«Zika» անունով վիրուսը չի կարող խանգարել մեզ մասնակցելու Օլիմպիական խաղերին. Հրաչյա Ռոստոմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մնացել է 175 օր: Սակայն խաղերի կազմակերպիչներին անհանգստացնող նոր խնդիր է առաջ եկել` «Zika» անունով վիրուսը:

Այս օրերին բազմաթիվ հարցեր են ուղղվում նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին. վիրուսի հնարավոր վտանգների, խաղերի մասնակցության և ձեռնարկվող միջոցների մասին:

Հարցերին առավել հանգամանալից պատասխանելու համար, ՀԱՕԿ-ը հանդիպում էր կազմակերպել Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի և Հայաստանի սպորտային բժիշկների հետ:

Լուսինե Պարոնյանը նախ նկարագրեց, թե ինչ է իրենից ներկայացնում «Zika» վիրուսը և մի քանի խորհուրդ տվեց Ռիո մեկնողներին:

«Zika» վիրուսը տարածվում է համանուն մոծակի միջոցով, առավել վտանգավոր է հղի կանանց համար: Խորհուրդ է տրվում ընտրել լավ օդորակիչներով հյուրանոցներ, հագնել երկարաթև, բաց գույն ունեցող շապիկներ: Վիրուսի գաղտնի շրջանը մի քանի օրից մինչև մի շաբաթ է: Նախաշնանները նման են գրիպի նախանշաններին: Վարակովի չէ: Վարկածներ կան, որ այն տարածվում է նաև սեռական ճանապարհով»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր խոսքում նշեց, որ աղմուկը` կապված «Zika» վիրուսի հետ ուռճացված է:

«Ես չեմ ժխտում վիրուսի գոյությունը, սակայն դրա վերաբերյալ ծավալված խոսակցություններն ու բարձրացրած աղմուկն իսկապես ուռճացված են: Գաղտնիք չէ, որ նման վիրուսներ ժամանակ առ ժամանակ «հայտնվում են», այնուհետև որևէ դեղագործական ընկերություն «հայտանբերում է» կանխարգելիչ պատվաստումը և դրանով գովազդում է իրեն, իսկ Օլիմպիական խաղերից ավելի մեծ PR հարթակ դժվար է պատկերացնել: Անկախ Հայաստանի պատմության մեջ այսպիսի ներուժ ունեցող թիմ դեռ չի եղել (խմբ. Խոսքը վերաբերում է Ռիոյի Օլիմպիական խաղերի հայ մասնակիցներին) և ոչ մի տեսակ վիրուս չի կարող մեր մասնակցությունը հարցականի տակ դնել: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նա պատրաստ է սատարել և միջոցներ տրամադրել Ռիո մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությանը, որպեսզի բոլորն անցնեն անհրաժեշտ բուժզննումը և ստանան պատվաստումներ: Եթե անգամ այդ ամենն անհրաժեշտ լինի իրականացնել Գերմանիայում, Ֆրանսիայում կամ ցանկացած այլ երկրում»:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս