Գեորգի Կուտոյանը, ով ընդամենը տասը օր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, երեկ նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ասել, թե այս նշանակումն անակնկալ էր, նշանակում է՝ ոչինչ չասել: Իրականում, այս նշանակումը նման էր ամպրոպի՝ բաց երկնքում: Բանն այն է, որ Գեորգի Կուտոյանը պետական կառավարման համակարգում իր կարճատեւ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության համակարգում երբեւէ չի աշխատել: Ուստի՝ Սերժ Սարգսյանի կողմից նրան նման պատասխանատու պաշտոն վստահելը, թերեւս, դժվար էր կանխատեսել:
Սակայն այս նշանակումն ուշագրավ է ոչ թե իր անակնկալ լինելով, այլ՝ քաղաքական դաշտում դրա ազդեցությամբ: Ամանորից հետո իշխանական կուլիսներում լուրեր էին տարածվել այն մասին, թե, իբր, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ որպես իշխանության երիտթեւի ներկայացուցիչ, տապալվել է, եւ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նրան պաշտոնանկ անել: Այս լուրերի տարածմանն ակտիվ օժանդակում էին նաեւ նույն երիտիշխանավորները: Գեորգի Կուտոյանի՝ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելն այդ լուրերի վրա, կարծես, յուղ լցրեց, եւ բոլորը սպասում էին, որ Կոստանյանը, ուր որ է, հրաժարական կտա, եւ նրան կփոխարինի Կուտոյանը: Սակայն, իրականում, Կուտոյանը դատախազություն էր ուղարկվել այնտեղից արդեն գնդապետի կոչումով ԱԱԾ տեղափոխվելու համար: Իսկ Կոստանյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերն ընդամենը միտված էին բթացնելու իշխանության «հնաբնակների» զգոնությունը, մինչեւ որ Սերժ Սարգսյանն ավարտին կհասցներ երիտիշխանավորներին իշխանության կարեւորագույն հերթական օղակը հանձնելու գործընթացը: Թավշյա հեղափոխության նման մի իրավիճակ է ձեւավորվել:
Սպասվում էր, որ երեկ նախագահականում իշխանական ողջ վերնախավի առջեւ Սերժ Սարգսյանը կհայտարարի ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին: Սակայն դա տեղի չունեցավ: Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որի ընթացքում ՀՅԴ-ի հետ կոալիցիային այդպես էլ չանդրադարձավ: Նա հերթական անգամ հայտարարեց ՀՀ կառավարման համակարգն արմատապես բարեփոխելու մտադրության մասին: Նկատենք, որ նման խոստումներ Ս. Սարգսյանը նույն ոգեւորությամբ բազմիցս է տվել, բայց երբեք չի իրականացրել: Եթե իր ասածների գոնե կեսն էլ իրագործի, ապա ՀՀ-ն շատ կարճ ժամանակում կվերածվի ժողովրդավարական երկրի եւ կսկսի արագ զարգանալ, ՀՀ քաղաքացիներն էլ ոչ թե երկրից կփախչեն, այլ հեռացածները կվերադառնան: Բայց երբ Սարգսյանի ասածները համադրում ենք ՀՀ կառավարման համակարգը ներկայացնող պաշտոնյաների հետ, այն վերածվում է բաժակաճառի: Հակառակն ապացուցելու համար նա այդ փոփոխությունները պետք է սկսի իր ընտանիքից եւ ավարտի այդ դահլիճում հավաքվածներին «թոշակի ուղարկելով»: Կկտրի՞ այն ճյուղը, որի վրա նստած է:
Ինչպես կանխատեսել էինք դեռեւս 3 օր առաջ, Հայաստանում ներիշխանական լուրջ խմորումներ են սկսվում: Մի կողմից՝ ՀՀԿ-ում ատամները սրած սպասում են, թե երբ են դաշնակցական ապագա պաշտոնյաներն անելու առաջին սխալը, որպեսզի «ոչնչացնեն» նրանց, մյուս կողմից էլ՝ ՀՀԿ-ի երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչների բախումն է անխուսափելի: Հատկապես ԱԱԾ տնօրենի պաշտոնը սեփականաշնորհելուց հետո Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմը նոր թիրախ է ընտրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում հարձակման թիրախ է դառնալու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ընկալվում է իբրեւ իշխանության ավագ սերնդի «մերանը»: Առաջիկայում երիտթեւն ուժեղացնելու է մեդիահարձակումները Կառավարության ղեկավարի ուղղությամբ՝ ձգտելով վարչապետ դարձնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին՝ ճիշտ նույն սցենարով, ինչպես եղավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում:
2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել: Այդ կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Դեպքից անցել է 9 ամիս, եւ մինչ օրս կալանավորվածները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Միայն Հենրիկ Ավագյանն է ընդունել մեղքը՝ խոստովանելով, որ անձնական հարցով ինքն է կրակել, բայց՝ ոչ սպանելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԱԾ-ի կողմից նշանակված փորձաքննության վերջնական եզրակացության համաձայն՝ մարզպետի մեքենայի դեմ ուղղված կրակոցներն այնպիսին են եղել, որ չէին կարող դրա մեջ գտնվող մարդկանց վնասել: Ասել է թե՝ կրակոցները Սուրեն Խաչատրյանին ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակ են ունեցել: Այսպիսով՝ կրակողը հայտնի է, պատճառները՝ պարզ: Այդ դեպքում ինչո՞ւ են մյուսները, հատկապես՝ Բուդաղյանը հեռախոսով զրուցելու համար շարունակում մնալ կալանքի տակ:
ԴԵՄԱԳՈԳԻԿ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, երեկ անցկացված Աստանա-Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում չեն պատրաստվում փոխել դիրքորոշումը տարեվերջին Կազմակերպության գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությունից հետո, հայտարարել է. «Մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում»: Հիշեցնենք, որ Սարգսյանն անցած դեկտեմբերին հանդես էր եկել շատ կոշտ քննադատությամբ` ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ դրսեւորած իներտ կեցվածքի եւ քար լռության համար: «Եթե մենք ոչ միայն չենք կիրառում համապատասխան հոդվածը, այլեւ չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունը, նրա հեղինակությունն ու կարեւորությունը»,-լրագրողի կողմից Սերժ Սարգսյանի այս խոսքերի մեջբերմանն ի պատասխան` Բորդյուժան արձագանքել է. «Չեմ կարծում, որ իրավիճակն ազդում է կազմակերպության հեղինակության վրա: ՀԱՊԿ-ն արձագանքել, արձագանքում եւ արձագանքելու է նման բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»:
Ավելին, Բորդյուժան հայ լրագրողներին ստախոս է անվանել. ըստ նրա` ՀԱՊԿ արած հայտարարությունները չտեսնելը կա՛մ խնդրով չհետաքրքրվելու, կա՛մ մտադրված խաբելու արդյունք են: «Վերջին անգամ, երբ ես Հայաստանում էի, փոխանցել եմ այն հայտարարությունների ցանկը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կողմից՝ կապված դրության հետ, որը կա Կովկասում: Երբ Հայաստանի առանձին լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինձ հարցնում են, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում, դա ինձ միշտ զարմացնում է: Դուք պարզապես կա՛մ չեք հետաքրքրվում այս ամենով, կամ մտադրված խաբում եք»,- ափերից դուրս է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` այդպիսով, ըստ էության, նաեւ Սերժ Սարգսյանին մեղադրելով խաբելու մեջ:
Իրականում, ակնհայտ է, որ հենց ինքը` Բորդյուժան է «մտադրված խաբելու» փորձ անում` ձեւացնելով, որ չի հասկանում, թե ինչ բնույթի հայտարարության մասին է խոսքը: Բնականաբար, որեւէ մեկը ՀԱՊԿ-ից չի սպասում կազմակերպության ամենամյա հաշվետվություններում կամ անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով արված ընդհանրական, ոչինչ չասող բառակույտերին: Խոսքը վերաբերում է հենց նույն Սերժ Սարգսյանի կողմից վկայակոչված ՀԱՊԿ կանոնադրության մեջ առկա համապատասխան հոդվածին, որը ՀԱՊԿ-ն այդպես էլ որեւէ անգամ ոչ միայն չի կիրառում, այլեւ համապատասխան հայտարարությամբ ագրեսոր երկրին չի նախազգուշացնում դրա կիրառման հնարավորության մասին: