Անհրաժեշտ պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Առավոտ” օրաթերթի 2013 թ. հունիսի 11-ի թիվ 107 համարում հրապարակված “Ինչու չեն տուգանվում մշտական օրինազանցները. վարորդի դիտողությունը ճանապարհային ոստիկանությանըե հոդվածի հեղինակ Ջեմս Ստեփանյանը նշել է, որ Երևան քաղաքի Սախարովի անվան հրապարակում կանգառի կանոնները խախտելու համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ստանալուց հետո այցելել է ճանապարհային ոստիկանություն, որտեղ մերժել են իր խնդրանքը՝ նույն իրավախախտման համար այլ վարորդների վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները տրամադրելու վերաբերյալ: Ըստ հոդվածագրի՝ նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել միայն ինքը, իսկ այլ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կատարված նմանատիպ խախտումները Ճանապարհային ոստիկանության կողմից չեն արձանագրվել:
Հոդվածում արծարծված հարցերի քննարկման արդյունքում պարզվել է, որ հոդվածագրի պնդումն իրականությանը չի համապատասխանում, իսկ ոստիկանության ծառայողի կողմից պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելն օրինական է և իրավաչափ:
Այսպես, Երևան քաղաքի Պուշկին-Նալբանդյան-Վարդանանց փողոցների խաչմերուկի հատվածում (Սախարովի անվան հրապարակ) ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով տեղադրված տեխնիկական սարքերը գործարկվել են 2013 թ. մարտի 12-ից և մինչ օրս ճանապարհի այդ հատվածում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և կայանման կանոնների խախտումներ կատարելու փաստերով կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 6250 որոշումներ: Բացի այդ, նմանատիպ խախտում կատարած շուրջ 1000 վարորդների տվյալները ճշտելու նպատակով հարցումներ են ուղարկվել տարբեր իրավաբանական անձանց, որոնց պատասխանները ստանալուց հետո կկայացվեն վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ:
Այսպիսով 3 ամսվա ընթացքում Երևան քաղաքի Պուշկին-Նալբանդյան-Վարդանանց փողոցների խաչմերուկի հատվածում կանգառի և կայանման կանոնների ավելի քան 7.000 խախտումներ արձանագրելն առավել քան հստակ ապացուցում է Ճանապարհային ոստիկանության կողմից կամայականության արգելքի սկզբունքով գործելու և միատեսակ փաստական հանգամանքների վերաբերյալ հավասար մոտեցում դրսևորելու գործելակերպը:
Ինչ վերաբերում է նույն իրավախախտման համար այլ վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները հոդվածագրին չտրամադրելուն, ապա այն միանգամայն իրավաչափ է և բխում է ՀՀ Սահմանադրության պահանջներից: Այսպես, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ “Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով”: ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ “Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով: Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք”:
Ճանապարհային ոստիկանությունը Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չէ երրորդ անձին տրամադրելու այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ, ավելին, Երևան քաղաքի Պուշկին-Նալբանդյան-Վարդանանց փողոցների խաչմերուկի հատվածում կանգառի և կայանման կանոնների խախտում կատարած որևէ վարորդ համաձայնություն չի տվել օգտագործելու և տարածելու իրեն վերաբերող տեղեկությունները և այդ տեղեկությունների տարածումը կհակասեր դրանց հավաքման նպատակին: Ջ. Ստեփանյանն իրավունք ուներ Ճանապարհային ոստիկանությունում ծանոթանալու իրեն վերաբերող տեղեկություններին, ինչից լիարժեք օգտվել է:
Այսպիսով՝ Ճանապարհային ոստիկանությունը նախանձախնդիր է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում հասարակության հետ համագործակցելու, իրատեսական առաջարկություններ, առողջ քննադատություն ընդունելու հարցում, պատրաստակամ դրանք քննարկելու և օրենքով սահմանված կարգով լուծում տալու գործում և հետայսու ևս պահպանելու ու ամրապնդելու է այդ գործելաոճը՝ խստագույնս առաջնորդվելով օրինականության սկզբունքով:
Ճանապարհային ոստիկանություն




Լրահոս