Այսօր արևմտահայ մեծ բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Սևակի սիրո քնարերգությունը, թերևս, ամենահարուստն է դարասկզբի արևմտահայ պոեզիայում: Նրա երգերը հոգով են լցված ու դիպչում են անգամ ամենասառն ընթերցողի հոգու նուրբ լարերին:

Վաղամեռիկ բանաստեղծը ծնվել է 1885թ. փետրվարի 15-ին:

1905-ին, երբ Սևակը դեռ 20 տարեկան էր, «Մասիս» հանդեսում տպագրվել է նրա առաջին` «Բաժանման խոսքեր» բանաստեղծությունը: 1907-ին լույս է տեսնում առաջին արձակ գործը՝ «Տարի մը վերջ» պատմվածքը, 1910 թ-ին՝ «Կարմիր գիրք» ժողովածուն, որտեղ ամփոփված է 3 պոեմ՝ «Ջարդի խենթը», «Թրքուհին», «Մարդերգություն»: Վերջին պոեմը եռամաս է՝ ծնունդ, կյանք, մահ: Պոեմում Սևակը խոսում է մարդկային գոյի մասին, բանաստեղծական խոսքի երևակայական թռիչքի միջոցով անցավորը կապում է անանցին, անհնարինը դարձնում հնարավոր: Ըստ Սևակի՝ կյանքն անբաժանելի է մահից և իր սկիզբ, ընթացք, վախճան հաջորդականությամբ անմահության կրողն է:

Սևակը գեղարվեստական մեծ ուժով է արտահայտել սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը «Դրամին աղոթքը» (1907 թ.), «Կարմիր դրոշակը» (1909 թ.) բանաստեղծություններում և «Այս դանակը» (1909 թ.), «Փողոց ավլողը» (1911 թ.) պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով գրված լավագույն ու ինքնատիպ գործերից են:

«Թրուպադորները» (1910 թ.) պոեմում Սևակը բացահայտել է նյութապաշտ հասարակութան խոցերը, իդեալի և իրական կյանքի ողբերգականության հակադրությունը՝ փայփայելով «զրկված մարդկության բարի երազը» ազատ ու արդար աշխարհի մասին: Պոեմում տրուբադուրը՝ միջնադարյան (XI–XIII դարեր) Պրովանսի (Ֆրանսիա) երգիչը, գեղեցիկի, ազատ ստեղծագործողի, ազնիվ ինքնազոհաբերման ու նվիրումի կրողն է:

Կիլիկիայի հայերի ջարդերի անմիջական տպավորությամբ գրած ազգային-հայրենասիրական գործերում («Զանգակներ, զանգակներ», 1909 թ., «Ո՛վ իմ հայրենիք», 1909 թ., «Հայաստան», 1909 թ., «Վերջին հայերը», 1909 թ.) բանաստեղծն արծարծել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման:
Սևակի քնարերգության մեջ նշանակալի տեղ ունի սիրո թեման («Երգ երգոց», 1908 թ., «Գինո՛վ սեր», 1908 թ., «Եկո՜ւր», 1911 թ., «Ինչո՞ւ», 1911 թ., «Սիրո և մահվան երգ», 1912 թ., «Սերը», «Առաջին մեղքը», «Սրինգ», «Սերո՛վ, սերո՛վ…», «Պիտի սպասե՛մ…»), որն աչքի է ընկնում խոր և նուրբ զգացմունքայնությամբ, արտահայտչամիջոցների թարմությամբ: Բանաստեղծի համար սերը կյանքի հոմանիշն է.

Սերն հեթանոս Երջանկությո՜ւնն է,
խաչվա՛ծ,
Սերն ա՜յն կուռքն է, որուն առջև
ծնրադրած
Որբի՛ մը պես պիտի ողբար ի՜նքն
Աստված …

Սևակի արձակ գործերը բազմաժանր են՝ պատմվածքներ, զրույցներ, խորհրդածություններ, հոդվածներ: «Բժիշկին գիրքեն փրցված էջեր» (1913 թ.) զրուցաշարում հեղինակը կենդանի ու վառ գույներով ներկայացրել է հասարակության բարոյական պատկերը, մարդու անձնական վիշտն ու հիվանդությունը: Դրանք պատմություններ են («Հարսերուն գաղտնիքը», «Փոխան հարսանիքի», «Մեղքին պտուղը», «Ահավոր տարակույսը», «Այլասերում», «Վեցերորդ զգայարանք»), որոնց ականատես է եղել հեղինակը` որպես բժիշկ աշխատելիս:

Սևակն արևմտահայ գրականության պատմության մեջ առաջինն է գրել նամականու ժանրով. նամակները նրա ստեղծագործական ժառանգության մի մասն են: Նամակներ գրել է կնոջը՝ գերմանուհի Յաննիին, որոնք հայ գրականության սիրային նամակագրության լավագույն նմուշներից են, ինչպես նաև ընկերներին ու ծնողներին:
Բանաստեղծի եղբորորդի Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ Ռուբեն Սևակի հիշատակի տուն է հիմնադրվել Ֆրանսիայի Նիս քաղաքում:

Երևանում Ռուբեն Սևակի անունով կոչվել են փողոց և դպրոց, որի առջև դրվել է նրա կիսանդրին:




Լրահոս