Հունվարի 26-ի նիստում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) թեժ քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձեւերի՝ Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ Միլիցա Մարկովիչի (Բոսնիա եւ Հերցեգովինա) «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» բանաձեւերի շուրջ: ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի զեկույցը, սակայն Մարկովիչի հրապարակած զեկույցն ընդունվեց: Եւ հակահայկական դիրքորոշմամբ աչքի ընկավ նաեւ Ուկրաինան:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչու մեզ չի հաջողվել ուկրաինացիների հետ դաշնակցային հարաբերություններ պահել:
-ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանի գնահատմամբ՝ դիվանագետներին քննադատելը «անբարոյականություն է», քանի որ «դիվանագետն էլ նույն զինվորն է, որը կռվում է դիվանագիտական ճակատում»: Բայց ԵԽԽՎ բանաձեւերը ցույց տվեցին, որ 1 տարի շարունակ հայկական դիվանագիտական կորպուսը «կռիվ չի տվել»: Ինչո՞ւ:
-Դիվանագետն այն մարդն է, որ ներկայացնում է իր երկիրը որեւէ երկրում եւ կարողանում է ի շահ իր երկրի գործել, հարաբերություններ ստեղծել մարդկանց հետ եւ պաշտպանել իր երկրի շահը: Իսկապես, ճիշտ է ասել նախարար Նալբանդյանը, որ պետք է դիվանագետներին հանգիստ թողնել: Այդ քննադատական նյութերը, երբ հրապարակվում են, ընթերցվում են նաեւ այլ երկրներում, որը կարող է օգտագործվել դիվանագետների դեմ: Ես շնորհակալ եմ նախարարին, որ զգուշացում է արել:
Ձեր թերթում նշված բոլոր երկրների դեսպանները պատվով կատարել են իրենց աշխատանքը: Ի վերջո, դեսպանը չի կարող ստիպել այլ երկրների պատգամավորներին:
-Իսկ Դուք ի՞նչ եք արել:
-Դուք լավ հիշում եք, որ 2014 թվականին, երբ Ղրիմի հարցն էր դրվել քվեարկության, ՀՀ-ն քվեարկեց ոչ թե Ուկրաինայի, այլ ՌԴ-ի օգտին, ինչն, իհարկե, բխում էր մեր երկրի շահերից: Բայց դա առիթ դարձավ լարվածության մեր երկու երկրների միջեւ: Շատ դեպքեր են եղել, որ ուկրաինական գյուղերում հայկական ընտանիքներին փորձել են նեղացնել, այրել տները, քանի որ ադրբեջանցիները ակտիվացել էին եւ մեզ դավաճան էին որակում: Դրա համար մեծ աշխատանք ու ֆինանսական միջոցներ էր անհրաժեշտ: Փառք Աստծո, ինձ հաջողվեց դրա դեմն առնել եւ հայկական համայնքին զերծ պահել այդ ոտնձգություններից: Ես ուկրաինական բոլոր լրատվամիջոցներին բացատրեցի, որ 1991 թվականին դեռ Արցախում արել ենք հանրաքվե, որի արդյունքում բնակիչները քվեարկել են Ադրբեջանի կազմից դուրս գալու օգտին: Եւ 23 տարի է՝ արդեն ողջ աշխարհին խնդրում ենք, որպեսզի ընդունեն ոչ միայն տարածքային ամբողջականությունը, այլեւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Ղրիմում եղավ հանարքվե, դուք 47 մլն, ռուսները 150 մլն բնակչություն ունեն, դուք Ղրիմի պատմության մեջ առաջին անգամ առանց պայքարի ու դիմադրության Ղրիմը հանձնեցիք այլ երկրի: Ի՞նչ եք ուզում 3 մլն-անոց հայերից: Եւ 1 ամսվա ընթացքում, փառք Աստծո, ինձ հաջողվեց հայերի նկատմամբ վերաբերմունքը փոխել:
-Ինչպե՞ս համոզեցիք ուկրաինացիներին:
-Երբ խնդիր էր դրվել ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության հետ, շատ դժվար էր: Ադրբեջանը վստահ էր, որ Ուկրաինան ամբողջությամբ իրենց կողմն է կանգնելու իր 12 ձայնով: Ինչպես հայտնի է՝ Ուոլթերի նախագծի անցկացմանը պակասում էր 4 ձայն: Ուկրաինական պատվիրակության մի 4 անդամ է կողմ քվեարկել: 1-ը՝ ձեռնպահ, 7-ը չի մասնակցել քվեարկությանը: Այսինքն՝ 12-ից 8-ը չեն քվեարկել Ադրբեջանի օգտին: Իհարկե, շատ մեծ դեր կատարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանց հայտարարությունները: Բայց մի մոռացեք հայ դիվանագետների աշխատանքը: Եւ նման խոշոր հարցերում, երբ ադրբեջանական ու հայկական ողջ դիվանագիտական, պատգամավորական կորպուսը աշխատում էր այդ ուղղությամբ, նման խոշոր հարցերում պատահականություններ չեն լինում: Ես սա հատուկ նշում եմ որոշ պաշտոնյաների համար, եւ պատահական չէր, որ 8 պատգամավոր չմասնակցեց ու չքվեարկեց Ադրբեջանի օգտին: Ու հակահայկական փաստաթուղթը չընդունվեց: Ես արձանագրում եմ, որ այդ 8 պատգամավորների քայլի արդյունքում չանցավ նախագիծը, եւ մենք ունենք հաղթանակ: Այդ 8 պատվիրակներն այդ քայլը արեցին ոչ թե Հայաստանի խաթեր, այլ հասկանալի պատճառներով, չեմ կարող մեկնաբանել:
-Պարո՛ն Մանուկյան, բայց Դուք եւս 1 տարի ոչինչ չէիք արել, մինչեւ Սերժ Սարգսյանի հրահանգը չստացաք: Դուք՝ որպես բիզնեսմեն-դիվանագետ, ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում:
-Ես արդեն 6-րդ տարին է՝ պատվով ու բարձր մակարդակով պաշտպանում եմ Հայաստանի շահը: Օգտագործելով իմ անձնական տնտեսական միջոցները՝ կարողանում եմ լուրծել մեր երկրի խնդիրները, որոնք կապված են հայ համայնքի հետ: Ես բիզնեսով զբաղվել եմ Հայաստանում: Ուկրաինայում բիզնեսով չեմ զբաղվում: Եթե որեւէ մեկը գիտի, թե ինչ բիզնեսով եմ զբաղվում, թող գա, տիրանա դրան: Ինձ մեղադրում էին, թե ես Յանուկովիչի ընկերոջ առանձնատունը դարձրել եմ ՀՀ դեսպանի առանձնատուն, որպեսզի տան վրա դնեմ դիվանագիտական անձեռնմխելիություն: Հայտարարում եմ, այդ տունը ես վերցրել եմ այն ժամանակ, երբ Յանուկովիչը իշխանության էր, հիմա հանձնել եմ այն:
Իմ հետ անձնական հարցեր ունեցողները թող գան, հարցերը լուծեն ինձ հետ, բայց դեսպանին չկպնեն, խնդրում եմ: Դեսպանի մասին վարկաբեկիչ նյութերը դեսպաններն ուղարկում են Հայաստանից իրենց երկիր: Երբ ադրբեջանական մամուլն է գրում, կարողանում ես արդարանալ, իսկ Հայաստանի մամուլի դեպքում անհնար է դառնում:
-Դուք ասում եք՝ հաղթանակ, բայց, օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ադրբեջանցիները 2 գոլ պիտի խփեին, մեկը խփեցին: Մենք հաղթանակ չունենք:
-Հայկական պատվիրակությունը չպետք է թույլ տար, որ այդ երկու բանաձեւերը քննարկվեին կոմիտեների նիստերում, հետո մեծ օրակարգ մտնեին: Երբ ադրբեջանցիներին մեղադրում են խավիարական դիվանագիտության մեջ, կամ խավիարով առնելու մեջ, դուք էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել, համոզել, որ հակահայկական հարցերը չմտնեն օրակարգ: Երբ բանը բանից անցնում է, դիվանագետներին մասնակից են դարձնում եւ ողջ մեղքը բարդում դիվանագետների վրա: Պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ որ մենք չաշխատեինք, ի՞նչ արդյունք կլիներ: Նման հարցերին պետք է ուշադիր վերաբերվել, ժամանակին տեղեկացնել, դիվանագետներին մասնակից դարձնել, որ մենք ժամանակ ունենանք աշխատելու, համոզելու, ի վերջո: Չմոռանանք, որ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ադրբեջանը միասին համագործակցում են:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՊԵՏՔ Է ՇՐՋԱՓԱԿԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԸ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին պատրաստվում է համազգային հավաք իրականացնել:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան մարտի 1-ին կայանալիք համազգային հավաքին ի՞նչ պահանջներով եք հանդես գալու:
-Մեր առաջին պահանջն այն է, որ միջագային հանրությունը` ԵԱՀԿ-ն, պատժամիջոց կիրառի Հայաստանում այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր որ պատասխանատու են մարդու իրավունքների խախտման համար, կոռուպցիայի համար եւ խոչընդոտում են մեր երկրում ժողովրդավարության կայացմանը: Հայաստանում կան լուրջ վտանգներ. ներքին իրավիճակը կարող է ապակայունացվել, քաղաքական պայքարի ձեւերը սպառված են, անհնազանդությունը նույնպես տեսնում ենք, որ սանձվում է ոստիկանական գերուժերով: Երկրորդ պահանջը քաղբանտարկյալների խնդիրը ճանաչել Հայաստանում: 2011 թվականին ԵԽԽՎ-ն, կարծես թե, թերթեց քաղբանտարկյալների էջը, բայց տեսնում ենք, որ ոչ մի բան չի փոխվել: Երրորդ պահանջը ոստիկանական ուժերի կրճատումն է: 18 հազար ոստիկան երկրում անհրաժեշտ չի հասարակական կարգը պահպանելու համար: Այդ ուժերին ռեժիմը կուտակում է ժողովրդի դեմ, եւ այդ ուժերի առկայությունը ինքնին վկայությունն է, որ ռեժիմը վախենում է ժողովրդից:
-Արդյո՞ք մարտի 1-ին ընդդիմադիր այլ ուժեր եւս միանալու են ձեր պայքարին:
-Դա անհրաժեշտություն է:
-Մարտի 1-ին կայանալիք համազգային հավաքից հետո «Նոր Հայաստան»-ի քայլերը որո՞նք են լինելու:
-Այդ օրվա էներգետիկան, հանրության արձագանքը պետք է դա ցույց տա: Մեզ համար տեսանելի է անհնազանդության ծրագիրը: Մենք այն կարծիքին ենք, որ վարչական շենքերի երկարատեւ շրջափակումով հնարավոր է հարկադրել ռեժիմին ընդունել ժողովրդի պահանջները:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ԱՃ` «ԴՐՍԻՑ» ԵԿԱԾ ՓՈՂԵՐՈՎ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականի ընթացքում Հայաստանում շինարարության ծավալները, 2014 թվականի համեմատ, նույնն են մնացել: Բայց երբ ուսումնասիրում ենք հրապարակված տվյալների բացվածքը, ակնհայտ է դառնում, որ այդ ծավալների պահպանումը տեղի է ունեցել դրսից Հայաստան եկած գումարների հաշվին: Մասնավորապես միջազգային վարկերով եւ մարդասիրական օգնություններով իրականացված շինարարության ծավալների հաշվին: Ի դեպ, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը նույնպես աճել է 86 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնակի:
Այսպիսով, ակնհայտ է դառնում՝ եթե վերը նշված միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալներն այդքան կտրուկ աճել են, բայց ընդհանուր ծավալները նախորդ՝ 2014-ի համեմատ նույնն են մնացել, ապա ստացվում է, որ մասնավոր հատվածի կողմից իրականացված շինարարության ծավալներն իրականում 2015-ին կտրուկ նվազել են: Երբ ասում ենք՝ մասնավոր հատվածի կողմից իրականացված, նկատի ունենք շինարարական ընկերությունների եւ բնակչության կողմից իրականացված շինարարություն: Ի դեպ, պաշտոնական վիճակագրությունում նման տարանջատում գոյություն չունի, ուստի պաշտոնական թվերով չենք կարող պատկերը ներկայացնել, բայց պարզ տրամաբանությունը եւ թվաբանությունը հուշում են, որ այլ կերպ չի կարող լինել:
140 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԿՈՄՈՒՆԱԼ ՎԱՐՁ
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարեվերջյան կոմունալ վարձավճարները կազմել են մոտ 140 մլն դրամ: Օրինակ՝ նշված ծառայությունն իբրեւ սպառած գազի վարձ 2015-ի տարեվերջին «Գազպրոմ Արմենիային» վճարել է մոտ 22.5 մլն դրամ, էլեկտրաէներգիայի դիմաց վճարել է մոտ 93 մլն դրամ: Իսկ, ահա, ֆիքսված հեռախոսակապի համար սոցապը վճարել է 6 մլն 129 հազար դրամ, իսկ բջջային կապի համար «Օրանժ Արմենիա» ընկերությանը՝ 18 մլն դրամ:
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է
Ինչպես հայտնի էր՝ 2015 թվականին «Արթիկի» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «աղմկարար» դատապարտյալներից մեկը: Վերջինս տարբեր քրեական գործի պատճառով հայտնվել էր անազատության մեջ եւ տարբեր մեթոդներով՝ բերանը կարելով կամ հացադուլ հայտարարելով, փորձում էր հանրության ուշադրությունը գրավել իր վրա, որպեսզի կարողանար ՔԿՀ վարչակազմին ստիպել, որ իրեն վաղաժամկետ ազատ արձակեն: 2015-ի վերջին նրան, ի վերջո, հաջողվեց իր ուզածին հասնել, եւ նա ազատ արձակվեց: «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացավ, որ Արտակ Հակոբյանն ընտանիքի անդամների հետ արտագաղթել է Հայաստանից: Ի դեպ, նա ՔԿՀ-ում գտնվելիս հայտարարում էր, որ ազատ արձակվելուց հետո չի պատրաստվում մնալ Հայաստանում: Այլ կերպ ասած՝ խոստումը կատարել եւ գնացել է երկրից: