“Հայաստանում կարմրուկի համաճարակ չկա, գրանցվել է 3 դեպք, երբ հիվանդները վարակը ձեռք են բերել Հայաստանի սահմաններից դուրս։ Մասնավորապես, երկուսը Վրաստանի բնակիչներ են, ովքեր այնտեղ են վարակվել, իսկ մյուսը՝ Օդեսայում է վարակվել, սակայն հիվանդությունը դրսևորվել է Հայաստանում”,-“Փաստինֆո”-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ հիվանդությունը Հայաստանում լայն տարածում չի ստացվել։
Մեր հարևան երկրներում առկա է կարմրուկի համաճարակ կամ նման վտանգ։ Մասնավորապես՝ Վրաստանում այս օրերին կարմրուկի համաճարակ է, իսկ Հայաստանից Վրաստան մեկնողները մեծ թիվ են կազմում։ “Հայերը սիրում են սև ծովի ափին կազմակերպել իրենց հանգիստը և, հետևելով առողջապահության նախարարության կոչին, անվտանգության նկատառումներով դիմում պոլիկլինիկաներ՝ հանգստի մեկնելուց առաջ պատվաստվելու համար”,- նշեց Գայանե Սահակյանը:
Գայանե Սահակյանի խոսքով՝ հանրապետությունում կարմրուկի համաճարակից խուսափելու համար կատարվում են լուրջ միջոցառումներ։ Մասնավորապես՝ ճշտվում են բոլոր վարակված հիվանդների, նրանց հետ շփված անձանց տվյալները, եւ բոլոր այն անձանց, ովքեր նախկինում չեն հիվանդացել կարմրուկով կամ չեն պատվաստվել, խորհուրդ է տրվում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, այն է՝ պատվաստվել:
Սահմանային անցակետերում ևս կատարվում են ստուգումներ. Հայաստանի սահմանը հատող բոլոր անձինք ստուգվում են:
Հիշեցնենք. որ կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով՝ արտահայտված ինտոքսիկացիայով, կատարալ և ցանային համախտանիշով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: Վարակվելուց 5-6 օր հետո հիվանդի ինքնազգացողությունը վատանում է. բարձրանում է ջերմությունը, սկսվում է հազ, աչքերը բորբոքվում են եւ լույսի նկատմամբ դառնում զգայուն եւ ցավոտ:
Հիվանդությունը կարող է ունենալ նաեւ մահվան ելք՝ պայմանավորված բարդություններով՝ վաղ հասակում հիմնականում թոքաբորբով, կարմրուկային կրուպով՝ շնչառության կանգով, իսկ դեռահասների մոտ` Էնցեֆալիտով, մենինգիտով, էնցեֆալոպաթիայով: