ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՆ ՈՒ ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՈՂ ԴԵՂԱՀԱԲԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներից բացի՝ «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյաները եւս Ֆրանսիայից թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր են Հայաստան տեղափոխել տվել:

Հիշեցնենք՝ դեռեւս 2015 թվականին գրել էինք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Բանն այն է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» եւ Արթիկի ՔԿՀ-ի դատապարտյալները Ֆրանսիայից Հայաստան թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր են Հայաստան տեղափոխել, որտեղ արդեն «Հայփոստ» բաժանմունքից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է դրանց կիրառումը:
Նշենք, որ հոգեմետ նյութերը դատապարտյալներին ուղարկվել էր Ֆրանսիայի Լիոն քաղաքից, փոստային առաքումով: Տեղեկացնենք, որ ուղարկվածը եղել էր 218 հատ ամբողջական եւ 5 հատ կոտրված դեղահաբեր, ընդհանուր 86.59 գրամ քաշով, որոնք պարունակում են առանձնապես խոշոր չափերով` 1.7318 գրամ ընդհանուր քաշով, բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այս գործարքի բացահայտումից հետո «Կոշ» եւ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից 6 հոգու մեղադրանք էր առաջադրվել: Եւ մինչ այս գործով առաջին ատյանի դատարանում դատական նիստերը շարունակվում են, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նման գործունեությամբ միայն վերոնշյալ ՔԿՀ-ի դատապարտյալները չեն զբաղվել:
Տեղեկացանք, որ ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալները եւս նման բիզնես են սկսել եւ շատ հեռու գնացել:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւան քաղաքի բնակիչ Տիգրան Ղանդիլյանը, լինելով ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ դատապարտյալ, որոշել է Ֆրանսիայից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց` շուրջ 2.312 գրամ բուպրենորֆին թմրակտիվ բաղադրատարր պարունակող 289 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբ տեղափոխել Հայաստան: Եվ, ահա, գործը գլուխ բերելու համար նա իր հորեղբոր տղային` Միքայել Ղանդիլյանին ասել է, որ կապ հաստատի Ֆրանսիայի բնակիչ, իրեն ծանոթ Արամ Նազարյանի հետ, որպեսզի վերջինիս միջոցով կարողանան դեղահաբերը Հայաստան բերել:
Այս գործին, բացի դատապարտյալ Տիգրան Ղանդիլյանից, մասնակցել է նաեւ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Չաբալյանը: Այսպիսով, տղաների ծրագրած գործը գլուխ է եկել եւ դեղահաբերի նշված չափաբաժինը տեղափոխվել է Հայաստան: Երբ դատապարտյալ Տիգրան Ղանդիլյանի ցուցումով եղբայրը հանդիպել է դատապարտյալ ընկերոջ՝ Աշոտ Չաբալյանի մտերիմին՝ Արթուր Մարգարյանին, որպեսզի դեղահաբի որոշ մաս հանձնի նրան, ծրագիրը տապալվել է:
Ինչպես նմանօրինակ բոլոր գործերում, այս գործն էլ առանց կանանց «գլուխ չի եկել»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւան քաղաքի բնակիչներ Քնարիկ Գրիգորյանը եւ Սրբուհի Ժամկոչյանը եւս հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Քանի որ ծանոթ լինելով դատապարտյալ Տիգրանի հետ՝ կատարել են նրա հրահանգը:
Քնարիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ դատապարտյալ Տիգրան Ղանդիլյանի դրդմամբ թմրակտիվ բաղադրատարր պարունակող թվով 243 դեղահաբերը ապօրինի պահել է իր մոտ եւ հանձնել է Սրբուհի Ժամկոչյանին: Վերջինս էլ այն պահել է Երեւան քաղաքի Թբիլիսյան այգում: Եվ երբ նշված օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, ցանկացել է այն հանձնել «Սեւան» ՔԿԸ դատապարտյալ Տիգրան Ղանդիլյանի կողմից ուղարկված Երեւան քաղաքի բնակիչ Հակոբ Սայրադյանին, իրավապահների կողմից բերման է ենթարկվել:
Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ սուբոտեքս տեսակի դեղահաբը օգտագործում են կանայք՝ հղիությունը ընդհատելու համար եւ այդ դեղահաբի վաճառքը Հայաստանում արգելված է: Ավելին՝ զրուցելով մի շարք մասնագետների հետ՝ պարզեցինք, որ շատերն են պատրաստ կլորիկ գումար տալ այն քաղաքացիներին, ովքեր կարող են այդ դեղը օտար երկրից Հայաստան հասցնել: Ասել է թե՝ պահանջարկը կա, բայց առաջարկը՝ ոչ:
Ու եթե բուպրենորֆին տեսակի դեղահաբերը հոգեմետ նյութ են համարվում, ինչը դատապարտյալները կարող են օգտագործել իրենց հաճույքի համար, ապա զարմանալի է, թե ինչո՞ւ է ազատազրկվածներին հետաքրքրել սուբոտեքս տեսակի դեղահաբը: Չի բացառվում, որ ՔԿՀ-ի դատապարտյալները որոշել են ՔԿՀ-ում գտնվելով՝ «կլորիկ» գումար աշխատել եւ որոշ մարդկանց «խնդրանքին ընդառաջելով»՝ նրանց համար Ֆրանսիայից դեղահաբ բերել:
Հավելենք, որ գործով անցնող անձինք հասցրել են դեղահաբը տալ այնպիսի մարդկանց, որոնց ինքնությունը իրավապահները չեն կարողացել բացահայտել կամ, միգուցե, ցանկություն չեն ունեցել այն բացահայտել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԳԵՆԵՐԱԼԻ  ԱՂՋԻԿԸ
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր շուրջ սկանդալային դեպքերը շարունակվում են. նախկին ոստիկանապետի դուստրը չի դադարում հայտնվել ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ մեծ աղմուկ բարձացնել` հայհոյելով ոստիկաններին:
Եվ այսպես, փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էստակադային ու գլխիվայր շրջվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի հեղինակը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն էր` Լիա Հունանյանը: Պարզվել էր, որ Լ. Հունանյանը նշված օրը եղել էր ոչ սթափ վիճակում: Եվ բավական չէր, որ նա բախվել էր էլեկտրասյանը եւ եղել էր ալկոհոլի ազդեցության տակ, դեռ մի բան էլ որոշել էր կատարվածում մեղադրել ոստիկաններին: Երբ ոստիկանները մոտեցել էին նրան, վերջինս պառկել էր գետնին եւ սկսել էր հայհոյել ոստիկաններին: Լիա Հունանյանին տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նա հրաժարվել էր բժշկական փորձաքննությունից: Սակայն այս հանգամանքը չխանգարեց իրավապահներին, որպեսզի ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար Լիա Հունանյանին ենթարկեն վարչական պատասխանատվության: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանապետի նախկին տեղակալի դուստրը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Դեռեւս 2013 թվականի նոյեմբերի 12-ին՝ Երեւանում, ժամը 20:00-ի սահմաններում, Մոսկովյան 23 շենքի դիմաց բախվել էին Երեւանի բնակիչ, 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած «BYD» մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ «Nissan» մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: «Nissan»-ի վարորդը եղել էր ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը, որը դուրս էր եկել ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հասարակական վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ոստիկանների եւ ներկաների հասցեին: Ինչպես նկատում եք՝ գեներալ-մայորի դստերը տուգանքները չեն փոխում, եւ վերջինս շարունակում է ոչ միայն խախտելով ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները` վթարների հեղինակ դառնալ, այլեւ հայհոյել` խախտելով հասարակական կարգը: Արդյո՞ք ժամանակը չէ, որ նման դեպքերում տուգանքին փոխարինի այլ պատժամիջոց:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԷԼԻ  ԿՐԱԿԵԼ ԵՆ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԻՆ ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Երեւան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 119 նախնական ուսումնական հաստատությունում տեղակայված 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Նարինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ երեք հոգու փոխարեն քվեարկելու համար: Մասնավորապես նա գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել եւ կնքել է իրեն հատկացված «Ա-55056» կնիքի դրոշմով, ապա 3 քվեաթերթիկ գցել է քվեատուփը:
Դատարանը երեկ որոշել է Նարինե Հովհաննիսյանին տուգանել 500 հազար դրամի չափով:

 

ՄԵՐԺԵՑԻՆ
Արդեն հայտնել ենք, որ զինված հանցախմբի գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննությունն իրականացնող մարմնին վիրահատական միջամտություն իրականացնելու հարցով: Ոսկանյանն ArmLur.am-ին հայտնել էր, որ Վահան Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, վիճակը գնալով բարդանում է: Շիրխանյանը սրտի կաթված է տարել, ոտքի երակների թրոմբ ունի. մինչ ձերբակալումը հեռացրել են նրա մեկ ոտքի 2 երակները: Ստեփան Ոսկանյանի փոխանցմամբ՝ վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը, Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոց չի տեղափոխվի:

 
ՀԻՄՔԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ
Տնտեսական ներկա դրությունը թույլ չի տալիս Եվրասիական տնտեսական միության մեջ ներդնել արժութային միասնական համակարգ: Այս մասին երեկ ասել է ԵՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան` ընդգծելով, որ ներկա փուլում միասնական արժույթի ներդրումը կհանգեցնի տնտեսական բացասական հետեւանքների: Tert.am-ի հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը գազի դիմաց ռուբլով վճարի, ինչի շուրջ մի քանի անգամ առաջարկներ արվել են, Տատյանա Վալովայան ասել է, թե այսօր ԵՏՄ անդամ բոլոր պետություններն ունեն հնարավորություն օգտագործել ազգային արժույթը, բայց դրա համար իրենք պետք է ստեղծեն տնտեսական հիմքեր:

 

68-Ը` 478-ԻՑ
Փետրվարի 8-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 68 քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության ներկայացմամբ` 18 քրեական գործեր 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 28 քրեական գործերով 32 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 3 քրեական գործով 3 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:




Լրահոս