ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԲԱՐԴՈՒՅԹ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցությունների միասնական թեկնածուներին որոշելու համար անցկացվող նախնական քվեարկություններից հերթականը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Նյու Հեմփշիր նահանգում: Այս նահանգի քվեարկությունը ջախջախիչ անակնկալներ մատուցեց Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների «բոսերին»: Երկու կուսակցություններում տպավորիչ հաղթանակներ են տարել «օտարածին» համարվող Դոնալդ Տրամփը եւ Բեռնի Սանդերսը: Չափազանց հետաքրքրական է, որ փետրվարի 6-ին կայացած մեծ բանավեճը այս անգամ եւս ունեցավ անմիջական ազդեցություն քվեարկության արդյունքների վրա, ինչը միանշանակորեն խոսում է գործընթացի` իրապես ժողովրդավարական լինելու մասին:

Այն, որ թեկնածուների միջեւ բանավեճը ԱՄՆ-ում խիստ կարեւորվում է, ապացուցված է մի շարք կոնկրետ հանգամանքներով: Բանավեճերի ժամանակ ակնհայտ է դառնում թեկնածուների տարբերությունը, երբ առանց կաշկանդվելու քաղաքական գործիչը կարող է դիմացինին հարցապնդում ներկայացնել` դիտորդի համար հնարավորություն ստեղծելով բացահայտել ճշմարտությունը: Հարկ է նկատել, սակայն, որ բանավեճերը կարող են նաեւ թյուր տպավորություն ստեղծել, որի արդյունքում առավել լավ հռետորը, իր թույլ պատասխաններով հանդերձ, կարող է հաղթել հիմնավոր փաստեր ներկայացնող, սակայն դրանք մեկնաբանելու դժվարություն ունեցող գործչին: Արդ, փետրվարի 6-ին Նյու Հեմփշիրում կայացած Հանրապետականների բանավեճը լիովին տեղավորվում է այս տրամաբանության շրջանակներում: Դոնալդ Թրամփը, որն անվիճելի հռետոր է, սակայն գործնականում թույլ պլատֆորմ ունեցող, բանավեճի ճկուն կարողություններով հաղթում է ցանկացած մրցակցի: Այդպիսի մի դրվագ էր Ջեբ Բուշի հետ թեժ վեճը, որի ընթացքում Թրամփը ձեռքի շարժումով հրահանգել էր Ֆլորիդայի նախկին նահանգապետին լռել: Մեկ այլ ազդեցիկ պահ էր արձանագրվել, երբ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիստին Ֆլորիդայից սենատոր Ռուբիոյին հանդիմանել էր 25 վայրկյանանոց խոսք անգիր անելու ու հազար անգամ կրկնելու համար, ինչը խորը ազդեցություն էր ունեցել ընտրողների վրա: Եվ, ահա, փետրվարի 9-ի քվեարկության արդյունքներով Թրամփը կրկնակի առաջ է երկրորդ տեղը զբաղեցրած Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքից, որին հաջորդում են Այովայի հաղթող Թեդ Քրուզն ու Բուշը: Այս քվեարկությունը իսկական ֆիասկո էր Ռուբիոյի համար, որի խորհրդականները կանխատեսում էին նվազագույնը երկրորդ տեղը իրենց թեկնածուի համար: Բանավեճի ժամանակ վերոհիշյալ դրվագը խիստ բացասաբար ազդեց Ռուբիոյի վրա` վանելով մեծաթիվ ընտրողների: Այդպիսով` հանրապետականների ներկուսակցական ընտրարշավը հանգել է որոշակի հանգրվանի, երբ իրական պայքարը գնում է արդեն 5 թեկնածուների միջեւ, եւ, ահա, փետրվարի 20-ին Հարավային Կառոլինայի քվեարկությունը խոստանում է ավելի եւս սահմանափակել թեկնածուների քանակը:
Դեմոկրատների մոտ պատկերը որոշակիորեն խճճվել է: Նյու Հեմփշիրում Հիլարի Քլինթոնը ծանր պարտություն է կրել` 60/40 հարաբերակցությամբ: Սոցիալիստի համբավ ունեցող 74-ամյա Բեռնի Սանդերսը, որին ոչ ոք լուրջ չէր ընդունում իբրեւ Քլինթոնին ձեռնոց նետող, այսօր արդեն քայլում է հավասարը հավասարի պես: Քլինթոնն ընդունել է իր պարտությունը եւ նկատել, որ հիմնական խնդիրը երիտասարդությանը իր խոսքը հասցնելու մեջ էր: Արժեքների հեղափոխություն խոստացող, քաղաքականությունը փողից մաքրելու կոչեր անող Բեռնի Սանդերսը ազատամիտ Նյու Հեմփշիրում իր կողմն էր գրավել հատկապես երիտասարդ քվեարկողներին, ինչն էլ վճռական նշանակություն ունեցավ նրա հաղթանակի համար: Սակայն Քլինթոնը չի հուսահատվում, քանզի նա ինքն էր ժամանակին Նյու Հեմփշիրում հաղթել Բարաք Օբամային, սակայն այդպես էլ անկարող էր եղել միասնական թեկնածու ընտրվել: Ամերիկյան վերլուծաբանները պնդում են, որ փետրվարյան ընտրություններն իրական պատկերը չեն տալիս այնպես, ինչպես մարտ ամսին կայանալիք քվեարկությունները: Բացի այդ, վերլուծաբաններն առավել հավանական են համարում, որ Սանդերսի` ժողովրդահաճո խոստումները աստիճանաբար ավելի տաղտկալի դառնալու հավակնություն ունեն: Չպետք է մոռանալ նաեւ, որ Ֆիլադելֆիայի մեծ համաժողովի համար Քլինթոնը ունի նաեւ «սուպերլիազորների» մի ստվար բանակ, որոնք կաշկանդված չեն լինելու նահանգային քվեարկությունների արդյունքներով:
Հայացք ձգելով մեր իրականության վրա` տեսնում ենք, որ նախագահական ընտրություններին հաճախ մասնակցել են թեկնածուներ, որոնք 1 տոկոսի ձայն անգամ չեն ունեցել: ԱՄՆ-ում, օրինակ, այդպիսի թեկնածուներ եւս եղել են, որոնք հապճեպորեն լքել են պայքարը` քաջ գիտակցելով, որ որեւէ շանս չունեն: Օրինակ` Նյու Հեմփշիրում 7 տոկոս հավաքած Քրիստին եւս կարծես մտադրվել է դուրս գալ ընտրարշավից: Իսկ Հայաստանում նման տոկոսներ ունեցող թեկնածուն հազիվ թե կհեռանար կամ կսատարեր այլ թեկնածուի: Կարելի է կարծել, որ մեզ մոտ քաղաքական գործիչների մեծամասնությունն ինքնահաստատման բարդույթ ունի, քանզի դժվար է հասկանալ այն գործչին, որը 1-2 տոկոս ձայն է ստանում, բայց մինչեւ վերջ գնում է քվեարկվելու: Ի դեպ, վերջին նախագահական ընտրություններում անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակն ավելի շատ է եղել, քան 3-5-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուների ստացած ձայները, սակայն այդ 5 հոգուց ոչ ոք երբեւէ չէր էլ մտածել ընտրապայքարից դուրս գալու մասին: Այստեղ էլ հենց դրսեւորվում է մեր քաղաքական համակարգի անկատարությունը, որն առաջին հերթին սկիզբ է առնում հայրենի քաղաքական գործիչների անպատասխանատու կեցվածքից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Վոլոդյա Սարհատյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները: Նշենք, որ Խաշթառակը եւ Լուսահովիտը հարեւան համայնքներ են: Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով»): Տավուշի մարզի դատախազությունը Գրիգոր Սարհատյանի հանդեպ, որպես խափանման միջոց, կալանքի միջնորդություն է ներկայացրել, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Դրանից հետո Տավուշի դատախազությունը դատարանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն ապարդյուն: Անասնագողության մեջ մեղադրվող Գ. Սարհատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ Գրիգոր Սարհատյանը Լուսահովիտ գյուղի նախկին գյուղապետ Վոլոդյա Սարհատյանի որդին է:
Տուժող կողմի` Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ դաստիարակչության գծով տեղակալ Գրետա Թիրաբյանի ընտանիքը նախկինում էլ է տուժել անասնագողությունից: Այդ ընտանիքին պատկանող 9 գլուխ խոշոր եղջերավոր անասունները 2010 թվականին գողացել էին: 2010թ.-ի անասնագողությունից հետո Գրետա Թիրաբյանը բազմաթիվ ատյաններ է բողոքել, որ այդ անասնագողությունը չի բացահայտվել: Դրանից հետ ՀՀ նախագահի աշխատակազմից տիկին Գրետայի ընտանիքին 5 հազար դոլար են տրամադրել: Մեզ հետ զրույցում տիկին Գրետան հաստատեց 5 հազար դոլարի հատկացումը՝ հավելելով, որ նյութական վնասի փոխհատուցումից առավել իր համար կարեւոր է արդարությունը: Վերջին մի քանի տարիներին Տավուշի մարզում ընդհանուր առմամբ նվազել է անասնագողությունների թիվը, սակայն ամեն մի չբացահայտված, չպատժված գողություն նոր հանցագործության պատճառ է դառնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 
ԴԱՏԱԿԱՆ ԲԺԻՇԿԸ ՍԳՈ ԲԻԶՆԵՍ ՈՒՆԻ՞

«Ժողովուրդ» օրաթերթին նամակով դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Վաղարշակ Բարսեղյանը` հայտնելով իր դժգոհությունը Մարտունի բժշկական կենտրոնի դատական բժիշկ Արտաշես Խաչատրյանի գործելաոճից: Նամակն ուղղված է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

Մասնավորապես քաղաքացին իր նամակում հայտնում է, որ դիակների վերաբերյալ գնացուցակը փակցված է հիվանդանոցի դիահերձարանի դռանը: Ըստ այդ ցուցակի՝ դիակների տեղափոխումն արժի 10 հազար դրամ, իսկ դիահերձումը՝ 12.5 հազար դրամ: «Մարտունի հիվանդանոցի դատական բժիշկը, բացի ստացած աշխատավարձից, աշխատում է նաեւ գնացուցակով: Չբավարարվելով նշվածներով՝ Մարտունիում զբաղվում է նաեւ սգո ծառայությունների բիզնեսով: Մարտունիում գործող բազմաթիվ սգո ծառայությունների համեմատ իր բիզնեսը ծաղկում է: Սովորաբար բժիշկներին իրենց ծառայությունների համար մարդիկ շնորհակալություն են հայտնում, երբեմն էլ թեթեւ մաղարիչ անում, իսկ այս դագաղավաճառ բժիշկը միայն անեծքների է արժանանում: Այս չկայացած բժշկի գործունեությունը վճարովի է (ինչպես ինքն է հայտարարում, քանի որ պետբյուջեն փող չունի, ժամանակավորապես պետպատվերը դադարեցվել է): Իսկ եթե անվճար է, ապա խնդրում եմ համապատասխան մարմիններին հանձնարարել այդ չկայացած եւ շորթող բժշկից բռնագանձել մարդկանցից շորթած գումարները եւ իրեն ուղարկել համապատասխան վայր»,- նշված է քաղաքացու նամակում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Մարտունի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Կարապետյանի հետ եւ հետաքրքրվեց դիահերձարանի պատին փակցված գնացուցակից: «Դա օրինական եւ օրենքով սահմանված գնացուցակ է: Ե՛ւ դիակների տեղափոխման, ե՛ւ դիահերձման համար նախատեսված գումարները վճարվում են հիվանդանոցի դրամարկղում»,- փոխանցեց ԲԿ-ի տնօրենը:
Զրուցեցինք նաեւ դատական բժշկի՝ Արտաշես Խաչատրյանի հետ եւ նրան փոխանցեցինք իր անձի հետ կապված բողոքը: Վերջինս լսելով այն՝ հանգիստ տոնով ասաց. «Տեղեկություններ չունեմ եւ չգիտեմ, թե ով ինչ զրպարտանքներ է ասում: Նման բան չկա: Մյուս կողմից՝ օրենքը չի սահմանափակում զբաղվել այլ գործողություններով: Տվյալ դեպքում ես սգո ծառայություն չունեմ»:

Ս. Հ.




Լրահոս