ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՆՉ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ «ՊՈԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն անցած շաբաթ օրը հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը: Ի տարբերություն նախորդ ընտրական գործընթացների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցների, այս մեկն աչքի է ընկնում բավականին կոշտ որակումներով: «Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որեւէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում: Ավելին, նշված փաստաթղում նման բազմաթիվ պարբերությունների կարելի է հանդիպել: Օրինակ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները արձանագրել են նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում իշխանությունների կողմից իրենց պաշտոնական լիազորություններն օգտագործվել են «Այո»-ի օգտին անհրաժեշտ քանակով քվեներ ապահովելու համար: Այլ կերպ ասած, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանին, Ս. Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանին մեղադրել են իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանի ժողովրդավարացման տեսանկյունից շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Սակայն իրականում տեղի ունեցածն ավելի շուտ կարելի է որպես գույժ ընդունել: Բանն այն է, որ նախորդ հետընտրական զեկույցների փորձից հայտնի է, որ եթե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել է խիստ քննադատության դիրքերից հանդես գալ, ապա նշանակում է՝ նրանք ՀՀ իշխանություններից ինչ-որ զիջում են ակնկալում ստանալ: Իսկ երբ նրանք իրենց ուզածը ստանում են, ընտրությունները կրկին դառնում են «քայլ առաջ»:

 

 
Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն առաջիկայում կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում Շավարշ Քոչարյանի` դեսպան նշանակվելու մասին լուրերը: ԱԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան` հայտնեցին. «Դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ բարձրաձայնել դեսպանների փոփոխության, այդ լուրերի իսկության, դեսպանի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ՝ մինչեւ հավատարմագրող երկրի ղեկավարի հրամանագրի հրապարակումը։ Դա կոռեկտ չէ ո՛չ ընդունող երկրի, ո՛չ էլ հավատարմագրող երկրի նկատմամբ։ Որեւէ երկրում դեսպանի նշանակումը ենթադրում է որոշակի ընթացակարգ»: Այսինքն՝ ԱԳՆ-ն տարածված լուրերը չի հերքում, քանի որ «կոռեկտության խնդիր» կարող է առաջանալ միայն, երբ տվյալ անձի նշանակումն իսկապես ընթացքում է:

 

 
Այսօր լրանում է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովին մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներ ներկայացնելու ժամկետը: ԱԺ իշխանական մեծամասնության սահմանած կարգով նշված հանձնաժողովն իրեն ներկայացված թեկնածուներից պետք է ընտրի մեկին եւ ներկայացնի խորհրդարանի հաստատմանը: Սակայն ՀՀ Սահմանադրությունում իրավասու հանձնաժողովին իրավունք չի տալիս մեկ թեկնածու ընտրել եւ առաջադրել ԱԺ-ին: Ներկա՝ մեկին առաջադրելու կարգը հակասահմանադրական է, քանի որ հանձնաժողովին վերապահվում է ԱԺ-ի` ՄԻՊ ընտրելու լիազորությունը: Կարելի է ասել, որ հակասահմանադրական ճանապարհով ՀՀԿ-ն փարատում է իր վախերը, որպեսզի խուսափի իր թեկնածուի քվեարկության տապալումից, քանի որ ԱԺ-ն ՄԻՊ-ին պետք է ընտրի գաղտնի քվեարկությամբ: Բա որ հանկարծ ՀՀԿ-ականներն ուրիշ թեկնածուի ընտրե՞ն: Նշենք, որ ՄԻՊ պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ԱԺ ընդդիմությունը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

 

 
Պարզվում է՝ ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցները քննարկելիս Հայաստանին դեմ են քվեարկել ոչ միայն Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության, այլ նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները: ԵԼԴԿ-ում Հայաստանից ներկայացված է ՀԱԿ կուսակցությունը: Ուստի, երբ ՀԱԿ-ի անդամները ՀՀ իշխանություններին քննադատեցին՝ հակահայկական զեկույցները կանխել չկարողանալու համար, ՀՀԿ անդամները նրանց հակադարձեցին, որ իրենք էլ չկարողացան կանխել, որ ԵԽԽՎ-ում ԵԼԴԿ անդամները Հայաստանի դեմ չքվեարկեն: ՀԱԿ-ի ներկայացուցիչները ստիպված էին խոստովանել, որ 5 հազ. դոլար անդամավճար չվճարելու պատճառով իրենք ԵԼԴԿ նիստերին չեն մասնակցել: Փոխարենը ԵԺԿ-ին ոչ միայն ՀՀԿ-ն է անդամակցում, այլ նաեւ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»: Ու հետաքրքիր է, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի երեք կուսակցությունները չեն կարողացել ԵԺԿ-ի հակահայկական տրամադրությունները մեղմել: Միայն ՀՀԿ-ն տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում՝ ԵԺԿ-ի նիստերին մասնակցելու, այդ կուսակցության պատվիրակներին ՀՀ-ում ընդունելու համար: Փաստորեն անարդյունք:

 

 

 
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ

Մի քանի օր առաջ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն իրեն «խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպված է, ու մի օր պետք է ասի` էդ ով էր կազմակերպել»: Իհարկե, հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները անցած 16 տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդես են եկել «կազմակերպիչների» մասին էմոցիոնալ հայտարարություններով, սակայն մինչ օրս, կարծես թե, չէր եղել նման հստակ ձեւակերպում առ այն, որ ներկայումս երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը տեղեկացված է եղել եւ բարձրաձայնել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպված է:
Եվ չնայած սրան` Արամ Սարգսյանի այս հայտարարությունն էլ կարող էր անցնել-գնալ, եթե չլիներ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Սերժ Սարգսյանին վերը նշված հայտարարության կապակցությամբ հարցաքննության կանչելու պահանջով: Եվ հիմա, ուզեն, թե չուզեն, ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու ընթացք տալ այս խնդրին, որի շրջանակներում, ի դեպ, ամեն անգամ Սերժ Սարգսյանի անունը զուգադրվելու է հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին իմանալ-չհայտնելու` «օդում կախված» մեղադրանքի հետ:
Թե ինչու է Արամ Սարգսյանը (ով, ի դեպ, ոճրագործությունից անմիջապես հետո ուղիղ կես տարի զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը եւ տիրապետում էր բոլոր լծակներին` կազմակերպիչներին բացահայտելու համար) հենց հիմա նման հայտարարություն անում, կա՞ այդտեղ որեւէ հաշվարկ, թե դա եղբոր կորստի ցավի հետ չհամակերպվող մարդու էմոցիոնալ պոռթկում է, դժվար է ասել: Պարզ է, սակայն, մի բան, որ Սաքունցի այս դիմումով, թեկուզ ֆորմալ առումով, գլխավոր դատախազությունը ստիպված է լինելու հետամուտ լինել հնչած հայտարարության հիմքերին, ինչի արդյունքում պատասխանատվության դաշտում են հայտնվելու թե՛ այդ տարիներին ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, թե՛ հայտարարության հեղինակը` նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Հակառակ դեպքում գլխավոր դատախազն ինքն է հայտնվելու հնարավոր «կազմակերպիչներին» կոծկողի դերում:
Թե ինչպիսի հանգուցալուծում կունենա այս պատմությունը, եւ թե, ի վերջո, ում եւ ինչ չափի ականջներ կերեւան այս ամենի հետեւում, ժամանակը ցույց կտա, կամ էլ հերթական անգամ կկոծկի: Ամեն դեպքում, իրավապաշտպանի այս դիմումը շատ կարեւոր է, որպեսզի իրենց հնչեցրած հայտարարությունների հարցում շատ ավելի զգույշ եւ պատասխանատու լինեն բոլորը: Հանկարծ ու մի իրավապաշտպան հաշվի չառնի, որ մեր իրավապահ համակարգը ծայրեծայր կոռումպացված եւ կամակատար համակարգ է. վերցնի ու նման անհարմար դիմումներով ընթացք տա գործին` բավականին ծանր վիճակում դնելով բոլոր կողմերին:




Լրահոս