Պետրոս Մեծը, գալով Փարիզ, ծնրադրել է կարդինալ Արման Ռիշելյեի արձանի առաջ և խոստովանել.”Եթե դու կենդանի լինեիր, ես թագավորությանս կեսը կտայի քեզ, որպեսզի օգնեիր ինձ կառավարելու մյուս կեսըե: Սա ասել է ժամանակի ուժեղագույն մարդկանցից մեկը: Եվ հենց այնպես չի ասել: Արման Ժան Դյու Պլեսի դը Ռիշելյեն` Ֆրանսիայի կարդինալը և Լյուդովիկոս XIII-ի առաջին նախարարը, իր գործունեությամբ երկրի պատմության մեջ նշանավորեց մի դարաշրջան, որն իրավամբ կոչվում է նրա անունով: Նա քաղաքական ասպարեզ է իջել, երբ Ֆրանսիան ներքին ու արտաքին քաղաքական խորը ճգնաժամի մեջ էր. դատարկ գանձարան, կաթոլիկների և բողոքական հուգենոտների միջկրոնական կատաղի ընդհարումներ, կենտրոնախույս ազնվականների կռիվներ, քայքայված բանակ, հարևան երկրների ռազմական սպառնալիք: Մի խոսքով` դրված էր պետականության լինել-չլինելու հարցը: Եվ այս ամենի համայնապատկերին կարդինալն անում է ամպագոռգոռ մի հայտարարություն, որը շատերն ընդունում են ներողամիտ ժպիտով` համարելով դիվանագիտական երևակայություն՝ ֆանտազյորություն, հավակնոտ կարդինալի թեթևամտության՝ ֆանֆարոնության դրսևորում:
“Ես իշխանության եմ եկել,- ազդարարել է Ռիշելյեն,- որպեսզի վերականգնեմ Գալիայի սահմաններըե: Բայց և՜ ասել է, և՜ արել: Ռիշելյեն համաշխարհային պատմության ամենահայտնի դեմքերից է: Անժխտելի փաստ է, որ կարդինալն իրենից հետո թողեց մի աշխարհ, որը տարբերվում է այն աշխարհից, որտեղ նա հայտնվել էր: Ռիշելյեն ստեղծել և գործի է դրել քաղաքական մի մեխանիզմ, որով Ֆրանսիան շարժվել է երեք հարյուր տարի:
XVII դարում Ֆրանսիան Ֆրանսիա դարձրեց կարդինալը: Եվ ոչ միայն: Լյուդովիկոս XIII-ը կարողացավ մնալ գահին շնորհիվ կարդինալի: Լինելով թուլակամ, անվճռական և փոքր կարողությունների տեր անձնավորություն` նա պարզապես գունատ էր երևում Ռիշելյեի փայլատակող տաղանդի կողքին ոչ միայն միջազգային հարաբերություններում, այլև ներքաղաքական կյանքում: Ֆրանսիան իրականում կառավարում էր կարդինալը: Այս հանգամանքը, բնականաբար, շահարկում էին նրա քաղաքական հակառակորդները, հատկապես` թագավորի մայրը` Մարիա Մեդիչին, և որոշ չափով նաև թագուհին` Աննա Ավստրիացին: Ռիշելյեին իսկական պատերազմ էին հայտարարել նրա թշնամիները:
Դավադրություններն անպակաս էին: Կարդինալը, լինելով ավելի սուսերի ասպետ, քան եկեղեցու ծառա, հմտորեն օգտագործում էր ուժն ու խորամանկությունը քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Նա այնքան խելացի էր, որ երբեք չէր ձգտում տիրանալ գահին: Վերջին հաշվով, նրա ինչին էր դա պետք, երբ երկրի փաստացի տերն ինքն էր: Լինելով նուրբ հոգեբան և նույնքան էլ հմուտ դիվանագետ` նա ներկայանում էր աշխարհին և թագավորին` որպես վերջինիս կամքի ու ծրագրերի իրականացնող: Ռիշելյեն այնքան վարպետորեն էր վարում գործերը Լյուդովիկոս XIII-ի հետ, որ վերջինս, հաճախ` կարդինալից անկախ, ինքն էր հանգում նրա իսկ եզրակացություններին: Նման արդյունքի կարող են հասնել միայն բարձրակարգ պրոֆեսիոնալ դիվանագետները: “Ես թշնամի չունեմ` բացի պետության թշնամիներից”,– մի առիթով ասել է կարդինալը: Եվ այդ թշնամիների դեմ պայքարել է բոլոր միջոցներով` մինչև իր կյանքի վերջը, քանի որ նրա գործողություններն ու ողջ փիլիսոփայությունը ուղղված էին միացյալ պետություն` բացարձակ միապետություն ստեղծելու սևեռուն գաղափարին: Ռիշելյեն առաջին խոշոր քաղաքական գործիչն էր, որ արտաքին քաղաքականությունը պայմանավորել է ներքին քաղաքականությամբ: Նախ` կարգուկանոն հաստատել տանը: Նա երկաթե ավելով մաքրել է Ֆրանսիայի ավգյան ախոռները: Ազնվական լինելով հանդերձ` նա առաջին հերթին կարգի է հրավիրել, պատժել և պետական օրենքները պարտադրել ազնվականությանը` արիստոկրատիային, որն իրեն օրենքից դուրս էր հայտարարել. հարկերը չէր վճարում, պահում էր զինված գվարդիաներ, արհամարհում և ահաբեկում էր հասարակ մարդկանց (ծանոթ տեսարան այսօրվա մեր կյանքից): Սակայն ասել, թե Ռիշելյեն սուրբ էր և ապրում էր ճգնավորի կյանքով, նշանակում է վարկաբեկել նրա հիշատակը: Կարդինալը սիրում էր փողը, բայց չէր կուտակում: Ծախսում էր և՜ իր հաճույքի, և՜ պետության հզորացման համար. ռազմական ու լրտեսական ծախսեր, շինարարություն, մշակութային կյանք:
Նա մեծ մեկենաս էր, գրականության, արվեստի և հատկապես թատրոնի գիտակ ու հովանավոր: Կարդինալը կմնա պատմության մեջ որպես Ֆրանսիայի ակադեմիայի հիմնադիր: Նա ստեղծել է դիվանագիտական ակադեմիա, հիմնադրել “Gazette de France” շաբաթաթերթը: Ալեքսանդր Դյուման իր անմահ “Երեք հրացանակիրներ” վեպում լռում է կարդինալի սիրային գործերի մասին: Մինչդեռ Ռիշելյեն սիրել է, և նրան են շատ սիրել: Երկու սիրուհիները` մարկիզուհի դը Նելսը և կոմսուհի դը Պոլիյակը, անգամ մենամարտել են նրա համար, չնայած կարդինալը հրամանով արգելել էր մենամարտը: Իսկ Ռիշելյեն և թագուհի Աննա Ավստրիացին, որ ժամանակին հակառակորդներ էին, հետագայում սիրավեպ են ունեցել, որը, սակայն, ինչպես վկայում են աղբյուրները, մնացել է պլատոնական սիրո սահմաններում:
Իսկ որոշակի ի՞նչ հետք է թողել Արման Ռիշելյեն դիվանագիտության պատմության մեջ:
Նա սերունդների դատին է հանձնել իր հայտնի ,Քաղաքական կտակըե, որը փայլուն կերպով բռնել է դարերի քննությունը: Նախ նա այստեղ արել է մի շատ կարևոր հայտնություն` դիվանագիտությունը` որպես բանակցային արվեստ, պետք է լինի շարունակական: Les nռgociations permanentes, ֆրանս.՝ անընդհատ բանակցություններ): Այսինքն` դիվանագիտությունը ոչ թե միաժամանակյա գործողություն է, այլ մշտական գործընթաց: Անկախ այն բանից` պետությունները պատերազմի մեջ են, թե խաղաղություն է տիրում, հարկ է բանակցել: Բանակցությունն այլընտրանք չունի: Այս միտքը երկրորդել է Չերչիլը իր հումորին հատուկ բառախաղով, ասելու համար, որ ուզած բանակցությունը պատերազմից նախընտրելի է.”Չանգա ծեծելը միշտ էլ կռվելուց լավ է” (To jaw-jaw is always better than to war-war, անգլ.):
Կարդինալ Ռիշելյեն հետևողականորեն այն միտքն է քարոզել, որ պետական շահերն առաջնային են, անխախտ, վեր ամեն ինչից: Այդ շահերը երբեք չի կարելի զոհել զգացմունքներին, գաղափարախոսությանը, հայեցակարգային ավանդույթներին ու սովորույթներին: Ելնելով այս կանխադրույթից` նա պետականության գաղափարը դարձրել է Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության դոմինանտն ու բացարձակ արժեքը: Կարդինալի այս խրատը հույժ օգտաշատ կարող է լինել հատկապես մեզ` հայերիս համար, քանզի մենք առ այսօր չենք կարողացել ազգային պետականության գաղափարը տարբերակել կուսակցական գաղափարախոսությունից: Պատմության մեջ առաջինը նա է ստեղծել քարոզչական համակարգ` երկրի ներսում տեղեկատվական աշխատանքներ կատարելու և հասարակական կարծիքի համակրանքը շահելու համար: Կարդինալն իր դեսպաններին սովորեցրել է, որ միջպետական պայմանագիրը լուրջ գործ է, և այն ստորագրելիս պետք է ցուցաբերել մեծ զգուշություն: Իսկ եթե փաստաթուղթն արդեն ստորագրված է, հարկավոր է այն հարգել և նրա պահանջները կատարել “ուխտավորի բծախնդրությամբ”:
Ըստ Արման Ռիշելյեի` արտաքին քաղաքականության համար կործանարար է, երբ դիվանագիտությամբ զբաղվում են տարբեր գերատեսչություններ և դիլետանտներ: Նման պրակտիկայից խուսափելու համար 1626 թվականի մարտին նա հրապարակել է որոշում (դեկրետ), որով արտաքին քաղաքականությունը հանձնարարվել է մեկ օրգանի` արտաքին գործերի նախարարությանը, և ոչ ոք իրավունք չուներ խառնվելու նրա և դեսպանությունների աշխատանքին: Սա նույնպես շատ օգտակար կարող է լինել մերօրյա դիվանագիտության համար:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
Diplomat .am