2003-Ի ՏՆՕՐԵՆՆ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ 2011-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս  2011 թվականից ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը «բաց ֆաքսեր» էր ուղարկում՝ ներկայացնելով, թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը յուրացրել «Նաիրիտ»-ի գումարները եւ ինչ վնասներ է հասցրել պետությանը: Նշված փաստերի վրա հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Սակայն պարզվում է, որ այս գործում մեղադրվում է ոչ թե Տ. Սարգսյանը, այլ 2003թ. «Նաիրիտ»-ը ղեկավարող Վահագն Մակարյանը:
Նախ ներկայացնենք ոստիկանության կողմից «Ժողովուրդ»-ին տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը. ««Նաիրիտ» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենը, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն ընկերության շահերի համար օգտագործելով, 2003թ. հունվար ամսին կնքել է անհիմն համաձայնագիր, որով հետագայում պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»:
Սակայն 2011թ.-ից Հ. Առաքելյանը «բաց ֆաքսեր» էր ուղարկում` ներկայացնելով, թե ինչպես է 2011թ.-ից Տիգրան Սարգսյանը յուրացրել «Նաիրիտ»-ի գումարները եւ ինչ վնասներ է հասցրել պետությանը: Դրանից հետո վարչապետը դիմել էր դատախազություն, որպեսզի պարզեն  իրականությունը:
Հիշեցնենք նաեւ, թե Հ. Առաքելյանի «բաց ֆաքսերն» ինչ էին իրենցից ներկայացնում: Օրինակ՝ «Բաց ֆաքս 3»-ում Հ. Առաքելյանը նշում է. «2009թ. մարտ ամսին, այսինքն` գործարանի պայթյունից օրեր առաջ, «Նաիրիտ» գործարանի հաշվեհամարից 35 մլն դոլար է փոխանցվել մի շարք կազմակերպությունների, որից 22 միլիոն դոլարը գնացել է դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, 8 միլիոն դոլարը` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ի հաշիվներին, իսկ 60 մլն դրամ հատկացվել է ոմն Անդրանիկ Հովհաննիսյանի: Մնացած մոտ հինգ միլիոնով էլ մարվել են աշխատավարձի եւ  այլ արտադրական պարտքեր: Որտեղի՞ց գոյացավ այդ գումարը «Նաիրիտ»-ի հաշվին: Ինչո՞ւ 35 մլն դոլարից ընդամենը 150.000 դոլար չներդրվեց պայթյունավտանգ արտադրամասը վերազինելու եւ տեխնիկապես անվտանգ դարձնելու գործին: «Նաիրիտ»-ը պարտք է «Երեւանջէկ» ընկերությանը շուրջ յոթ միլիարդ դրամ: Արդյո՞ք 100 տոկոս պետական բաժնեմասով «Երեւանջէկ» ընկերությունը անտոկոս ու անժամկետ է վարկ տրամադրել «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» օֆշորային մասնավոր ընկերությանը պատկանող «Նաիրիտ» գործարանին, իսկ «Երեւանջէկ»-ը վարկերի միջոցով տարեկան 12 տոկոսով մարել է սպառած գազի դիմաց իր պարտավորությունները «Հայռուսգազարդ»-ի հանդեպ»:
«Ժողովուրդ»-ն իր իրազեկ աղբյուրներից փորձեց պարզել, թե «ֆաքսերի» գործով մեղադրվող Վահագն Մակարյանն ինչի արդյունքում է հայտնվել «մեղադրյալի աթոռին»: Տեղեկացանք, որ Հ. Առաքելյանը 2011թ. բաց եւ փոստային նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ պետին` 31 միլիոն դոլարի գանձագողության հանցագործության մասին հայտարարությամբ: 2003-ի գործը նրա ուղարկած բաց ֆաքսերի հետ կապ չունի: Ոստիկանությունը աղավաղում է ու իսկապես պլստացնում բուն թեման:
Ըստ մեր աղբյուրի՝ Տ. Սարգսյանի կատարած հանցագործությունը հետեւյալն է. 2006-ին «Նաիրիտ»-ի պետական բաժնեթղթերը տրվել են օֆշորային ընկերությանը նվեր, որը վերջինս գրավադրել է «Մեժգոսբանկ»-ում եւ ստացել 70 միլիոն դոլարի վարկ: Սակայն դրանից 39 միլիոնն է մուտքագրվել ՀՀ պետբյուջե, իսկ մնացած 31 միլիոնի ճակատագիրն անհայտ է: Իսկ ամենակարեւորն այն է, որ ե՛ւ օֆշորային ընկերությանը բաժնեթղթերը նվեր տվողը Երեւանում, ե՛ւ «Մեժգոսբանկ»-ի 70 միլիոն դոլար վարկ տվողը Մոսկվայում եղել է նույն մարդը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` որպես «Մեժգոսբանկ»-ի խորհրդի ռոտացիոն նախագահ: Ահա վարչապետի կատարած հանցագործության նկարագրությունը` հակիրճ տարբերակով: Օֆշոր-ֆիրմայի տերերի մասին կառավարությունը լռեց ու չբացահայտեց, եւ այն «բարեհաջող» ավարտեց իր «առաքելությունը», չկատարեց ոչ մի պարտավորություն ու անհետացավ:
Փորձեցինք այս ամենի հետ կապված մեկնաբանություն ստանալ նաեւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Մեզ տեղեկացրին, որ դատախազությունից նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` ընթացքը լուծելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս