Օրերս մի խումբ արվեստագետներ համախմբվել էին` կոչ անելով դադարեցնել Երեւան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Նրանք տարածել են «Քաղաքացիական պահանջագիր»` ուղղված Երեւանի քաղաքապետարանին: «Մենք բարձրաձայնում ենք հազարավոր մտահոգ քաղաքացիների բողոքն ու վրդովմունքը. հանրության շահը պահանջում է պահպանել եւ վերականգնել մեր ինքնության մաս հանդիսացող մշակութային արժեքները: Մեր հստակ պահանջն է` դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումն ու որդեգրել դրանց պահպանման, խնամքի եւ մշակութային ժառանգության վերականգնման պետական քաղաքականություն»,- ասվում է հայտարարության մեջ:
«Ժողովուրդ»-ը զրուցել է այդ արվեստագետների շարքը համալրած երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ:
-Տիկի՛ն Պիպոյան, Երեւանի հին շենքերից կոնկրետ որո՞նց հետ կապված հիշողություններ ունեք: Մի փոքր կպատմեք:
-Որն ասեմ… Ամբողջ կյանքս ապրել եմ կենտրոնում, իմ մանկությունն է այնտեղ անցել, այդ պատմական շենքերի կողքով վազվզել եմ, գնացել եմ երաժշտական դպրոց, դրանց մոտ մեծացել եմ, սիրահարվել եմ, կարոտել եմ: Դե, օրինակ` հրշեջների շենքը այնքա՜ն հարազատ կառույց է, այնքա՜ն եմ դրա կողքով անցել: Բացի այն, որ այս եւ մյուս շենքերը մեր հիշողություններում են, նաեւ էսթետիկական տեսանկյունից գեղեցիկ են: Ընդհանրապես, մի միտում եմ նկատել. եթե շենքը զարդարված չի, վրան կամարներ չունի, չգիտես ինչու, մեր ժողովուրդը դա ընկալում է որպես տգեղ շինություն, իսկ եթե այն զարդարված է, վրան ազգային նշաններ ունի, դա համարվում է սիրուն, բայց այդպես չէ. պարզ ճարտարապետությունն էլ ուրիշ գեղեցկություն ունի, որը մեր ժողովուրդը այնքան էլ չի ընկալում` որպես էսթետիկա, որպես արժեք:
-Դուք նաեւ ճարտարապետի մասնագիտություն ունեք, որպես ճարտարապետ` ի՞նչ բացթողումներ եք տեսնում Երեւանում:
-Երեւանում գերիշխող է թամանյանական դպրոցի նեոկլասիցիստական ազգային ոճը, որը ժամանակին հաստատվեց ու մնաց: Եվ հիմա, նույնիսկ երբ այսօրվա ճարտարապետները փորձում են նոր շենքեր կառուցել, միեւնույն է` աշխատում են այդ գիծը շարունակել: Դա, իմ կարծիքով, մի քիչ տարօրինակ է. չի կարելի 100 տարի շարունակ շահագործել այդ գաղափարը: Ես հասկանում եմ, որ հեղինակներն ուզում են չհակադրվել Թամանյանին, բայց դա ինձ համար արդեն ձանձրալի է դառնում: Քաղաքի ճարտարապետությունը կարծես կանգ է առել մի տեղում եւ առաջ չի գնում:
-Շատ է խոսվում այն մասին, որ մայրաքաղաքի կենտրոնն այսօր չափազանց հագեցած է, Դուք այն «չխեղդելու» ի՞նչ տարբերակներ եք տեսնում:
-Պարզ է, որ կենտրոնը գրավիչ է, մարդիկ ձգտում են այնտեղ, բայց այդ հագեցման պրոցեսը կարելի է զսպել, որպեսզի կենտրոնում կյանքն անտանելի չդառնա, եւ մյուս կողմից չանտեսվի քաղաքի մնացած հատվածը: Կենտրոնը, իմ կարծիքով, պետք օգտագործվի ադմինիստրատիվ, գործնական նպատակներով, իսկ բնակելի շենքեր պետք է այդքան շատ չկառուցվեն. դա անհեթեթություն է, աբսուրդ: Հյուսիսային պողոտան այդ տեղում չպետք է լիներ. բնակելի շենքերում ապրող մարդիկ չեն դիմանում կենտրոնի անվերջանալի աղմուկին: Քանի որ կենտրոնը առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում տուրիստների համար, պետք է պահել այնտեղի գոնե վերջին «կղզյակները», արժեքավոր շենքերի տաքուկ, թեկուզ փոքր մասշտաբը պետք է պահպանել: Իսկ դա կախված է քաղաքային իշխանությունների կամքից: Բնական է, որ եթե ֆոնդը խարխլված է, կարելի է քանդել ինչ-որ հատվածներ եւ նորը կառուցել, բայց դա այն դեպքում, երբ տվյալ շինությունը ծայրահեղ անպիտան է, իսկ եթե այն գոնե ինչ-որ չափով պիտանի է, հնի ու նորի` կողք կողքի ապրելու հանգամանքը կոնֆլիկտ չի պարունակում: Հինը պահպանելու մի շարք տարբերակներ կան, եւ դրանք շատ սիրուն ձեւով կարելի է իրականացնել:
-Ի՞նչ եք կարծում` պահանջագիրը` ուղղված քաղաքապետարանին, ի վերջո, որոշիչ կլինի՞:
-Այս պարագայում արվեստագետի դերը շատ եմ կարեւորում եւ կարծում եմ, որ խոսքը, որ մենք ասել ենք, անկախ այն բանից` ինչ քաշ կունենա որոշումների կայացման հարցում, համենայն դեպս, անտեսել դժվար կլինի, մեր ակտիվությունը գոնե ինչ-որ չափով հաշվի կառնվի, ես կարծում եմ, որ դրա հետ չեն կարող հաշվի չնստել: Մեր խոսքը գոնե կնպաստի, որ վերանայվեն մոտեցումները: Շատ եմ կարեւորում արվեստագետների հատկապես միասնական նախաձեռնությունը, ոչ այնքան անհատական: Կարծում եմ` համախմբումը կշարունակվի, եւ մեզ կմիանան այլ արվեստագետներ եւս:
«ԿԱ ՄԻ ԱՂՋԻԿ, ՈՐԸ ՇԱՏ Է ԳՐԱՎՈՒՄ ԻՆՁ»
Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի համար այժմ բուռն աշխատանքային շրջան է: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ անհամբերությամբ սպասում է երկու նոր ֆիլմերի թողարկմանը, քանի որ հեղինակել է դրանց սաունդթրեքերը:
Առաջին ֆիլմը, որը մարտի 3-ից կլինի մեծ էկրանին, արկածային կատակերգություն է, որը կոչվում է «Փախիր կամ ամուսնացիր»: Գրիգորը գրել է այս ֆիլմի սաունդթրեքի խոսքերը: Երգը կկատարեն կատակերգության գլխավոր հերոսները` Մկրտիչ Արզումանյանը եւ Իվետա Մուկուչյանը: Բացի դրանից` մարտի կեսին «Արմենիա» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի 20 մասից բաղկացած նոր սերիալ, որի սաունդթրեքի երաժշտության հեղինակը կրկին Գրիգորն է. «Ամենայն հավանականությամբ, ֆիլմը կթողարկվի նաեւ ռուսերենով, ուստի սաունդթրեքը եւս կթարգմանվի այդ լեզվով»,-տեղեկացրեց երգահանը` հավելելով, որ այս երգը կատարելու է հենց ինքը:
Գրիգորի խոսքով պատրաստ է նաեւ իր հերթական տեսահոլովակը, որը նկարահանվել է «Աֆրո» նախնական անունը կրող երգի հիման վրա. այն անգլալեզու ստեղծագործություն է, որը պատմում է աֆրոամերիկուհու մասին: Խոսքերի հեղինակը հենց ինքը՝ երգիչն է: Տեսահոլովակը մի քանի օրից կլինի եթերում:
Մեր այն հարցին, թե այս տարի եւս Գրիգորը պատրաստվում է ակտիվ կերպով մասնակցել երաժշտական նախագծերի, մրցույթների, այդ թվում` միջազգային մասշտաբի, վերջինս պատասխանեց. «Ցավոք, այս տարի մեր եթերում երաժշտական նախագծերը քիչ են, որակյալները` էլ ավելի: Լավ հնարավորության դեպքում պատրաստ եմ մասնակցել նոր նախագծերի, ինչ վերաբերում է միջազգային մրցույթներին, ապա, ամենայն հավանականությամբ, կմասնակցեմ «Եվրատեսիլ»-ի հաջորդ նախընտրական փուլին»:
Գրիգորը նաեւ տեղեկացրեց, որ կա մի շոու-նախագիծ, որը հեռարձակվելու է մեր առաջատար հեռուստաընկերություններից մեկի եթերում, եւ ինքը դրա շրջանակներում ներկայանալու է որպես հաղորդավար: Թե կոնկրետ ինչ շոուի մասին է խոսքը, երգիչը չցանկացավ բացել փակագծերը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ երգչի անձնական կյանքին. «Չեմ պատրաստվում նշանադրվել, ամուսնանալ, բայց կա մի աղջիկ, որն ինձ այս պահին շատ է գրավում, տեսնենք` ինչ զարգացումներ կլինեն»: Մենք հարցրինք` այդ աղջիկը տեղյակ է արդյոք իր զգացմունքների մասին. «Ես նրան այդ մասին խոստովանել եմ, ամեն ինչ կարգին է, փառք Աստծո: Ընթացքում հենց նորություններ լինեն, անպայման կտեղեկացնեմ»,-եզրափակեց Գրիգորը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԲԱԼԵՏ` ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՍԻՆ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի կյանքը եւ գործունեությունը կամփոփվի մեկ գործողությամբ բալետում: «Արմենպրես»¬ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը տեղեկացրել է, որ նոր բեմադրություն է պատրաստում: ««Լա բոհեմ»¬ը մոտ 40 րոպեանոց 1 գործողությամբ բալետ է, որի ընթացքում ամենահայտնի երգերն են հնչելու: Չնայած Ազնավուրի մոտ բոլոր երգերն էլ հայտնի են, շատ դժվար է ընտրել»,¬նշել է Ռուդոլֆ Խառատյանը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստերի խոսքով` բալետում կներկայացվի Ազնավուրի` որպես արտիստի կայացման ողջ ուղին, այն, թե ինչպես նա հանդիպեց Էդիթ Պիաֆին, ինչերի միջով անցավ: Խառատյանի հավաստիացմամբ` ներկայացումը թատրոնում հնարավոր կլինի դիտել 2016¬ի աշնանը:
ՔԱՅԼ ԴԵՊԻ «ՕՍԿԱՐ»
Փետրվարի 14-ի երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել Բրիտանական կինոյի ու հեռուստատեսային արվեստների ակադեմիայի BAFTA-2016 մրցանակաբաշխության արարողությունը: Լեոնարդո դի Կապրիոն Ալեխանդրո Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում իր դերակատարման համար ճանաչվել է լավագույն դերասան: Իսկ «Փրկվածը» ճանաչվել է լավագույն ֆիլմ: Կինոոլորտի քննադատներից ոմանք նկատել են, որ սա եւս մեկ քայլ էր` դեպի «Օսկար»-ի արձանիկի նվաճումը:
«Ինձ վրա բազմաթիվ բրիտանացի դերասաններ են ազդել: Մասնավորապես ես կցանկանայի շնորհակալություն հայտնել պարոն Թոմ Հարդիին»,- ասել է դի Կապրիոն: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել լավագույն ռեժիսոր ճանաչված Ինյարիտուին` նշելով, որ իրենք «իսկական ընկերներ» են դարձել:
ՀԱՆՈՒՆ ԵՄԵՆԻ
ՌԴ Պետական Էրմիտաժը եւ աշխարհի մյուս առաջատար թանգարանները ապրիլի վերջին կանցկացնեն Եմենի օր` այդ երկրի մշակութային հուշարձանների կարեւորության մասին հիշեցնելու նպատակով: Բանն այն է, որ այդ հուշարձանները ավերվում են զինված հակամարտության հետեւանքով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` նախաձեռնությանը մասնակցում են Բրիտանական թանգարանը, Մոսկվայի Արեւելքի թանգարանը, Լուվրը, Մետրոպոլիտենը: Ակցիան մասնավորապես նպատակ ունի աշխարհի ուշադրությունը կենտրոնացնել Եմենի ժառանգության վրա, այն բանի վրա, թե որքան կարեւոր է այն ապագա սերունդների համար պահպանելը: