«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Վերջինս ԱՄՆ Պետդեպին ներկայացնում է 2005թ. սահմանադրական փոփոխություններին հաջորդած շրջանում ԱՄՆ-ի կողմից որդեգրվելիք վերաբերմունքի անհրաժեշտ առանձնահատկությունները: Դեսպանը տեղեկացնում է, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծված երկրում, եւ կոչ է անում իր կառավարությանը համագործակցել «ոչ ժողովրդավար» Քոչարյանի հետ: Էվանսը ՀՀ իշխանությունների հետ համագործակցության մեջ է տեսնում Հայաստանը արեւմտյան ճամբարին մոտեցնելու միակ հնարավորությունը:
Այսպես, ԱՄՆ դեսպանն արձանագրում է, որ, ի հեճուկս ԵԽ դիտորդների նախնական գնահատականի, թե քվեարկությունն աչքի է ընկել իր մռայլությամբ, ինչպես նաեւ ՀԿ-ների ու ընդդիմության լուրջ մտահոգությունների, ինքն անձնապես հույս ունի, որ ԵԽ-ն չի դոփի իր տեղում ու կողջունի նոր Սահմանադրության ընդունումը: Հիշատակելով հանրաքվեի առթիվ Համաշխարհային բանկի տեղական ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնի` ամերիկացիների առաջ կատարած պնդումը, ըստ որի` «երբեմն հնարավոր է վատ իրադարձություններից դրական արդյունքներ քաղել», Էվանսը հույս է հայտնում, որ միջազգային հանրության մնացած մասը եւս նույն կերպ կմոտենա իրավիճակին, ինչի նախերգանքը համարում է ԵԽ դիտորդական խմբի ղեկավարությունը ստանձնած Չեխիայի ներկայացուցիչների նույնաբովանդակ մեկնաբանությունը:
Էվանսը նկատում է, որ եթե ամերիկյան կողմը մինչեւ քվեարկությունը հրապարակայնորեն կոչ էր անում հանրաքվեն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան, ապա այսօր էլ հանդես է գալիս բոլոր խախտումները հետաքննելու, մեղավորներին պատժելու կոչերով: Դիվանագետն այդ համատեքստում ավելի է կարեւորում իրենց կողմից ՀՀ իշխանություններին արած առաջարկությունները: Էվանսն ակնկալում է, որ նաեւ ամերիկյան աջակցությամբ, թիրախում ունենալով 2007-2008թթ. ընտրական շրջափուլը, հրաշալի հնարավորություն կարող է ստեղծվել՝ բարելավելու ընտրացուցակները, ավելի լավ կազմակերպելու ընտրական գործընթացը, ընդունելու բարեփոխված ընտրական օրենսդրությունը, կատարելագործելու արդարադատության համակարգը` նպաստելով ընտրողի ինֆորմացվածության բարձրացմանը, մեծացնելով վստահելի ու օբյեկտիվ հրապարակային հարցումները, զարգացնելով ուժեղ քաղաքական միավորումները, շարունակելով կոռուպցիայի դեմ պայքարը եւ, վերջապես, ստեղծելով անկախ լրատվական դաշտ: Դիվանագետը հայտնում է, որ իրենց այդօրինակ մտահոգություններն ու առաջարկները դեռեւս սեպտեմբերին է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին, ով դրական է գնահատել դրանք: Էվանսը մեծ է համարում հավանականությունը, որ վերոնշյալ ոլորտներում հնարավոր է առաջընթաց արձանագրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանն արդեն իր պաշտոնավարության վերջին շրջանում է եւ վերընտրության խնդիր չունի: Հատկանշական է նաեւ դեսպանի հաջորդ պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանն իր սրտում ամենեւին էլ ժողովրդավար չէ, ուստի եւ դիվանագետն առաջարկում է իր կառավարությանը դիվանագիտական ու հրապարակային ճնշմամբ ՀՀ իշխանություններին ժողովրդավարական քայլեր պարտադրել ամեն քայլափոխի: Դեսպանի դիվանագիտական ձեւակերպումների տողատակում ակնհայտ է դառնում, որ ամերիկյան կողմի համոզմամբ, Քոչարյանը չէր գնա որեւէ բարեփոխման, եթե վերընտրության խնդիր ունենար: Այսինքն` Քոչարյանը կարող էր վերընտրվել միայն աղավաղված ընտրացուցակների, վատ կազմակերպված ընտրական գործընթացի, արդարադատության բացակայության ու կոռուպցիայի ծաղկման պայմաններում: Ի դեպ, դեսպանը հավելել է, որ եթե իշխանությունը շարունակի զերծ մնալ ընդդիմության ցույցերին միջամտելուց, որոնք նա բնութագրում է իբրեւ ապատիկ, ապա հնարավորություն կստեղծվի աշխատել նրանց հետ եւ առաջընթաց ունենալ. «Մենք կարծում ենք, որ մեր հիասթափությունը արտահայտելուց հետո միակ եղանակը մնում է շարունակել աշխատանքը Հայաստանը ժողովրդավար, արեւմտյան ճամբարին մոտեցնելու ուղղությամբ»:
Կասկած չկա, որ Հայաստանից այս օրերին ուղարկվող դիվանագիտական զեկուցագրերում էլ նույնաբովանդակ ձեւակերպումներ եւ շեշտադրումներ են արվում: Այսօր էլ ամերիկյան դիվանագետները Սերժ Սարգսյանին են համարում հակաժողովրդավար, որի հետ համագործակցելը, սակայն, իրենց միակ ուղին է Հայաստանն արեւմտյան ճամբարին մոտեցնելու համար: Այդուհանդերձ, ամերիկյան քաղաքականության մշակողները կարծես համառորեն չեն ուզում ընդունել, որ այսպիսի խարխուլ կայունությունը չի կարող երկարաժամկետ կտրվածքով դրական արդյունքի հանգեցնել հատկապես այն դեպքում, երբ Պուտինի հետ իր ճակատագիրը կապած Քոչարյանի, ապա Հայաստանը ԵՏՄ անդամ դարձրած Սարգսյանի իշխանավարությունը քայլ առ քայլ ճզմել է ժողովրդավարական արժեքները մեր երկրում: Դեռեւս 2005թ-ին ամերիկացիների ունեցած հույսը, թե 2008թ.-ին արդար ընտրություններ կլինեն, չարդարացավ, ուստի հետաքրքիր է` արդյո՞ք նրանք այժմ իսկապես հավատում են, որ 2017թ. արդար ընտրություններ են լինելու: Թե՞ կրկին «հավատացել» են, որ Սերժ Սարգսյանը Հայաստանն ուղղորդելու է դեպի իրենց ճամբար, որի ճանապարհը, դատելով ամերիկացիների հաշվարկներից, ենթադրաբար անցնում է Եվրասիական տնտեսական միության փողոցով:
Հ.Գ. ԿԸՀ-ի կողմից հանրաքվեի վերջնական արդյունքները հրապարակելուց հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց` արտահայտելով իրենց հիասթափությունը խախտումների կապակցությամբ եւ կոչ անելով պատժել խախտումներ թույլ տվողներին: Փորձն արդեն հուշում է, որ հիմիկվանից սկսվում է Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ ամերիկյան կողմի ակտիվ համագործակցության փուլը` 2017թ. ազատ ընտրություններ անցկացնելու եւ Հայաստանն արեւմտյան ճամբարին ներգրավելու նպատակով: Հետաքրքիր է` Սերժ Սարգսյա՞նն է խոստումներ տվել, թե ամերիկացիներն են իրենց վերստին դա ներշնչել:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՉԳԻՏԵՆ
Փետրվարի 14-ին Դիլիջանում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղերը՝ Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը: Խոշորացված համայնքի ավագանու 15 տեղին հավակնում է 32 թեկնածու: Իսկ համայնքի ղեկավարի թեկնածուները 2-ն են՝ Դիլիջանի նախկին քաղաքապետ /2002-2005թթ./, անկուսակցական Ժորա Սահաբալյանը եւ Դիլիջանի գործող քաղաքապետ, 2005թ-ից, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը: Վերջինս համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի որոշմամբ, իսկ Ժ. Սահաբալյանը՝ ինքնառաջադրմամբ: Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ քաղաքապետի թեկնածու Արմեն Սանթրոսյանի վստահված անձից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով բողոք է ստացվել, որ Ժորա Սահաբալյանն իր լուսանկարներով պաստառներ է փակցրել, որտեղ նրա նկարի դիմաց նշված է քվեաթերթիկի 2-րդ համարը, եւ դրա կողքին քվեարկելու նշան է պատկերված: Այդ պաստառները կարող էին ընտրողներին շփոթության մեջ գցել: Քվեաթերթիկում թեկնածու Ժորա Սահաբալյանի անունը, համաձայն հայոց այբուբենի, պետք է լինի առաջինը: Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահն ասաց, որ իրենց միջամտությունից հետո հարցը լուծվել է, Ժ. Սահաբալյանի նախընտրական այդ պաստառները պոկվել են:
ՀԱՅՐ ՈՒ ԴՈՒՍՏՐ ՀԵՌԱՑԱՆ
Տավուշի մարզի դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Տիգրան Սարգսյանն օրերս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն մարզի դատախազ է նշանակվել Արմեն Մարուխյանը: Վերջինիս մարզի դատախազության աշխատակիցներին ներկայացնելու համար Իջեւան էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Մինչ այդ՝ հունվարի 12-ին, Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Տիգրան Սարգսյանի դստերը՝ Լիլիթ Սարգսյանին նշանակել էր Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Նշենք, որ Լ. Սարգսյանը Տավուշի մարզում քաղաքացիական գործերով դատեր էր վարում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Կառավարությունն իր այսօրվա նիստում ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրին հավանություն կտա: Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նպատակով աշխատանքները ընթացքի մեջ են: Տեղեկացնենք, որ 2014 թվականի վերջին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Մոսկվայում ստորագրված համաձայնագրերի համաձայն՝ ռուսական կողմը ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների համար կտրամադրի 270 մլն դոլար արտոնյալ պայմաններով վարկ (15 տարի մարման ժամկետ, 3 տոկոս տոկոսադրույք) եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ: Ի դեպ, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2018 թվականին, իսկ շահագործման հանձնումը՝ 2026 թ-ին: ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման «Տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթուղթը մշակվել է «Ուորլիպարսոնս» ընկերության կողմից, որը 2010 թվականին ներկայացվել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նախատեսվում էր ՀՀ-ում կառուցել մինչեւ 1000 ՄՎտ հզորությամբ բլոկ: 2014-2015թթ. մշակված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» փաստաթղթում ներառված վերլուծությունները բացահայտեցին, որ պայմանավորված Հայաստանի էներգահամակարգի ռեժիմային գործոններով եւ հայկական էներգահամակարգում տնտեսական եւ տեխնիկական բնույթի հանգամանքներով, նպատակահարմար է ներառել մոտ 600 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի կառուցումը կապահովի ՀՀ-ն էներգետիկ անվտանգության եւ անկախության անհրաժեշտ մակարդակը: