“Հումորն արտակարգ երևույթ է: Նրա մի կայծը բավական է, որպեսզի խստությունը մեղմանա, բարկությունը և չարությունը անէանան, լույս ու ուրախություն իջնեն հոգուն”,- ասել է Մարկ Տվենը:
Իսկ եթե լսելու լինենք որոշ, անգամ նշանավոր մարդկանց, կարելի է կարծել, թե դիվանագետները զուրկ են երկնային այդ պարգևից, քանի որ, իբր, չոր, խստաբարո, իրենց պատյանում ներփակված, հումորից հեռու մարդիկ են: Դիվանագետների մասին բացասական կարծիքի են եղել Բալզակը և Գյոթեն` համարելով նրանց “տառակեր հիմարներե, իսկ ֆրանսիացի գրող Մարսել Պրուստը դիվանագետներին որակել է “անձրևի չափ տաղտկալի”:
Անշուշտ, այդ ցեխում կան նման մարդիկ, որ ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն: Մեր ժամանակներում պրոֆեսիոնալ դիվանագետը կրթական և մտավոր բարձր մակարդակ ունեցող, բազմակողմանի զարգացած անձնավորություն է: Նա շփվում է պետական-քաղաքական գործիչների, մտքի ու գրչի մարդկանց, արվեստագետների հետ և չի կարող լինել անհետաքրքիր, ինչպես ժողովուրդն է ասում` “տափակ”, եթե, իհարկե, ի ծնե բութ չէ: Ուրեմն, եթե դիվանագետն այդպիսին չէ, նա անպայման ունի հումորի զգացում, սրամտելու և սրախոսելու, ծիծաղելու և ծիծաղեցնելու կարողություն, որոնք մեծապես դյուրացնում են նրա աշխատանքը:
Բանակցային դիվանագիտության մեծ փորձ ունեցողները լավ գիտեն, որ հարցերի տևական քննարկումները երբեմն հասցնում են փաստարկների ու հակափաստարկների շփոթության, մասնակիցների հուսախաբության և նյարդայնության, որն ի վերջո հանգեցնում է բանակցությունների սառեցման կամ տապալման: Իսկ հումորի, սրախոսության, կատակի, պատկերավոր դարձվածքների միջոցով նրանք կարող են ստեղծել փոխըմբռնման և փոխզիջման մթնոլորտ, որը հնարավորություն է ընձեռում հաջողությամբ շարունակել բանակցությունները, հանդիպումներն ու զրույցները:
…1990-ականների կեսերին ԵԱՀԽ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը դեսպան Վլադիմիր Շուստովն էր, որին անվերապահորեն կարող ենք անվանել տաղանդավոր: Ասում էր, որ ծագումով հայ է` ականավոր կոնյակագործ Շուստովի տոհմից: Ծնվել է Աշխաբադում և, մինչև ընտանիքի Մոսկվա տեղափոխվելը, խոսել է միայն հայերեն: Համադամ խորտիկների մեծ գիտակ էր: Ֆրանսիացիների չափանիշով` bon vivant` կյանք սիրող, կենսախինդ, կատակասեր: Դիվանագիտական շրջանակներում նա գուրմանի համբավ ուներ, և այդ թեմայով առավել ինքն էր կատակում` լավ իմանալով, որ դրանով չեզոքացնում է ուրիշների հումորն իր նկատմամբ: “Ամեն համեղ բան տանում է ճարպակալման, իսկ ամեն հաճելի բան` անբարոյականության”,– սիրում էր կատակել Շուստովը:
Նա փայլում էր Հոֆբուրգ պալատի (Վիեննա) բոլոր նիստերում: Կենդանի հանրագիտարան էր: Այնքան քաջածանոթ էր ռուս, ամերիկյան և եվրոպական գրականությանը, արվեստներին և, առհասարակ, համաշխարհային պատմությանը, որ իր քաղաքական ելույթները կարողանում էր դարձնել ծայրաստիճան հետաքրքիր ու գրավիչ, սահուն անցումներով, արձակից ու պոեզիայից մեջբերումներով: Սակայն նրա հաղթաթուղթը հումորն էր:
Կարդացած և բազմակողմանի զարգացած դիվանագետներ շատ կան մանավանդ ռուսական դիվանագիտական կորպուսում, սակայն հումորի զգացողության և սրամտության առումով Շուստովն իսկական երևույթ էր: Ամենակնճռոտ և անլուծելի թվացող հիմնախնդիրների քննարկման ընթացքում, երբ դահլիճն ասես էլեկտրականանում էր, ձայն էր խնդրում Շուստովը և իսկական շանթարգելի դեր էր խաղում: Իհարկե, խնդիրները դրանով չէին լուծվում, բայց կարողանում էր լիցքաթափել մթնոլորտը: Նրա արտահայտությունները, մեջբերած աֆորիզմները և անեկդոտները նվազագույնը ժպիտ էին առաջացնում` անտարբեր չթողնելով անգամ ամենամռայլ պատվիրակին: Դա հիշեցնում էր մեկ դերասանի թատրոն՝ բովանդակության, չափի ու ձևի առումով…
Քաղաքական գործիչներն ու դիվանագետները լավ գիտեն հումորի արժեքը և հատկապես տեղը: Նրանք երբեք չեն սրախոսի և չեն կատակի` թիրախ դարձնելով օտար պետությանը ո՜չ նրա ներկայացուցչի ներկայությամբ, ո՜չ էլ նրա բացակայությամբ: Սակայն լինում են դեպքեր, երբ հումորը, կորցնելով բարյացակամ տոնը, փոխակերպվում է սատիրայի՝ խայթելիս ցուցաբերելով քաղաքական միտումներ:
Պատմում են այսպիսի մի դեպք: Հռոմի ճանապարհին Տոսկանայի դուքսը հանդիպում է վենետիկցի մի դիվանագետի և գանգատվում նրան.
– Լսե՜ք, ձեր հանրապետությունը մեզ մոտ մի դեսպան է ուղարկել, որը ոչ մի արժանիք չունի. ո՜չ գիտելիք ունի, ո՜չ էլ դիրք, իսկ անձնական շփումների ժամանակ տհաճ է:
– Այո, մեզ մոտ` Վենետիկում, ապուշներ շատ կան:
– Մեզ մոտ` Ֆլորենցիայում նույնպես ապուշներ շատ կան, բայց, ներեցեք, մենք նրանց չենք արտահանում:
Իսկ երբ մարդիկ սրամիտ են, թագավոր թե դիվանագետ, գիտեն հումորի նշանակությունը բանակցային գործընթացում, միշտ էլ կարող են հասնել փոխըմբռնման, որից միայն շահում են իրենց երկրները:
…1512 թվականին Ֆերդինանդ Արագոնցին Պիրենների հարավում նվաճում է Վերին Նավարան, որը Նավարայի թագավորության մի մասն էր, և դարձնում Իսպանիայի նահանգ: Իսկ նույն թագավորության փոքր` Հյուսիսային մասը մինչև 1589 թվականը, այսինքն` մինչև Հենրի IV-ի (Նավարացի) Ֆրանսիայի թագավոր դառնալը, հատուկ թագավորություն էր: Այնուհետև ամբողջովին մտնում է Ֆրանսիայի կազմի մեջ` պահպանելով իր կարգավիճակն ու իրավունքները: Ֆրանսիացի թագավորները մինչև 1830 թվականը կրում էին Ֆրանսիայի ու Նավարայի թագավորներ տիտղոսները:
Մի անգամ Իսպանիայի դեսպան դոն Պեդրո դե Տոլեդոն Լուվրում զրուցում է Հենրի IV-ի հետ: Թագավորը խոսում է փոքր-ինչ վերամբարձ տոնով և շեշտում, որ ինքը նաև Նավարայի տիրակալն է, անդրադառնում է իսպանական Նավարայում իր իրավունքներին: Երբ դեսպանը հակադրվում է, թագավորն ասում է.
– Ձեր առարկությունները ճիշտ են այնքանով` որքանով, և ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ես չեմ հայտնվել իսպանական Նավարայի մայրաքաղաք Պամպլոնում: Տեսնեմ, թե այնժամ ով կհամարձակվի պաշտպանել ձեր իրավունքները:
Դեսպանը չի պատասխանում, վեր է կենում և փութով ուղղվում դեպի դուռը:
– Այդ ո՞ւր,– դեսպանի հետևից կանչում է թագավորը:
– Ա՛խ, տիրակալ, ես մեկնում եմ, որպեսզի Ձերդ մեծությանը դիմավորեմ Պամպլոնում և կազմակերպեմ Ձեզ արժանավայել ընդունելություն,– պատասխանում է դոն Պեդրոն:
Հենրի IV-ը քահ-քահ ծիծաղում է և այդ օրից Պամպլոնի հարցը հանում է ֆրանս-իսպանական բանակցությունների օրակարգից:
Վերջում` մի խորհուրդ դիվանագետներին: Մի անտեսեք հումորը: Հիշեք, որ տեղին ասված սուր, դիպուկ և տարողունակ խոսքը կարող է հասարակ թղթի մեջ փաթաթված թանկարժեք զարդ լինել: Բացեք փաթեթը, և նրա պայծառ շողերը լույս կսփռեն ձեր շուրջը:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat .am