Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը արձանագրված ընտրախախտումներով հարուցված քրեական գործերը պատուհաս են դարձել հայրենի իրավապահների համար: Մինչ օրս դատարան ուղարկված քր.գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանագրված ընտրախախտումների ողջ բեռը ջարդվում է շարքային քաղաքացիների գլխին, իսկ «խոշոր ձկներին» պատժելու մասով դեռ սպասում են քաղաքական հրահանգի:
Կոշտ զեկույց
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ երբ ուժային կառույցներից Սերժ Սարգսյանին է ներկայացվել քվեարկության գործընթացի ընդհանրական պատկերը, նա խիստ բարկացել է հանրաքվեի քվեարկության պատասխանատուների վրա: Եւ սա դեռ քիչ էր, «վերքի վրա աղ լցրեց» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: Ներկայացված վերջնական զեկույցում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թե՛ քվեարկության ու հաշվարկի ընթացքը, թե՛ հանրաքվեի կազմակերպումն ու բողոքարկումը կոշտ քննադատության են ենթարկվել եվրոդիտորդների կողմից:
Քաղաքացիները պատժվում են
ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ինչպես նաեւ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ արձանագրված ընտրախախտումների դեպքերով հարուցված քրեական գործերից երկու ամիս անց դատարան են ուղարկվում այնպիսիք, որոնք վերաբերում են այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին: Ասել է, թե շուրջ երկու ամիս իրավապահները, քննելով ստացված ահազանգերը, առայժմ կարողացել են ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ մեղադրանք առաջադրել ու գործերը մեղադրական ելքերով դատարաններ ուղարկել: Իսկ «խոշոր ձկների» մասնակցությամբ արված հանցանքների գործերը դեռ անիմաստ իրավական պատճառաբանություններով ձգձգվում են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «խոշոր ձկների» մասով հարուցված քրեական գործերը քննող ՀՔԾ քննիչների համար լրացուցիչ գլխացավանք են դարձել, քանի որ տարբեր էպիզոդներով անցնում են այնպիսի անձինք, որոնց ինքնագլուխ քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է շատ «թանկ» հետեւանքներ ունենալ: Ինչո՞ւ, որովհետեւ ՀՀԿ-ի հետ մերձ հարաբերություններ ունեցողներն ու կամակատարներն են մանր ու մեծ հանցանքներ թույլ տվել: Եւ հիմա անհրաժեշտ է գոնե քավության նոխազ դարձնելու համար ընտրել նրանցից մի քանիսին՝ անհրաժեշտ «դաբրոյով»:
Թվախաղեր՝ պաշտոնական փաստաթղթերում
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն եւ հաղորդում ներկայացրել, որ 5 ընտրատեղամասերում ամփոփված եւ ԿԸՀ ուղարկված տվյալները ավելի ուշ փոխվել են: Մասնավորապես ըստ Լեւոն Զուրաբյանի՝ Արաբկիրի 5/38 ընտրատեղամասի արձանագրության բնօրինակը, որտեղ ստորագրված, կնքված է, որ «այո»-ն ստացել է 343 քվեաթերթիկ, իսկ «ոչ»-ը՝ 421: Իսկ նույն տեղամասից ստացված եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներում «այո»-ն 343-ի փոխարեն գրված է 1155, իսկ «ոչ»-ի 421-ի փոխարեն՝ 92:
11/22 տեղամասում «այո»-ն հավաքել է 156 ձայն, «ոչ»-ը՝ 426: Բայց վերջնական արդյունքում, այսինքն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներով՝ «այո»-ն ստացել է 418, այսինքն՝ 262-ով ավելացվել է, «ոչ»-ը ստացել է 169, այսինքն՝ 257-ով պակասեցվել է: Ի սկզբանե բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս գործերի հետեւում հենց Սերժ Սարգսյանի ասած «խոշոր ձկներն» են կանգնած:
Նկատենք, որ Լեւոն Զուրաբյանն անգամ իրավապահներին է հանձնել փաստաթղթերի բնօրինակը, որտեղ ակնհայտ երեւում են, որ ցուցանիշները փոխվել են: Իսկ փոխողները սովորական մարդիկ չեն. հանձնաժողովի նախագահներն ու քարտուղարներն են: Ըստ էության, ՀՔԾ քննիչներին մնում էր կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել, սակայն «ձայն բարբառոյ յանապատի». ՀՔԾ-ն լռում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շատ քննիչներ ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանին զեկուցել են, որ նշված բնութագրմամբ գործերի գլխավոր հերոսները, կամ իրավաբանական տերմինալոգիայով ասած՝ պոտենցիալ մեղադրյալները համայնքի ղեկավարներն են, նրանց ենթակաները: Բայց հասկանալի է, որ նրանց պատասխանատվության ենթարկելը իշխանությունների համար չի կարող ձեռնտու լինել: Չմոռանանք, որ առջեւում 2017 խոհրդարանական ընտրություններն են: Եւ այս իրավիճակում իրավապահներին այլ ելք չի մնում, քան այս գործերը «ծածկադմփոց» անելը: Թերեւս սրանով է պայմանավորված այն դանդաղկոտությունը, որ ցուցաբերում է ՀՔԾ-ն: Նրանք հնարավորինս անխոցելի տարբերակներ են փնտրում՝ գործերը փակելու համար:
ՀՀԿ-ի գործիքը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչների «կոկորդին» է մնացել նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տանը տեղակայված 23/42 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի քարտուղար, ՀՀԿ-ական Դավիթ Գրիգորյանի հարցը: Բանն այն է, որ կասկածներ կան, թե հենց Դավիթ Գրիգորյանն է փոխել նշյալ ընտրատեղամասի հանձնաժողովում արձանագրված վերջնական արդյունքները: Ընդ որում, ըստ տարածքում պտտվող լուրերի՝ դա արել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի իմացությամբ ու թույլտվությամբ: Համենայնդեպս, այդպես է մատուցվել քայլը: Հիմա ՀՔԾ-ի ձեռքին կան այնպիսի կասկած-փաստեր, որոնք բավական են Դավիթ Գրիգորյանին ընդհուպ մինչեւ կալանավորելու համար: Սակայն գործընթացը ձգձգվում է: Նշենք, որ Դ. Գրիգորյանը նաեւ ամենատարբեր ձեւերով խոչընդոտել է նշված տեղամասից ներկայացվող ընդդիմության բողոքին, որպեսզի այն չհասնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով. բողոքարկման ժամկետի ավարտի պատճառաբանությամբ: Կարծել է, թե այդպես իր արարքները կքողարկվեն, բայց, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց մի առիթով, «խիյարը թարս բուսնեց»:
Թաքցնում են
«Ժողովուրդ»-ը փորձեց հատուկ քննչական ծառայությունից պարզել՝ 2 ամիս է անցել, այս ընթացքում ի՞նչ են բացահայտել ՀՔԾ քննիչները, արդյո՞ք մեղադրանքներ կան առաջադրված այդ լուրջ ընտրախախտումների ու ընտրական հանցագործությունների մասով: Սակայն ի պատասխան մեր հարցման՝ ՀՔԾ-ի լրատվական բաժնից հայտնեցին, որ վերոնշյալ դեպքերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով` հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը, ինչը պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Նախաքննությունը շարունակվում է: Ուրիշ ոչինչ չեն կարող հայտնել:
Վերջում շեշտենք, որ մինչ օրս դատարանի առաջ են կանգնել շարքային քաղաքացիները, որոնց ճակատագրերը ռեժիմն օգտագործում է ընտրախախտումների առիթով պատժի ցուցանիշ ապահովելու համար:
Քնար Մանուկյան