Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ ամփոփում է «Տատիկից զինվորին» ծրագիրը։
«Տատիկից զինվորին» նախագծի հիմնական նպատակն էր գուլպայով և գաթայով ապահովել որևէ սահմանային զորամասի զինծառայողներին։ 2016թ. հունվարին մեկնարկած ծրագրի շրջանակում Կողբի սահմանային զորամասի զինծառայողները ստացան հագուստ և թխվածք` պատրաստված Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերում բնակվող տատիկների կողմից: Նախաձեռնությանը միացել էին նաև Beeline-ի կողմից հովանավորվող «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» նախագծի մասնակիցները, ինչպես նաև Երևանում բնակվող քաղաքացիներ և մի շարք կազմակերպություններ։ «Beeline-ը շարունակում է աջակցել սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերին:
«Տատիկից զինվորին» ծրագիրը համարում եմ կրկնակի հաջողված, քանի որ նախագծում ընդգրկվեցին մեր մյուս ծրագրի մասնակիցներին: Նման միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մոտ լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին և զինծառայողներին, և մեր ներդրումն ունենալ այդ համայնքների զարգացման գործում` փոխելով կյանքը դեպի ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Նախագիծը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ազգը սիրում և գնահատում է իր զինվորին: Ի սկզբանե նախատեսում էինք, որ նախագծին կմասնակցեն միայն սահմանապահ գյուղերում բնակվող տատիկները, իսկ նույն գյուղերում բնակվող երեխաները կօգնեն նրանց: Սակայն նախագծին մասնակցություն ունենալու և մեր զինվորների համար ինչ-որ բան անելու ցանկություն հայտնեցին ոչ միայն գյուղերի բնակիչները, այլ նաև Երևանում բնակվող մարդիկ և կազմակերպություններ: Արդյունքում նախագիծը դարձավ ոչ թե «Տատիկից զինվորին», այլ «Ազգից զինվորին», – նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:
Նշենք, որ Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: Իսկ 2015 թ. «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 6 սահմանամերձ գյուղերի երեխաներ այցելեցին Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։