«ԲԱՄՕ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ գիշերը, դանակահարության հետեւանքով մահացած հայտնի «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրներից Հովիկ Մուրադյանի սպանության պատճառները ՌԴ իրավապահները դեռ չեն բացահայտել: Անգամ տրամաբանական վարկածներ չեն շրջանառվում ՌԴ համապատասխան շրջանակներում:
Նկատենք, որ Նովինսկի ճեմուղում գտնվող Lotte Plaza հյուրանոցում հանդիպման շտապող 51-ամյա մարտունեցի Մուրադյանին սպանել են պատվերով, ինչի մասին են փաստում նաեւ տեսագրությունները, որոնք երեկ հայտնվեցին համացանցում: Մարդասպանը դեպքի վայր է գալիս «Տոյոտա քեմրի» տեսակի ավտոմեքենայով, որին ՌԴ ոստիկանները դեռ փնտրում են: Life News-ի տարածած տեսանյութում երեւում է, թե ինչպես է ամբողջովին սեւ հագած դիմակավոր մարդասպանը մոտենում Մուրադյանին՝ ընթացքում գրպանից հանելով սառը զենքը: Իր զոհին հինգ անգամ դանակահարելով՝ մարդասպանը փախչում է դեպքի վայրից: Հովիկ Մուրադյանը, ցած գցելով թղթերը, վազում է դեպի հյուրանոցի մուտքը՝ ձեռքն աջ կողքին սեղմելով: Այնուհետեւ հյուրանոցի աշխատակիցները նրան նստեցնում են մուտքի մոտ, սակայն մինչ շտապօգնության գալը գործարարը կնքում է իր մահկանացուն: Ամենայն հավանականությամբ, հարվածները ծակել են նրա լյարդը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի հետ, որը միայն ասաց թե դեպքի մասին լսել է, իսկ թե ինչն է եղել սպանության պատճառը, ոչինչ չի կարող ասել. «Մենք այստեղ, իրենք այնտեղ, ո՞վ իմանա՝ ինչն է եղել պատճառը»: Զրուցեցինք նաեւ սպանված Հ. Մուրադյանի քրոջ որդու՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հետ, որը եւս ոչնչից տեղյակ չէր. «Ես հիմա մորս կողքին եմ եւ այլ բան չեմ կարող Ձեզ ասել»:
Հարազատներից մեկը, որի անունը հարգելի պատճառով չենք հրապարակում, մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց. «Լինելով գործարար, ապրելով Ռուսաստանում, ո՞վ թշնամիներ չի ունենա»: Այլ մանրամասներ նա չասաց:
Իսկ թե ով կարող էր սպանել հայ գործարարին, որը մինչ այս առանձնապես աչքի չի ընկել քրեական պատմություններով, դժվար է ասել: Միայն հայտնի է, որ վերջին շրջանում «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրները՝ Բորիս, Հարություն, Մուրադ եւ Հովհաննես Մուրադյանները, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեին Հայաստանում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «ԲԱՄՕ» ընկերությունը՝ ի դեմս «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, 2008թ. պետությանը պարտք է մնացել 3 մլն դրամ, իսկ սոցվճարների մասով՝ գրեթե 27 մլն:
2009թ. Հայաստանին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար է տրամադրվել «ԲԱՄՕ»-ի սեփականատերերին: Ըստ շրջանառվող լուրերի` Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) բաժնետոմսերի 75 տոկոսը: Սակայն 2011թ.-ից սկսած՝ վարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Արդյունքում՝ 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
«168 ժամի»-ի տեղեկություններով, սակայն, ֆինանսական այդ խնդիրները լուծելու նպատակով Բորիս Մուրադյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջարկել էր գնել ՄՀՀ որոշակի բաժնեմասը, ինչին դեմ էր արտահայտվել եղբայրը` Մ. Մուրադյանը: Խոսակցություններ կան անգամ, որ երկու եղբայրները, ունեցվածքի բաժանման հետ կապված, դիմել էին դատարան: «ԲԱՄՕ»-ի ունեցած խնդիրների մասին Մ. Մուրադյանը ոչ վաղ անցյալում այսպիսի բացահայտում էր արել. «Վարկը վերցրել են երկու մասնավոր առեւտրային բանկերից, որպեսզի տնտեսական ինվեստիցիոն ծրագրեր իրականացնի Հայաստանում: Բայց որ այս գործունեությունը չի ստացվել, չի կատարվել` խնդիրներ են առաջացել նրա մոտ (նկատի ունի եղբորը՝ Բ. Մուրադյանին-խմբ.), ֆինանսական պրոբլեմներ, բայց, կարծում եմ, որ շատ մոտիկ ժամանակներում, շա՜տ մոտիկ ժամանակներում, կլուծվի: Երկու տարի նա տոկոսներ է մուծել գրեթե 2-3 մլն դոլարի չափով: Հիմա «ԲԱՄՕ» ընկերության գործունեությունն արդեն աշխուժացել է Ռուսաստանում, որովհետեւ այն ժամանակ Ռուսաստանի ընդհանուր վիճակն էր շատ վատ: Բայց քանի որ ընկերությունը Ռուսաստանում պայմանագրեր ունի, լավ պատվերներ ունի, կարծում եմ` շատ մոտիկ ժամանակում կկարգավորի այս հարցը»:
Նշենք, որ Սոչիում կառուցվելիք «Արմենիա» հյուրանոցային համալիրի հարցով եւս «ԲԱՄՕ»-ն «քցվել է», ինչի մասին բարձրաձայնել է նաեւ Իրաքում ՀՀ դեսպան Մ. Մուրադյանը. «Հյուրանոց կառուցելու համար պետք է անցկացվեր ճարտարապետական մրցույթ, որը եւս անցկացրեցինք մեր նախաձեռնությամբ, որ լինի իսկական հայկական ճարտարապետություն, որ կրի «Հայաստան» անունը: Ճարտարապետական մրցույթի անցկացման համար մենք 400-500.000 դոլարի ծախս կատարեցինք. մրցույթը հաղթողների, հյուրանոցում մնացողների տոմսերի ծախսերն իրականացրել ենք, եւ, հավանաբար, պարոն Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության որոշմամբ ուղարկվել է Սոչի: Բայց զարգացումներն այլ եղան: Ես մի քանի անգամ հանդիպել եմ Ռուսաստանի փոխվարչապետի հետ. այն 23 հեկտարը, որ բաժանվել էր ԱՊՀ, կարծեմ, բոլոր 7 երկրների միջեւ, իրենցից ոչ մեկն առաջարկով հանդես չեկավ, ոչ մեկը չցանկացավ հյուրանոցային համալիրներ կառուցել: Դրա համար Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացրեց` ամբողջն իրենց համար, իրենց պետական միջոցների հաշվին համալիր կառուցել էժան գներով, որ հետագայում որպես բնակարաններ վաճառեն: Չնայած, որ այդքան ծախսեր էինք կատարել, բայց մենք հրաժարվեցինք այդ մտքից: Սա է եղել նախնական ողջ պատմությունը: Մեզ մոտ շատ գեղեցիկ «պառիվ» էր առաջացել, մարդիկ էլ ուրախանում էին, որ լինի մասնավոր, բայց հայկական շատ գեղեցիկ համալիր»:

շարունակելի
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս