստանյանի հարաբերությունների վատթարացումը ՀՀ գլխավոր դատախազի համար ճակատագրական դարձավ, եւ Սերժ Սարգսյանը ամիսներ շարունակ լռելուց հետո կայացրեց իր դժվար որոշումը: ՀՀ գլխավոր դատախազություն գործուղեց իր իրավաբանական հարցերով «աջ ձեռքին»:
Նշենք, որ Գեորգի Կուտոյանը տարիներ շարունակ լինելով Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնական՝ զբաղվել է ուժային կառույցների փաստացի համակարգմամբ, եւ այն քրեական, դատական գործերը, որոնք Սերժ Սարգսյանի համար ունեցել են ցանկալի ելքեր, կայացվել են Գեորգի Կուտոյանի ամենակարող զանգի միջոցով, քանի որ նրա զանգը ուժային կառույցի ղեկավարի համար ընկալվում էր որպես Սերժ Սարգսյանի կողմից իջեցված հրահանգ:
Եվ հիմա Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը կարճ ժամկետով կստանձնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կտեղափոխվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: ՀՀ ապագա գլխավոր դատախազը Գեորգի Կուտոյանն է:
Նկատենք, որ այս քայլով Սերժ Սարգսյանը, ըստ էության, փակեց մյուս ուժային կառույցների բերանը, քանի որ նրանց դժգոհությունը տվեց իր ցանկալի արդյունքը, եւ Գեւորգ Կոստանյանը պաշտոնանկ կարվի: Սակայն ցանկալի իրավիճակ չստեղծվեց, քանի որ Գեորգի Կուտոյանը եւս իր տեսակով չոր, փոխհամաձայնության չգնացող, չշփվող տեսակ է եւ ավելի անկանխատեսելի է, քան Գեւորգ Կոստանյանը: Այսպիսով, ըստ էության, փակվեց նաեւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի թեման՝ որպես դատախազի հնարավոր թեկնածուի. նա կշարունակի մնալ իր պաշտոնում:
Իսկ ի՞նչ է սպասվում Գեւորգ Կոստանյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Ըստ էության, գնալով այդ պաշտոնին՝ Կոստանյանը որոշակի չափով կորցնում է իր ազատության չափաբաժինը, քանի որ գործ ունի դատավորների հետ եւ նրանց ինչ-որ բան հրահանգելը այդքան էլ հեշտ չի լինի: Ի վերջո, դատավորներին նշանակում է նախագահը, ցմահ: Ասել է, թե Գեւորգ Կոստանյանը այդքան էլ լավ չի զգա իրեն համակարգում:
Բայց եթե Գեւորգ Կոստանյանը համագործակցի իր թիմակից Գեորգի Կուտոյանի հետ, ապա ուժային կառույցների միջեւ լարվածությունը ավելի կթեժանա: Եթե մինչ այս միայն Գեւորգ Կոստանյանն էր դիմադրում ավագ սերնդի ուժային կառույցների ղեկավարներին, ապագայում կարող է դաշնակից ունենալ:
Չի բացառվում, որ ուժային մյուս կառույցների ղեկավարները փորձեր անեն Գեորգի Կուտոյանի եւ Գեւորգ Կոստանյանի՝ այսօրվա ջերմ հարաբերություններում «սեպ խրել»: Կհաջողվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Այսօրվա դրությամբ պետք է արձանագրենք, որ ջահելներն անտանելի են դարձել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ
Հունվարի 31-ի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Սերգեյ Սուդնիկովը կեսգիշերին ոչ սթափ վիճակում անդադար թակել էր Գյումրի քաղաքի բնակիչ Ռուզաննա Երանոսյանի տան դուռը եւ պահանջել այն բաց անել: Տանտիրուհին ահազանգել էր ոստիկանություն, որտեղ էլ հայտնի էր դարձել, որ ռուս զինծառայողը հարբած է եղել եւ իր ընկերոջ տուն գնալու փոխարեն Երանոսյանների տուն է գնացել: Բայց Գյումրիում վախի մթնոլորտ էր ձեւավորվել:
2015 հունվարի 12-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո գյումրեցիները անվտանգության երաշխիքներ էին պահանջում, սակայն, ինչպես նկատում ենք դեպքից մեկ տարի անց, դեռեւս գյումրեցիների մտավախությունը չի անցել, եւ այս դեպքը թերեւս կատարվածի վառ ապացույցն է:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, գյումրեցիները վախի մեջ են, ի՞նչ եք պատրաստվում անել:
-Իհարկե, նման դեպքերը անհանգստություն են առաջացնում, բայց քանի որ կոնկրետ դեպքի հետ կապված մեկնաբանություն տրվեց, որ շփոթություն է եղել, սա որպես ի գիտություն: Ընդհանուր առմամբ ես կողմնակից եմ եւ ամեն առիթ օգտագործել եմ եւ ասելու եմ, որ 102 ռազմաբազայի հետ կապված ունենք խնդիր, եւ այնտեղի պատասխանատուները պետք է լուրջ հսկողություն սահմանեն: Այս կատարվածը առիթ էր, որ իշխանությունը կոնկրետ պահանջներ դնի եւ ասի, թե կոնկրետ ինչ է լինելու: Եթե իրենք ի վիճակի չեն պահելու այդ ամենը, ապա մենք կոնկրետ պետք է մտածենք տարբերակ, որ 102 ռազմաբազայից դուրս եկող զինվորներին կոնկրետ հսկողություն սահմանվի, տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ այս իրավիճակի հետ կապված կոնկրետ իշխանությունը պետք է որոշում կայացնի:
Զրուցեցինք նաեւ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ. նա եւս ծագումով գյումրեցի է:
-Այստեղ լուրջ խնդիր ունի ռազմաբազան, այսինքն՝ ռազմաբազայի ղեկավարությունը պետք է կարողանա կարգուկանոն հաստատել:
-Իսկ Դուք ի՞նչ եք պատրաստվում անել:
-Առիթ եղել է, ճիշտ է՝ եղել եմ Երեւանում, բայց փորձել եմ հասկանալ, թե ինչ է կատարվել: Խոսել եմ բազայի ներկայացուցիչների հետ, փորձել եմ ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալ, ընդամենը եղել է զուտ կենցաղային հարց: Վատ է, որ զինծառայողը այն աստիճան հարբած է եղել, որ նման բան է արել, եւ իրենք պետք է կարողանան այդպիսի խնդիրները բացառել:

Ք. Մ.

 

 

 
ՀԱՑԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ
Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Սուրեն Սուրենյանցը արդեն չորրորդ օրն է` հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել` պնդելով, թե իր նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացվել: Հիշեցնենք, որ Սուրենյանցին կալանավորել են անցյալ տարի՝ դեկտեմբերի 22-ին, հենց դատարանի դահլիճից։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է չորս տարվա ազատազրկման։

 

ՆՇԱՆԱԿՎԵՑ
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի որոշմամբ երեկ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Արման Սաղաթելյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվարի 21-ին, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղարը կստանձնի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը: Եվ, ահա, մեր կանխատեսումները երկար սպասեցնել չտվեցին:

 

ԱՌԱՆՁԻՆ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը երեկ հայտարարություն է տարածել մարտի 1-ի հանրահավաքի միասնական օրակարգի ձեւավորման վերաբերյալ: Հայտարարությամբ մասնավորապես համախմբման կոչ է արվում: ArmLur.am-ին «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ այս պահին տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ բանակցություններ են տարվում միասնական օրակարգի ձեւավորման շուրջ: Ի թիվս այլոց` նա նշել է նաեւ ՀԱԿ-ի անունը: Այս կապակցությամբ ArmLur.am-ի հետ զրույցում, սակայն, Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է, որ տեղյակ չէ հայտարարության մասին եւ միանալու կամ չմիանալու խնդիր չի տեսնում: Զուրաբյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ը 2009-ից սկսած՝ ամեն տարի անց է կացնում արդեն ավանդական դարձած հանրահավաքը, եւ այս տարի եւս բացառություն չի լինելու:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին են իր եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասել է. «Վարչապետի հետ փոխհարաբերություններն աշխատանքային են, ինչպիսին մեկ այլ նախարարինն ու վարչապետինը»:




Լրահոս