Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը փետրվարի 6-ին կոշտ զեկույցով էր հանդես եկել` քննադատելով թե՛ քվեարկության ու հաշվարկի ընթացքը, թե՛ հանրաքվեի կազմակերպումն ու բողոքարկումը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, փետրվարի 6-ին ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ կոշտ զեկույցով հանդես եկավ՝ իր մտահոգությունը հայտնելով առ այն, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Ի՞նչ կհետեւի այս զեկույցին:
-ԵԱՀԿ-ն ֆիքսել է այն բոլոր կետերը, ինչ մենք ամիսներ շարունակ ասում էինք: Այսինքն՝ իրենք եվրոպայում հասկանում են, որ պրոբլեմներ կան, բայց Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ դիտավորյալ են անում: ԺՄԻԳ-ի զեկույցը սկսվում է նրանով, որ ընտրական օրենսգրքում, որով հանրաքվեն անցկացրել են, վերջին փոփոխությունն արվել է նոյեմբերին: Այսինքն՝ նոյեմբերին փոփոխություն են անում, իսկ դեկտեմբերի 6-ին քվեարկություն: Աշխարհը նման բան չի տեսել: Եւ ԺՄԻԳ-ը, պարզ է, որ ֆիքսել է այս ամենը: Քանի տարի է` մենք նշում ենք, որ Հայաստանի ընտրացուցակներն ուռճացված են, հարկավոր է մաքրել: Նույնն էլ ԺՄԻԳ-ը 2012 թվականի զեկույցներից սկսած ամեն անգամ ասում է, որ Հայաստանում ընտրացուցակներն ուռճացված են, պետք է մարքել: Այսինքն՝ մեր երկրում գործող բոլոր այն խութերը, որոնք կեղծիքների հիմք են տալիս, արձանագրված են այդ փաստաթղթում:
-ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի զեկույցում առանձին տողով նշված էր նաեւ այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից միջամտություն է եղել: Ինչպես նաեւ զեկույցում հատուկ քննադատություն կար առ այն, որ պաշտոնյաները քարոզարշավի ընթացքին ներգրավված են եղել: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:
-ՀՀԿ-ի պատասխանատվության մասն այս անգամ ավելի խիստ էր, քան նախորդ անգամներում: Այստեղ հասցեատերը կոնկրետ ասում է, որ խախտումների կազմակերպիչը հենց ՀՀԿ-ն է: Այս առումով կոնկրետացում կար: Պաշտոնյաների ներգրավածության մասով շատ մանրամասն գրված էր: Քանի անգամ ենք ասել, որ օրենքի խախտում է, վարչական ռեսուրսի կիրառում, վարչական դիրքի չարաշահում:
-Պարո՛ն Մանուկյան, ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի զեկույցը, ընդհանուր առմամբ, ի՞նչ կարող է փոխել, ի՞նչ սպասենք այս զեկույցից:
-Մենք այնքան ռոմանտիկ չենք, որ, ասենք թե, հնարավորություն ունենք այս փաստաթղթի հիման վրա չեղյալ համարել դեկտեմբերի 6-ի հանրաքվեն: Բայց այս փաստաթուղթը լուրջ հիմք է տալիս իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու, առաջիկա ընտրական համակարգը բարելավելու համար: Այս փաստաթուղթը երրորդ անգամ անընդմեջ ՀՀ իշխանություններին ասում է՝ բարձրացրու քո քաղաքացիների վստահությունը ընտրությունների նկատմամբ եւ պատիժներ սահմանիր այն մարդկանց նկատմամբ, ովքեր խախտումներ են անում: Եվ այս փաստաթղթում ֆիքսվել է, որ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի հանձնարարականները ՀՀ իշխանությունները չեն կատարել: Այսինքն՝ սա կարծես վերջնագրի նման մի բան է՝ կա՛մ կատարիր այս հանձնարարականները, կա՛մ ինձնից ուրիշ բաներ մի սպասիր: Այս զեկույցը դրական է այն առումով, որ մենք կօգտագործեք նշված հանձնարարականները որպես ուղեցույցներ եւ կփորձենք ընտրական օրենսգրքում անցկացնել այդ կետերը: Մասնավորապես 2-3 կետի մասին է խոսքը. ցուցակները մաքրել, ընտրած քաղաքացիների ցուցակները հրապարակել, էլեկտրոնային մատնահետքով քվեարկություն իրականացնել եւ նկարահանել բոլոր տեղամասերը:
-Սահմանադրական փոփոխություններից հետո այժմ ՀՀ իշխանությունները զբաղված են նոր ընտրական օրենսգրքի մշակմամբ եւ արդեն խմբի փաստացի ղեկավար Հրայր Թովմասյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր են անցնել էլեկտրոնային քվեարկության տարբերակին: Այս մեթոդը ի՞նչ վտանգներով է հղի: Հնարավո՞ր է՝ Հայաստանում էլեկտրոնային քվեարկությամբ ապահովել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:
-Ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որ չգիտեմ՝ ինչի մասին է, ես չգիտեմ՝ ինչ տարբերակ են բերելու: Մեր առաջարկած տարբերակով ոչ թե էլեկտրոնային քվեարկությունն է, այլ քաղաքացիների գրանցումը էլեկտրոնային տարբերակով, որը նշանակում է՝ դու մտնում ես տեղամաս, մատնահետքդ վերցնում են, եւ դու այլեւս չես կարող որեւէ տեղ մտնել:
-Ընդդիմադիր կուսակցությունները՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, որեւէ կերպ չեն մասնակցում ԸՕ փոփոխություններին: Ինչո՞ւ: Հրավեր չկա՞, թե՞ հետաքրքրություն դեպի այդ գործընթացը:
-Մասնակցում ենք եւ ներկայացնում ենք մեր բոլոր առաջարկները: Մեր առաջարկները քաղաքական այլ ուժերի հետ համատեղ ենք դարձնում, որոնք, բնականաբար, կներկայացնենք օրենքի քննարկման ժամանակ: Մեր առաջարկները համընկնում են ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի առաջարկների հետ: Չմասնակցելու մասին երբեւէ խոսակցություն չի եղել:
ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՅԴ ՔԱՂՑՐ ԲԱՌԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՄԻԿՐՈԼՈԳԻԱ
ԲՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին «ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, հրապարակումներ եղան, որ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ նախատեսել են Նաիրա Զոհրաբյանի հրաժարականի հարցը, ստորագրահավաք են փորձում կազմակերպել այդ կապակցությամբ եւ դիմելու են նախագահին եւ վարչապետին, տեղյա՞կ եք Դուք այդ գործընթացից:
-Իհարկե:
-Դուք մասնակցո՞ւմ եք ստորագրահավաքին:
-Իհարկե:
-Ի՞նչն է պատճառը: Նա չի կարողանում իրականացնել ԲՀԿ նախագահի լիազորությունը:
-Մեր նպատակն այս տարիների ընթացքում կոալիցիա մտնել, պաշտոններ ստանալ եւ կերակրատաշտին, «լափամանին» մոտ լինելուն էր ուղղված, իսկ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է եւ խանգարում է այդ գործընթացին:
-Ստացվո՞ւմ է՝ պարտադրել Նաիրա Զոհրաբյանին հրաժարական տա՞լ:
-Այո՛, առայժմ 50 տոկոսով, մենք՝ ստորագրողներս, համաձայն ենք, իսկ տարածքային կուսակցական կառույցները դեմ են եւ պաշտպանում են Նաիրա Զոհրաբյանի տեսակետը:
-Բացի Ձեզանից՝ ովքե՞ր են ստորագրել Նաիրա Զոհրաբյանի հրաժարականի օգտին:
-Բոլոր նախկին կաշառակերները եւ երիտասարդ ապագա կաշառակերները, ովքեր, եթե քնելուց առաջ մի կտոր իշխանական բլիթից չենք համտեսում, քունները չի տանում:
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք ո՛չ երիտասարդ եք, ո՛չ նախկին պաշտոնյա, հետեւաբար նախկին կաշառակեր էլ չեք, ինչո՞ւ եք միացել այդ գործընթացին:
-Հաա, հաա / ծիծաղում է/, միկրոլոգիայումս կարտացոլվի պաշտոնս:
-Պարո՛ն Խաչատրյան, կարո՞ղ եք ստորագրողներից մի քանիսի անունը տալ:
-Հա, հա/ ծիծաղում է/, Դուք այդ բոլոր հարցերը լո՞ւրջ էիք տալիս:
-Իհարկե:
-Ինձ թվաց՝ Դուք մամուլում տպված նմանատիպ նյութերի մարաթոնի ֆոնին պարզապես ցանկանում էիք՝ նմանատիպ մի նյութ էլ Դուք գրեիք, որը կլինի կարդացվող, սենսացիոն:
-Ո՛չ, ինձ՝ որպես կայացած մամուլի ներկայացուցչի, հետաքրքում է իրականությունը, որը ես պարտավոր եմ փոխանցել ընթերցողներին:
-Իրականությունն այն է, որ ԲՀԿ կուսակցությունը միասնական է, բազմակարծիք, կուսակցության անդամները հավատում են իրենց նախագահին եւ քաղխորհրդի անդամներին, իսկ ստորագրահավաքը էժանագին ապատեղեկատվություն է եւ ուղղորդված հիմարություն:
Առիթից օգտվելով՝ եւս մեկ անգամ շնորհավորում եմ 5-ամյա «Ժողովրդին» ժողովրդի անունից եւ ցանկանում եմ՝ այսուհետ եւս լինեք այնպիսին, ինչպիսին եղել եք այս տարիների ընթացքում:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՎՊ ՀԱՐՈՒՍՏ ՆՈՐ ԱՆԴԱՄԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը նոր անդամ Դավիթ Չիբուխչյանը բավականին պատկառելի ունեցվածք է հայտարարագրել: Տակավին երիտասարդ 35-ամյա Չիբուխչյանն իր պաշտոնում նշանակվել է անցած տարվա նոյեմբերի 19-ին: Նա հայտարարագրել է 6.5 մլն դրամ, 32 հազար դոլար, 11 հազար եվրո եւ 512 հազար ռուսական ռուբլի դրամական միջոց: Բացի այդ՝ հայտարարագրել է նաեւ «Toyota Corolla 1.6» եւ «Kia Sorento 3.3L» մակնիշի ավտոմեքենաներ: Տեղեկացնենք, որ երիտասարդ մասնագետի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 400 հազար դրամ: Սակայն դա նրա միակ եկամտի աղբյուրը չի եղել, նա անցած տարի որպես վարձավճար ստացել է 3 մլն 800 հազար դրամի եկամուտ: Դավիթ Չիբուխչյանը 2007թ. դեկտեմբերից զբաղեցրել է ՎՊ-ի պետական բյուջեի վերահսկողության վարչության մուտքերի վերահսկողության բաժնի պետի, իսկ 2008թ. հուլիսից` երկրորդ վարչության պետի պաշտոնները: Այսինքն՝ ինչպես իր ավագ պաշտոնակիցները, նա եւս պետական պաշտոնում աշխատելով՝ սրընթաց հարստացել է: Այսինքն՝ կարող է իրեն համարել ՀՀ կառավարման կոռումպացված համակարգի լիիրավ անդամը:
ԴԱՏԱՐԱՆԸ ԿՈՐՈՇԻ
Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը՝ Հոպոպը: Հիշեցնենք, որ Սերոբ Խաչատրյանի որդին՝ Մայիս Խաչատրյանը, կալանավորված է 2015-ի մայիսին Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` դիտավորությամբ անձին միջինի ծանրության վնաս պատճառելը: Մայիս Խաչատրյանը դեռ դատապարտյալ չէ, ուստի նախաքննական մարմինը պետք է որոշի նրան թույլ տալ կամ չտալ հոր հուղարկավորությանը մասնակցել:
ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ
Արագածավան համայնքում փետրվարի 4-ին հնչած կրակոցներից, ինչպես հայտնի է, երկու մարդ էր զոհվել: Ըստ լուրերի՝ նշված համայնքի բնակիչներից մի քանիսի միջեւ արմատավորված թշնամանքը տարիների վաղեմություն է ունեցել: Պարզվել է, որ Արագածավան համայնքի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի որսորդական հրացանից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով էլ սպանվել են Արտյոմ Խամոյանը եւ 49-ամյա Վարդգես Գալստյանը:
Եվ սպանվածների հարազատներն էլ իրենց հերթին վրեժխնդիր լինելու նպատակով այրել էին Սեդրակի հարազատներին պատկանող ավտոմեքենաները: Նշենք, որ երեկ մեզ տեղեկություններ հասան, որ կրակողի հարազատները այս օրերին հնարավորինս փորձում են թաքնվել սպանվածի բարեկամներից: Այսինքն՝ համագյուղացիների միջեւ թշնամության այս պատմությունը չի կարելի ավարտված համարել, եւ եթե իրավապահները ստեղծված իրավիճակին լուծում չտան, ապա այն հաստատ շարունակություն կարող է ունենալ՝ նոր զոհերով: