Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային գործակալություններից ստացված տվյալներով՝ 2016 թվականի հունվար ամսին Տավուշի մարզում ընտանեկան եւ սոցիալական նպաստ է ստացել 5340 ընտանիք, որից 1965-ը` Իջեւանի, 1228-ը՝ Դիլիջանի, 1144-ը` Բերդի եւ 1003-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 349 ընտանիք ստացել է նաեւ հրատապ դրամական օգնություն, որից Իջեւանում՝ 185, Դիլիջանում՝ 54, Բերդում՝ 61, Նոյեմբերյանում՝ 49 ընտանիք:
Փաստորեն, Դիլիջանի տարածաշրջանում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացողների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանին սահմանակից Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում: Հավելենք, որ Դիլիջանի տարածաշրջանի բնակչության քանակն էլ համեմատական է սահմանամերձ այդ տարածաշրջանների բնակչությանը: Իշխանությունները տարիներ շարունակ հայտարարել են Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու մասին, այստեղ ստեղծվել են տարբեր կառույցներ՝ ՀՀ կենտրոնական բանկի մասնաճյուղ, ՊԵԿ ուսումնական կենտրոն, Դիլիջանի միջազգային կենտրոն, «Թումո» կենտրոնի մասնաճյուղ եւ այլն, ՀՀ պետական բյուջեից, այլ կազմակերպություններից Դիլիջանում մեծ ներդրումներ են կատարվել: Բացի այդ, Դիլիջան քաղաքում մոտ 3 տասնյակ հանգստյան տուն, հյուրանոց է աշխատում, ամռան շոգին զով կլիմա ունեցող Դիլիջանի հանգստյան տները լի են հովեկներով: Իսկ Ամանորը Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, հյուրանոցներում ու նույնիսկ մասնավոր հյուրատներում անցկացնելու համար տեղերը դեռեւս օգոստոսին են սպառվում:
Մի՞թե այս ներդրումներն արդյունք չեն տվել, Դիլիջանի տարածաշրջանում աշխատատեղեր չե՞ն ստեղծվել, որ աղքատությունն ու ընտանեկան նպաստ ստացողների թիվը չի նվազել: Համեմատության համար նշենք, որ Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների սահմանամերձ գյուղերի բնակիչների մի մասը հակառակորդի գնդակոծության պատճառով չի կարողանում հող մշակել, զբաղվել անասնապահությամբ, եւ նրանց գոյատեւման համար ընտանեկան նպաստը խիստ կարեւոր է: Վաղուց է խոսվում ոչ արդյունավետ «Փարոս» համակարգը փոխելու կամ ընդհանրապես վերացնելու մասին, սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն արվում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ