ԶԻՆՎՈՐԸ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանը անհետացել էր, որին հաջողվեց գտնել միայն 4 օր անց: Ինչո՞ւ պետք է շուրջ 1 տարի երկու ամիս ծառայության մեջ գտնվող զինվորը լքեր զորամասը: «Ժողովուրդ»-ին զինվորի անհետացման մասով աղմկալի մանրամասներ են հայտնի դարձել:

Ակնհայտ հակասություններ
Ի սկզբանե զինվորի անհետացումը բավականին շատ հարցականներ առաջ քաշեց: Բանն այն է, որ անհետացած զինվորի հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում նշել էին, որ Ազիզը 1 տարի 2 ամսվա ծառայող էր, եւ իրենց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է տղան լքեր զորամասը: Վերջինիս ծնողները վախենում էին, որ տղայի հետ վատ բան պատահած լինի, ասել է, թե նրան սպանած լինեն: Ու մինչ իրավապահները եւ հարազատները փնտրում էին տղային, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե տղան նորակոչիկ է եւ երդման արարողությանը դեռ չի մասնակցել: Միգուցե այս հայտարարությամբ ՊՆ խոսնակը փորձում էր իրավիճակը փրկել՝ կարծիք տարածելով, թե նորակոչիկը չի հարմարվում բանակի կյանքին: Բայց զինվորի ծնողների եւ ՊՆ խոսնակի հայտարարությունների հակասությունը եւս մեկ անգամ ի ցույց դրեցին ՊՆ-ում առկա, մեղմ ասած, անտեղյակ իրավիճակը:

Հայտնաբերվեց ողջ-առողջ
Եվ այսպես, 4 օր անց Ազիզ Բաքոյանը հայտնաբերվեց: Պարզվել էր, որ զորամասից գնացել է Երեւան, որտեղից էլ ցրտահարվելով հասել է հայրենի գյուղ՝ Օշական: Ըստ տարածված լուրերի` տղան հարազատներին ասել է, թե այս քայլին գնացել է կարոտից, քանի որ ծառայության ընթացքում ժամանակավոր արձակուրդ չի գնացել եւ կարոտին այլեւս չի դիմացել: Արդյո՞ք մեկուկես տարվա ծառայության մեջ գտնվող զինվորը կարող էր կարոտից դրդված լքել զորամասը եւ տուն հասներ 4 օր հետո: Ու եթե այդպես էր, ինչու նա զորամասը լքելուց մեկ օր հետո տուն չի հասել՝ շուրջ 3 օր դրսում մնալով: Ի՞նչ խնդիր է ունեցել ժամկետային զինծառայողը կամ ինչ հոգեկան ապրումների մեջ է եղել, որ տուն չի հասել: Այս հարցը, թերեւս, քննությունը կպարզի:

Զորամասի հրամանատարը խոսեց
«Ժողովուրդ»ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ռոբերտ Գասպարյանի հետ:
-Պարո՛ն Գասպարյան, զորամասը լքած զինվորը նորակոչի՞կ է, թե՞ ոչ:
-Զինվորը նորակոչիկ չէ, այլ մեկ տարվա ծառայող զինվոր է:
-Իսկ ինչո՞ւ պետք է լքեր զորամասը:
-Առավոտյան եմ խոսել իր հետ անձամբ, եւ ասել է, որ տան կարոտն է իրեն ստիպել, որ լքի:
-4 օր Ձեր զինվորը չկա, ի՞նչ էիք անում, մի՞թե դժվար էր նրան գտնելը: Աստված մի արասցե, եթե նրա հետ մի բան պատահեր, ո՞վ պետք է պատասխան տար:
-Մենք 4 օրը՝ գիշեր-ցերեկ, դադար չենք ունեցել, Իջեւան, Երեւան, Կիրովական շառավղով ման ենք եկել: Ոնց որ իմ սեփական երեխային կորցրած լինեի, այդպես ման ենք եկել, որոնել ենք: Փառք Աստծո, գտնվեց, ամեն ինչ նորմալ է, ինձ էլ ասեց, որ կարոտն է եղել պատճառը: Նախ՝ նա չի անհետացել, այդ երեւույթը նշանակում է զորմասը ինքնակամ լքել:
-Վստա՞հ եք, որ զորամասում զինվորը հրամանատարական կազմի կամ, առհասարակ, զինվորների հետ խնդիր չի ունեցել, որը կարող էր նրան դրդել գնալ այդ քայլին:
-Ո՛չ, իր հետ կապված խնդիր չի եղել:
-Երբեւէ Ազիզ Բաքոյանը դիմե՞լ է Ձեզ կամ իր գումարտակի հրամանատարներին՝ հայտնելով, որ տուն է ցանկանում գնալ:
-Նման բան չի եղել: Այդ զինվորը գրաֆիկով կա արձակուրդի ցուցակում, ուրիշ որեւէ այլ խնդիր չկա:
-Շատ է խոսվում բանակում զինվորների բարոյահոգեբանական վիճակի մասին: Որպես զորամասի հրամանատար՝ այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք տարել, որ զինվորն իրեն ճնշված ու միայնակ չզգա:
-Մեր ամբողջ գործունեությունն է ուղղված նրան, որ զինվորի բարոյահոգեբանական վիճակը բարձր լինի, սկսած մեզնից, իմ անձնական օրինակից մինչեւ վերջին զինվորը:
-Այդ դեպքում ինչի՞ հետեւանք է այս ամենը:
-Զինվորները տարբեր են լինում, բոլորը իրար նման չեն:
-Իսկ ի՞նչ է սպասվում զինվորին:
-Դա դասալքություն չի, զորամասը ինքնակամ լքել է նշանակում, դա թող իրավապահ մարմինները պարզեն:

Հարազատները բացում են փակագծերը
Այսպիսով, զորամասի հրամանատար Ռոբերտ Գասպարյանը վստահեցրեց, որ Ազիզ Բաքոյանի հետ որեւէ խնդիր չի եղել, եւ զինվորը կարոտից է գնացել այդ քայլին: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը, բացի կարոտի հանգամանքից, այլ՝ կարեւոր պատճառ էլ նշեց, ինչը զինվորին դրդել է այդ քայլին: «Բացի կարոտից՝ իրեն նաեւ թեւի ցավն է տուն բերել: Իրենք բոլորն էլ գիտեն, որ տղայի թեւը դուրս է գալիս տեղից, խնդիր ունի, լուրջ խնդիր: Վայենկոմատն էլ գիտի, ես վայենկոմատի…»:
Հարցին՝ արդյո՞ք տղան դիմել է զորամասի բուժկետին, որ թեւի հետ կապված խնդիր ունի, Ուսե Բաքոյանը զայրացած պատասխանեց. «Ախր մի քանի անգամ հոսպիտալ է պառկել՝ անգամ մեկ ամսով, բայց չեն վիրահատել: Իր զորամասի հրամանատարի շնորհքն է, որ տարել են հոսպիտալ: Ինքը զինվորների, հրամանատարների հետ խնդիր չունի: Բայց առողջական խնդիր ունի: Զինվորի հորն էլ փող չունի, ո՞նց վիրահատի: Առավոտը զանգեցին, ասին՝ եկել է տուն: Գնացի, ասեցի՝ ինչո՞ւ ես փախել, պատասխանեց, թե հոպար, կարոտն է ու մեկ էլ թեւս, որ տեղից դուս էր եկել, ցավում էր, չէի դիմանում ցավին, փախել-եկել եմ՝ բուժվեմ: Ասում էր՝ շատ ժամանակ տղերքին ասում էի՝ սղմեք, որ քցենք տեղը: Հիմա գնացեք, իրենցից հարցրեք, ես չեմ ուզում ոչ մեկի վրա գցել կամ կլյաուզա անել: Մի ամիս երեխան պառկել է, ինչո՞ւ չեք վիրահատել թեւը: Լավ, սա վերաբերմո՞ւնք է: Մենք էլ համբերություն ունենք, փախցնելու էլ լինի, կփախցնեմ, կտանեմ, կբուժեմ: Չի կարելի էդպես վարվել զինվորի հետ, բողոքող մարդ չենք, բայց փաստ ա, որ ոչ մեկը չի օգնել, թեւը դուրս ընկած է եղել»:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ Ազիզ Բաքոյանը զորամասում ենթարկվել է խոշտանգման եւ ձեռքի ցավը, ինչպես նաեւ կարոտը ստիպել են պարզապես զորամասը լքել: Իհարկե, անգամ այս պատճառաբանությունն արդարացում չէ՝ զորամասը լքելու համար: Անկախ ամեն ինչից, չպետք է քրեական ճանապարհով խուսափել զինծառայությունից:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞ւ տղային վիրահատության չեն ենթարկել` հաշվի առնելով, որ զինվորականների վիահատությունն անվճար է, սակայն վերջինս պահանջեց մեր հարցերը ներկայացնել գրավոր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՄԻՐԻՋԱՆՅԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
2015 թվականի նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Զուրաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, թե ՀԱԿ հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձ է արվել: Պատգամավորի հաղորդման հիման վրա դեկտեմբերի 1-ին հատուկ քննչական ծառայությունը ձերբակալեց Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանին, որը 1-03 շտապ բուժօգնության ծառայության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանի եղբայրն է: Ավելի ուշ՝ 2016 թվականի հունվարին, Զավեն Միրիջանյանը դատարանից ազատ արձակվեց:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչ իրավապահները Զավեն Միրիջանյանին կաշառքի գործով կալանքի տակ են պահել, Կենտրոն վարչական շրջանում ժամանակ չեն կորցրել նրա եղբորը՝ 1-03 շտապ բուժօգնության ծառայության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանի դեմ դատական հայց ներկայացնել: Տեղեկացանք, որ 2015 թվականի նոյեմբերի 5-ին Կենտրոն համատիրությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ 1-03 շտապ բուժօգնության ծառայության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանից պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումարը բռնագանձվի:
Պարզեցինք, որ ՀՀԿ-ական Զավեն Միրիջանյանի եղբորից 235 հազար դրամի գումար բռնագանձելու մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել Վահե Միրիջանյանի հետ, որը հայտնեց՝ իր անձնական հարցն է, եւ այլ խնդիր չկա:
Նշենք, որ Վահե Միրիջանյանի եղբայրը աշխատում էր Կենտրոն վարչական շրջանում եւ կալանքից ազատվելուց հետո դեռեւս աշխատանքի չի վերադարձել: Եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ամենայն հավանականությամբ, չի էլ վերադառնա:

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ
2016թ. հունվարի 26-ին Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում 1969թ. ծնված Ա. Թորոյանը եւ 1980թ. ծնված Ս. Գրիգորյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հրազենային վնասվածք ստացած տղաները «կիսագողական» են գնում եւ հրաժարվում են ցուցմունք տալ:
Օրերս հայտնի դարձավ, որ իրավապահները կալանավորել են նաեւ երիտասարդ տղաներին կրակած, Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Կամո Աբրահամյանին, որը եւս հրաժարվում է իրավապահներին ցուցմունք տալ, թե ինչո՞ւ է նա իր բուքմեյքերական կետի տարածքում վիճաբանել վերոնշյալ անձանց հետ:

 

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 13 կալանավոր հացադուլ է անում, այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Ըստ նրա` հացադուլ անող կալանավորները հիմնականում բողոքում են իրենց քրեական գործերից: Հացադուլավորների թվում է նաեւ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով հացադուլ եւ ջրադուլ էր սկսել փետրվարի 2-ից:

 
4 ԹԵԿՆԱԾՈՒ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը երեկ հրավիրած արտահերթ նիստի ժամանակ հայտնել է, որ հանձնաժողովը ստացել է 4 դիմում. ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Մարգարյանը առաջադրել են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, Տիգրան Ուրիխանյանն առաջադրել է Նարեկ Ալոյանի թեկնածությունը, պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հրանտ Գրիգորյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Վահրամ Մկրտչյանն առաջադրել են Արման Թաթոյանի թեկնածությունը, իսկ Նաիրա Զոհրաբյանն առաջադրել է Մակար Եղիազարյանի թեկնածությունը, որը, սակայն, չի հաստատվել` իրավական հիմքի բացակայության պատճառով: Սահակյանը նշել է, որ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի` ԲՀԿ խմբակցության կողմից մեկ թեկնածուի դիմում արդեն ներկայացվել էր, հետեւաբար Նաիրա Զոհրաբյանն այլեւս չէր կարող թեկնածու առաջադրել: Հանձնաժողովը հաստատել է թեկնածուների առաջադրումը:

 

ՉԵՂՅԱԼ ԿԱՆԵՆ
Կառավարության այսօրվա նիստում չեղյալ կհամարվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի գույքը օտարելու եւ այն լուծարելու մասին 2015թ օգոստոսի 13-ի որոշումը: Պարզվում է՝ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չի իրականացրել: Հիշեցնենք, որ համալիրը վաճառվել էր 30 միլիոն ԱՄՆ դոլարով` իրական գնից մի քանի անգամ էժան:




Լրահոս