ՄԵՆՔ ԼՈՒՐՋ, ԿԱՅԱՑԱԾ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ, ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ՝ ԻՆՉ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի հարցը դեռ ձգձգվում է, սակայն կարծես թե այլեւս պարզ է, որ սկզբունքային համաձայնությունն առկա է, եւ կատարվում են վերջին հստակեցումները` պաշտոնների բաժանման շուրջ: Այդ թվում է նաեւ ՏԿԱԻՆ-ը, որը նոր կոալիցիայի ստեղծման դեպքում վերստին բաժանվելու է երկու գերատեսչության. ԱԻՆ-ը շարունակելու է ղեկավարել Արմեն Երիցյանը, իսկ, ահա, տարածքային կառավարման նախարարությունը տրվելու է դաշնակցական Դավիթ Լոքյանին:

«Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ:
-Պարո՛ն Երիցյան, կարծես թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կայանում է, եւ ՏԿԱԻՆ-ի բաժանումն անխուսափելի է դառնում: Օրեր առաջ հարցին, թե ինչպես եք վերաբերվում հեռանկարին, որ տարածքային կառավարման նախարարությունը տրվելու է դաշնակցական Դավիթ Լոքյանին, իսկ ԱԻՆ-ը մնալու է Ձեզ, Դուք պատասխանել էիք, որ այդ մասին առաջին անգամ եք լսում: Այժմ նոր տեղեկություններ չունեք Ձեր ղեկավարած գերատեսչության ապագայի վերաբերյալ:
-Ես գտնում եմ, որ մենք չպետք է հավատանք բամբասանքներին, եւ եթե ինչ-որ մի փոփոխություն լինի կառավարության կազմում, այնպես լինի, որ բաժանվեն, նոր կխոսենք, բայց այսօր ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, եւ ինձ ոչ մեկն այդ մասին չի ասել:
-Դուք նախարար նշանակվեցիք ՕԵԿ քվոտայով, այնուհետեւ դուրս եկաք այդ կուսակցությունից: Այժմ, եթե անհրաժեշտություն լինի ՀՀԿ-ական դառնալ եւ կրել այդ կուսակցության կրծքանշանը, կանե՞ք:
-Ես կարծում եմ, որ եթե-ով խոսելը շատ սխալ է, եթե այսպես լինի, եթե Ձեզ առաջարկեն, եթե Ձեզ հանեն… մենք լուրջ, կայացած մարդիկ ենք, կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի:
-ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդներն իրենց զեկույցում հատուկ քննադատել են այն փաստը, որ սահմանադրական հանրաքվեի գործընթացում ներգրավված էին պետական պաշտոնյաները, ինչը տեղիք է տալիս մտածելու նրանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին:
-Չէ՛, պաշտոնեական դիրքի չարաշահում չի կարող լինել, որովհետեւ ամբողջ քարոզչական արշավը եղել է աշխատանքից հետո` կիրակի օրերին: Եւ այդ ժամանակ ես, ինչպես նաեւ մյուս քաղաքացիները, իրավունք ունենք նույնպես քարոզել, եւ եթե ասում են, որ մենք աշխատանքի ժամին ենք… այդ ամենը սուտ է, այդպիսի բան չի եղել ոչ մի անգամ:
-Ակնհայտ է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն իշխանությունների համար ձախողում էր, ընդդիմության եւ դիտորդների բացահայտումներից զատ` բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Դուք՝ որպես շտաբի պետի տեղակալ, ի՞նչ հետեւություններ եք արել Ձեզ համար:
-Ես գտնում եմ, որ եթե եղել են խախտումներ, եւ ովքեր արել են խախտումներ, իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հենց դա էլ խոսում է, որ մենք կիրառել ենք դեմոկրատական սկզբունքները, եւ եթե մարդ կատարել է զանցանք կամ հանցանք, պետք է պատասխան տա:
-Բայց չե՞ք ընդունում, որ գործող իշխանությունից մարդիկ հոգնել են, ո՞րն է ելքը:
-Արտահայտությունը մի քիչ սխալ է` մարդիկ հոգնել են իշխանությունից: Ես էլ եմ իշխանություն եւ ես կարծում եմ, որ մարդիկ եթե ինձանից հոգնեն, կասեն, որ հոգնել են, եւ ընդհանուր խոսելը ճիշտ չի:
-Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են լարվել Ձեր եւ մի շարք մարզպետների հարաբերությունները:
-Այդպիսի բան չի կարող լինել: Ես մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ իմ հարաբերությունները այն ստորաբաժանումների հետ կապված, որ իմ ենթակայության տակ են, զուտ աշխատանքային են: Ես ինձ չեմ հարգի, եթե ինչ-որ մեկը իմ հանձնարարականը չկատարի: Իսկ ես օրենքի շրջանակներում տալիս եմ բոլորին հանձնարարություններ:
-Մարզպետները վիրավորվել էին նաեւ, որ իրենց համարել էիք Ձեզ ենթակա ստորաբաժանման ղեկավարներ:
-Ստորաբաժանում ասելով… լավ, մարզպետներ ասենք, որ չնեղանան, համայնքի ղեկավարներ, մարզպետներ, յուրաքանչյուրն իր առջեւ դրված խնդիրներն է կատարում, թե ով ինչից է նեղացել, ես տեղյակ չեմ, ինձ ոչ ոք բան չի ասել: Բայց եթե ինչ-որ մեկը Ձեզ ասել է, որ վիրավորվել է, խնդրեմ՝ ազգանունն ասե՛ք:
-Պարո՛ն Երիցյան, ՀՀ վարչապետը հանձնարարել էր, որ զբաղվեիք վերահսկիչ պալատի կողմից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի ՍԾՏԳ-ներում ուսումնասիրված 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործերում հայտնաբերված 341 խախտումերով: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր եք արել:
-Ես մարզպետներին հանձնարարել եմ, որ իրենք ուսումնասիրեն մեկ անգամ եւս, եւ նախարարի տեղակալը, որն աշխատում է մարզպետների հետ, ինքը գիտի այդ մասին, եւ միասին աշխատանքները կատարվում են:
-Կառավարության նիստերից մեկում հայտարարվել էր նաեւ, որ չարաշահումների հետ կապված պետք է ազատումներ լինեն, բայց, կարծես թե, դրանք էլ են ուշանում: Ինչո՞ւ:
-Նման խոսակցություններ չկան:
-Պարո՛ն Երիցյան, դեռեւս անցյալ տարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր խստացնել գազալցակայաններում անվտանգության ռեժիմների վերահսկողությունը եւ մշտապես հետեւել դրանց: Բայց, կարծես թե, վարչապետի այս հորդորներն այնքան էլ չեն իրագործվել, քանի որ շարունակվում են հանրային վայրերում մի շարք գազալցակայաններ կառուցվել, եւ այս ամենը շատ քաղաքացիների դժգոհելու տեղիք է տալիս: Այս մասով ի՞նչ կասեք, արդյո՞ք այս ուղղությամբ աշխատանքներ կատարում եք:
-Այնպես չէ, որ իմ նախարարությունն ու ես ամբողջ գազալցակայանների համար պատասխանատու ենք: Կառուցվելուց հետո մեզ բերում, ներկայացնում են, մենք նայում, տեսնում ենք, եւ եթե չի համապատասխանում, մենք դադարեցնում ենք աշխատանքները: Իհարկե, այս մասով շարունակվում են աշխատանքները:

 

 

 
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն ՈՒ ՀԱԿ-Ը ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ

«Հայ ազգային կոնգրես»-ը եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին նույն տեղում, նույն ժամին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, սակայն, ինչպես երեւում է, երկու ուժերն էլ դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել միասին հանրահավաք անցկացնելու մասով: Թե ինչպիսին կլինի հանրահավաքի ընթացքը, վաղ է ասել, քանի որ կողմերը դեռ քննարկումների մեջ են:

Առաջիկա հանրահավաքի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ասաց. «Մենք հիմա մեր գործընկերների հետ այդ մասով բանակցությունների մեջ ենք գտնվում, եւ երբ որ նորություններ կլինեն, անպայման կհայտնենք: Բայց ես կարծում եմ, որ մենք ունենք այն հատման կետերը, որ միասնական հանրահավաք անցկացնենք: Եւ չեմ կարծում, որ սա մի այնպիսի գլոբալ խնդիր է, եւ որ երկրի ամբողջ ճակատագիրն այս հանրահավաքի միասնական կամ ոչ միասնական անցկացնելուց է կախված: Իհարկե, ցանկալի է, որ միասնական հանրահավաք անցկացնենք, բայց եթե չպայմանավորվենք ինչ-ինչ հարցերի շուրջ, այդ դեպքում հանրահավաքն առանձին կանցկացնենք: Այստեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»:
Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ եթե երկու կողմերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չգան մարտի 1-ին միասնական հանրահավաք կազմակերպելու շուրջ, ինչպիսի՞ն կլինի դրա ընթացքը, արդյո՞ք միեւնույն հարթակից երկու ուժերն իրար չեն խանգարի հանրությանը պայքարի կոչեր հղելու հարցում: Մեր այս հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասաց. «Մենք արդեն նմանատիպ իրավիճակ ունեցել ենք: Եւ մենք ենք սահմանադրական փոփոխությունների հարթակում այդպիսի հավաքներ անցկացրել, եւ ՀԱԿ-ն է անցկացրել, այնպես որ այստեղ որեւ խնդիր չկա»:
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ փորձեց զրուցել նաեւ «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչների հետ, սակայն նրանց հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն եղան:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՍԻՐՏԸ ՔԵՖ Է ՈՒԶՈՒՄ
Պարզվում է, որ ոչ միայն պետական գերատեսչություններն են պետբյուջեի միջոցներով խնջույքներ կազմակերպում, այլեւ պետական ԲՈՒՀ-երը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը պետբյուջեի հաշվին Ամանորի ճոխ խնջույք է կազմակերպել: Այդ նպատակով գնել են 60 կգ տեղական, 50 կգ ներմուծված միս, հավի կրծքամիս, հավի թեւ, հավի բդիկ, տավարի 125 կգ տեղական փափուկ միս, ձուկ, խաշ, քյուֆթա, բաստուրմա, սուջուխ, երշիկ, պանիր, ֆիլե, կոնֆետ, մրգեր եւ այսպես շարունակ: Այս նպատակով ԲՈՒՀ-ը ծախսել է 4 մլն դրամ բյուջետային միջոցներ: Նշենք, որ խնջույքի համար անհրաժեշտ պարագաները ԲՈՒՀ-ը գնել է «Անգին Հարությունյան» Ա/Ձ-ից: «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանից, սակայն ապարդյուն:

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
2015 թվականի նոյեմբերին ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էին հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը: Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ կոնկրետ խաղերի արդյունքները դասավորել են եւ դրանց վրա «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով 1-ից 3 հազար դոլար խաղադրույքներ են կատարել: Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ «Ուլիս-Երեւան» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան: Վերջինիս մտերիմները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Առուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ չի համակերպվում այն իրողության հետ, որ ինքը գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան տեղափոխել են հոգեբուժարան:

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններն այս օրերին զբաղված են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի կազմավորման հետ կապված իրավական փաստաթղթերը մշակելով: Հնարավոր է՝ դրանց մի մասը ներառվի եւ հաստատվի ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստում: Իսկ մինչ այդ այսօր երեկոյան նախատեսված ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:




Լրահոս