22-ամյա Նարինե Հակոբյանը ամուսնու` Հակոբի հետ ծանոթացել էր, երբ ընդամենը 18 տարեկան էր, իսկ ամիսներ անց ծնվել էր նրանց որդին: Սակայն շատ շուտով Նարինեն հասկացել էր, որ ամուսնու համար իր հետ բնակվելու միակ պատճառը իր կողմից ընտանիքին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն էր, մինչդեռ իր հանդեպ ոչ ամուսնու եւ ոչ էլ ընտանիքի մյուս անդամների կողմից որեւէ հոգատարություն չէր ցուցաբերվում անգամ այն ժամանակ, եր դեռ հղի էր: Ոչինչ չփոխվեց նաեւ երեխայի լույս աշխարհ գալուց հետո:
Բնակվում էին իրենց եռամյա որդու, ամուսնու եւ վերջինիս ծնողների հետ: Նարինեին ստիպում էին աշխատել, պարբերաբար ծեծում եւ վատ էին վերաբերվում, իսկ երեխային թույլ չէին տալիս անգամ մոր հետ լիարժեք շփվել: Նա նույնիսկ անձնագիր չուներ, քանի որ ամուսնու ընտանիքը իրեն թույլ չէր տալիս հաշվառվել իրենց տան հասցեով: Նարինեն խուսափում էր վերադառնալ իր ծնողների տուն, վախենալով, որ իր պատճառով ծնողները կընկնեն ամոթալի դրության մեջ:
Հայտնվելով անելանելի վիճակում Նարինեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ անգամ չէ, որ բռնության ենթարկված կանայք Պաշտպանի միջամտությամբ ապաստան են գտել Լայթ Հաուս բարեգործական կազմակերպությունում եւ հնարավորություն ստացել կրկին վերադառնալ իրենց բնականոն կյանքին:
Այժմ Նարինեն եւս իր որդու հետ բնակվում է Լայթ Հաուսում, հաճախում մատնահարդարման, համակարգչային եւ կարուձեւի ուսուցման դասընթացների, ինչպես նաեւ հոգեբանի հետ աշխատանքների շնորհիվ փորձում է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն:
Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկելու է նաեւ բոլոր հնարավոր միջոցները կնոջ անձնագրի հետ կապված խնդիրները լուծելու համար:
Կնոջ անուն-ազգանունը փոխված է, այս մասին հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: