ԹԵ ԻՆՉՊԵՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ՕԿՈՒՊԱՑՐԵՑ ՉԻՆԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գոյություն ունի ոսկե օրենք. թարգմանիչը ճշգրտորեն լեզվից լեզու է փոխանցում գրավոր կամ բանավոր խոսքը: Ոչ մի քայլ` այս կամ այն կողմ: Սակայն կյանքը մտցնում է իր ուղղումները, և լինում են դեպքեր, երբ թարգմանիչը միանգամայն հակառակն է ասում, որը լիովին արդարացված է: 
Այսպես` ԽՍՀՄ-ի տեխնիկական օգնությամբ Ալժիրում կառուցված Էլ Հաջարի մետալուրգիական գործարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայից ժամանում է պաշտոնական պատվիրակություն` Տնտեսական համագործակցության պետական կոմիտեի նախագահ Կիրիլ Սկաչկովի գլխավորությամբ: 
Բացի այն, որ նրա տարիքը բավական առաջացած էր, ինքն էլ` վատառողջ, ինքնաթիռից իջնելուց հետո` մինչև մեկնելը, ինչպես ռուսներն են ասում` “չէր չորանում”, այսինքն` խմում էր: Պաշտոնական արարողության ժամանակ, չնայած նրա համար գրված տեքստին, նա սկսում է այսպես. 
– Սիրելի թուրք բարեկամնե՜ր: 
Թարգմանում էր երիտասարդ դիվանագետ Յուրի Ֆեդոտովը, (տարիներ անց նա դարձավ ՌԴ-ի ներկայացուցչի տեղակալը ՄԱԿ-ում, այնուհետև նշանակվեց փոխարտգործնախարար, իսկ ներկայումս ՌԴ-ի դեսպանն է Լոնդոնում): 
– Սիրելի ալժիրցի բարեկամներ,- թարգմանում է Ֆեդոտովը: 
Արարողությանը ներկա բազմաթիվ ալժիրցիներ, որ խորհրդային բուհերի շրջանավարտներ էին, սկսում են ծիծաղել: Սկաչկովն առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, շարունակում է. 
– Սիրելի թուրք բարեկամնե՜ր, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Իսկենդերունի մետալուրգիական գործարանը: 
– Սիրելի ալժիրցի բարեկամներ, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Էլ Հաջարի մետալուրգիական գործարանը,- թարգմանում է Ֆեդոտովը: 
Ծիծաղը սաստկանում է: 
Սկաչկովի կողքին կանգնած դեսպան Վասիլի Ռիկովը արմունկով հրում է նրան. 
– Լսիր, դու Ալժիրում ես, սրանք էլ թուրքեր չեն: 
-Մեղա քեզ, Տեր, ուրեմն սրանք թուրքեր չեն (Ой, батюшки, оказывается они не турки!),- բացականչում է բանախոսը: 
Սկաչկովի “ռեկորդը” ավելի ուշ կրկնել է Բրեժնևը՝ Բաքվում: 
…Ֆրանսիացիների լեզուն հոյակապ է, հարուստ, մեղեդային, ճկուն: Բայց արի ու տես, որ նրանք չունեն “չ” հնչյունը և տառը, ուստի հնչյունն արտասանելու համար միացնում են երեք տառ` “tch”: Սակայն, բոլոր դեպքերում, լինելով պահպանողական և մի քիչ էլ մեծամիտ, ես կասեի` մի քիչ էլ անընդունակ այլ լեզուների մեջ, “չ” պարունակող օտար բառերում ֆրանսիացին այդ հնչյունն արտասանում է “շ”: 
Այս քարացած սովորույթը մի օր պատճառ դարձավ դիվանագիտական սկանդալի, երբ թուրքական պատվիրակության հայտարարության մեջ նշված հնչյունաբանության ազդեցությամբ կամ պարզապես թարգմանչի “թեթև ձեռքով” հայկական Լաչինը դարձավ Լա Շին, այսինքն` ոչ ավել, ոչ պակաս` Չինաստան: 
Հոֆբուրգ պալատում, որտեղ տեղի էին ունենում ԵԱՀԽ-ի (1995-ից` ԵԱՀԿ) նիստերը, բուռն քննարկումներ էին սկսվել Լաչինի՝ հայկական զինուժի կողմից գրավման կապակցությամբ: Թուրքերի ճնշմամբ ընդունված բանաձում ասվում էր. “Երեկ Հայկական զորքերն օկուպացրին Լաչինը”: Թարգմանությունը վեց լեզվով էր, այդ թվում` ֆրանսերեն: Եվ այսպես` ֆրանսերեն թարգմանիչն ասում է. 
– Hier l՚Armռe d՚Armռnie a` occupռe la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը): 
Ասվածը թերևս մնար աննկատ կամ գրավեր միայն ֆրանսերեն իմացողների ուշադրությունը: Սակայն դահլիճում ներկա էր Չինաստանի ներկայացուցիչը` ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով: Նա սկանդալ է սարքում, որը դուրս է գալիս դիվանագիտական նորմերի սահմաններից: Նիստն ընդհատվում է: Հետո` վերսկսվում: Բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքը և դնում ականջակալները: 
Թարգմանիչը հայտարարում է. 
– Excusez-moi, s՚il vous plait, ce m՚est pas l՚Armռe d՚Armռnie, qui a occupռe la Chine, c՚est l՚Armռe de Haut Karabakh, qui a occupռe la Chine (Ներեցեք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Դա Լեռնային Ղարաբաղի բանակն է, որ օկուպացրել է Չինաստանը):
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
 
diplomat .am




Լրահոս