ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՆ, ՔԱՆ ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 17-ին Կոտայքի մարզի մարզկենտրոն Հրազդանում նախատեսված են քաղաքապետի ընտրություններ: Ինչպես հայտնի է՝ արդեն ավելի քան 14 տարի է՝ քաղաքը ՀՀԿ-ի եւ, մասնավորապես, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի տիրապետման տակ է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Հրազդանում տեղի է ունեցել ՀՀԿ-ի ակտիվի նիստ, որը վարել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը՝ հայտնի Բուլկի Արամը: Վերջինս ՀՀԿ-ի Կոտայքի մարզի տարածքային կառույցի ղեկավարն է: Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը մինչեւ անցած տարվա ապրիլը զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: Սակայն «պրավալ» տալու համար գնաց գրեթե ոչնչացված մի ոլորտ: Եւ հիմա Հարությունյանը Կոտայքի մարզի ՀՀԿ-ականներին տեղեկացրել է, որ քաղաքապետի առաջիկա ընտրություններում եւս իշխանությունների թեկնածուն լինելու է Արամ Դանիելյանը:
Անհերքելի իրողություն է, որ հատկապես վերջին տասը տարիներին Հայաստանի կառավարման համակարգում համացանցի դերը գնալով ընդլայնվում է: Մասնավորապես, կառավարման համակարգի գործունեության մասին կարելի է որոշակի պատկերացում կազմել՝ այս կամ այն գերատեսչության պաշտոնական կայքն այցելելով: Սակայն Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը այցելելով՝ ոչ միայն քաղաքապետարանի գործունեության մասին հնարավոր չէ ոչինչ պարզել, այլեւ մնացած` առաջին հայացքից տարրական տվյալներ հավաքել:
Քաղաքապետարանի կայքը ավելի շատ Արամ Դանիելյան անձի անհատական էջն է հիշեցնում: Ինչպե՞ս, բացատրենք. օրինակ՝ ՏԻՄ օրենսդրությամբ համայնքի կառավարման բարձրագույն մարմինը ավագանին է: Սակայն Հրազդանի քաղաքապետարանի կայքում ավագանու մասին ոչ մի տեղեկություն չկա: Կայքի «Ավագանի» բաժնում գտանք միայն հետեւյալ գրառումը` «Ashot karapetyan, kadreri bajin, heraxos 010»: Ու բավական չէ, որ բաժնում բացակայում են բուն տվյալները, դեռ մի բան էլ առկա «տվյալները» ներկայացված են լատինատառ: Բայց կայքէջի այլ բաժիններում եւս լատինատառ մտքեր կան: Կարծես թե հայերեն բովանդակությամբ լատինատառ գրառումներ կատարելն ընդունված երեւույթ է Հրազդանում: Մասնավորապես, նույն վիճակում է նաեւ կայքի «Ավագանու նիստեր» բաժինը: Այստեղ եւս նիստերի մասին գրառումները լատինատառ են` հայերեն բովանդակությամբ:
Ինչպես հայտնի է՝ 2008-ից Հայաստանի պետական կառավարման մարմիններում ներդրված «Կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով մարդիկ հնարավորություն ունեն գերատեսչությունների եւ քաղաքապետարանների պաշտոնական կայքէջերի միջոցով օնլայն հետեւել տվյալ կառույցի գործունեությանը, իրենց հետաքրքրող խնդրի քննարկման ընթացքին եւ այսպես շարունակ:
Հրազդանի քաղաքապետարանի կայքում եւս այս համակարգը ներդրված է, սակայն ամեն ինչ արված է, որպեսզի մարդիկ դժվարությամբ այն գտնեն: Այսպես, երբ www.hrazdan.am հասցեով այցելում ենք քաղաքապետարանի պաշտոնական էջը, հայտնվում ենք վերը նկարագրված խայտառակ էջում: Շատ քչերի մտքով կանցնի, որ կայքէջի ձախ կողմի ներքեւում գտնվող պատուհանով կարելի է հայտնվել քաղաքապետարանի իրական էջում (http://130.193.123.18/Pages/Home/default.aspx), որը «Կառավարման տեղեկատվական համակարգի» մաս է կազմում: Այստեղ արդեն բոլոր տեղեկությունները կարելի է գտնել: Օրինակ՝ այս էջի միջոցով հրազդանցիները ժամանակին կարող են տեղեկանալ, թե քաղաքապետարանում, նրա ենթակայության ձեռնարկությունում թափուր ինչ աշխատատեղեր կան, կամ կարող են տեղեկանալ համայնքի պահուստային հողերի որ մասն է վաճառքի հանվել եւ այդպես շարունակ:
Ինչեւէ, անգամ այս խայտառակության պայմաններում մի ուշագրավ բացահայտում արեցինք: Եւ այսպես, Հրազդանի քաղաքապետարանի կայքում տեղադրված պաշտոնական տվյալների համաձայն՝ այս համայնքի՝ 17 տարեկանից բարձր բնակչության թիվը 34 հազար 859 է: Սա այն դեպքում, երբ, օրինակ, դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների վերջին օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, ըստ պաշտոնական արդյունքների, Հրազդանում ընտրողների թիվը եղել է 44 հազար 92: Ստացվում է, որ Հրազդանում ընտրողների թիվը արհեստական մոտ տասը հազարով ուռճացվել է:
Ի դեպ, Հրազդանի քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել 2012 թվականի փետրվարի 12-ին, ընտրողների թիվը կրկին մոտ 44 հազար է եղել:
Ստացվում է, որ բոլոր պաշտոնական տվյալները վկայում են, որ Հրազդանում ընտրողների թիվը կարող է լինել մոտ 34 հազար, բայց ընտրական գործընթացների ժամանակ ընտրական ցուցակներում ներառվածների թիվը արհեստական 10 հազարով ավելացվում է: Սա հենց այն արհեստական թիվն է, որի միջոցով հնարավոր է դառնում ընտրություններում ցանկալի արդյունք ապահովել՝ հաղթելով յուրաքանչյուր թեկնածուի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ՀԵՏՈ ԿԱՍԵՆ
Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխել է 2017 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլ: Այս շրջափուլի առանցքային հարցը, որը հուզում է բոլորին, այն է, թե ինչպիսին է լինելու ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը, որի նախագիծն իշխանությունները ներկայումս գաղտնիության պայմաններում մշակում են: Խորհրդարանում ներկայացված եւ քիչ թե շատ ակտիվություն դրսեւորող քաղաքական ուժերի տեսակետները եւ մոտեցումները՝ ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ, ինչ-որ չափով հայտնի են: Իսկ ինչ են մտածում նոր ԸՕ-ի մասին, այսպես կոչված, մարդ- կուսակցությունները: «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկուսակցական մակարդակով նոր ԸՕ-ի հարցը քննարկել են եւ իրենց տեսակետը ձեւավորել են: Բայց այն խոստացավ հայտնել միայն նոր ԸՕ նախագծի հրապարակվելուց հետո: Իսկ մեր այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում մատնահետքով էլեկտրոնային քվեարկության գաղափարին, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Դեմ եմ, դա կնշանակի՝ ինչ կուզեն, կանեն, մենք դեմ ենք էլեկտրոնային քվեարկությանը»: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նույնպես պնդեց, թե իրենք տեսակետ ունեն, բայց այն կհրապարակեն, երբ նախագիծը պատրաստ լինի: Բայց, ի տարբերություն Տիգրան Կարապետյանի, Արամ Սարգսյանը էլեկտրոնային քվեարկության գաղափարին կողմ է:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Ինչպես հայտնի է՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով նրանից հարցաքննել Սերժ Սարգսյանին։ Դիմումի համար հիմք է հանդիսացել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանն իրեն խոստովանել է, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպված է եղել, եւ ինքը հույս ունի, որ նա մի օր կասի, թե ով է եղել կազմակերպիչը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության լրատվության վարչությունից մեզ հավաստիացրեցին, որ Արթուր Սաքունցի դիմումը իրենք դեռ չեն ստացել:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՀՈՐ ԳՈՐԾՈՎ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը չի ցանկանում մեկնաբանել իր հոր՝ Ռադիկ Օհանյանի ամբաստանյալի աթոռին հայտնվելու փաստը: «Ժողովուրդ»-ը գրել էր երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում յուրացումներ կատարելու գործով դատարանի նախագահի հորը մեղադրանք առաջադրելու մասին: Ի դեպ, Արթուր Օհանյանը սկզբում իբր զարմացած հետաքրքրվեց, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ չի ցանկանում մեկնաբանել: Նշենք, որ այս գործով դատավարությունը նշանակված է փետրվարի 17-ին:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿԱՏԱՐԵՔ ՏՆԱՅԻՆԸ
Եվրամիությունը կոչ է անում լուրջ վերաբերել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ հանրաքվեն գնահատող ամփոփիչ զեկույցին: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին դիտորդների տված հանձնարարականների կատարումը կապել է Հայաստանի միջազգային հեղինակության հետ։ «Այո՛, ընտրական օրենսգիրքն ու գործընթացները բարելավման կարիք ունեն, եւ զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լուրջ ընդունե՛ք այն, կատարե՛ք տնային առաջադրանքը: Հայաստանի ժողովուրդը եւ պետությունը մեծապես կշահեն, եթե այդ հանձնարարականները, քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն»,- երեկ ասել է ԵՄ դեսպանը։

 

ՌՈՒՍԱԼԵԶՈՒ
Եվրամիության արտաքին կապերի ծառայությունը ռուսալեզու լրատվական կայք է թողարկում։ Բրյուսելը ռուսալեզու լսարանին խոստանում է տեղեկատվություն տրամադրել պատժամիջոցների, Ուկրաինայի մասին, ինչպես նաեւ բացահայտել ռուսական ապատեղեկատվությունը։ ԵՄ-ն կարեւորում է, որ իր քաղաքականությունը լսելի եւ հասկանալի դառնա բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են ռուսերեն լեզվով կարդալ։ Բացի այդ՝ ծառայությունը խոստանում է այսուհետ պարբերաբար նյութեր պատրաստել եւ բացահայտել ապատեղեկատվությունը։

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է
«Նաիրիտ» գործարանի աշխատողները երեկ դարձյալ հավաքվել էին գործարանի մոտ` պահանջելով իրենց երեք ամսվա աշխատավարձերը: Գործարանը չի վճարել 450 աշխատողների 2015 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսների աշխատավարձը։ «Երկու տարվա պայքարից հետո մի կերպ ստացանք աշխատավարձը, բայց պատմությունը կրկնվում է, ասել էին մինչեւ փետրվարի 7-ը կտան, բայց նորից ուշացնում են», – «Ազատությանն» ասել է աշխատակիցներից մեկը։ Գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը խոստացել է, որ մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի մինչեւ այս ամսվա 20-ը։ «Մնացած գումարի մասին մտածում ենք», – ասել է տնօրենը։

 

ԿՏԱՔԱՆԱ
Հայաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երեւանում, փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՏԿԱԻՆ փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

 

ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Փետրվարի 9-ին կայացել է «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը, որի ընթացքում որոշվել է շարժման գործունեությունն առավել ընդլայնելու եւ մարզերի բնակչությանը ավելի նպատակային ու ակտիվ ներգրավելու նպատակով Հայաստանի մարզերում հիմնել մարզային գրասենյակներ: Գրասենյակներն ապահովված կլինեն անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով եւ կգործեն մշտական հիմունքներով: Այդպիսով` Արա Աբրահամյանը տարածքային կառույցներ է ստեղծում իր ապագա քաղաքական ուժի համար:

 

«ՍԱՐԱՅԱՄԻՏՆԵՐՈՎ»
«Արամի 30-ը, եթե վերցնենք ճարտարապետական արժեքով, դա իսկապես մեզ համար պատիվ բերո՞ղ է, որ գան, նայեն, ասեն՝ այ էս ինչ լավն էր Երեւանը, այդպիսի շե՞նք է»,-երեկ ասել է Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը` ընդգծելով, որ մայրաքաղաքում կան այնպիսի շենքեր, որոնք ավելի են պահպանման արժանի, եւ որոնց մասին պետք է խոսել։ «Աֆրիկյանների տունն էլ արժեքավոր էր, բայց որպես ճարտարապետական կառույց այն արժեքը չէր, որի համար մեր կուրծքը պետք է ծեծենք», – ասել է նա։ Իսկ, ահա, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը հայտարարել է, թե Արամի 30-ը պարզապես «սարայ» է:




Լրահոս