ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հաղորդավար, հանդիսավար,  մեդիա դաշտի հնաբնակ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ “Ժողովուրդ”-ի զրույցի հիմնական թեման այսօրվա հեռուստաեթերն է, որը, ըստ մեր զրուցակցի, գաղջ մթնոլորտի ձեւավորման հիմնական աղբյուրն է:
 -Որպես մասնագետ՝ ի՞նչ կասեք այսօրվա հեռուստահաղորդավարների էթիկայի մասին:
-Ես հիմա կխուսափեմ անուներ տալ կամ քննադատել որեւէ մեկին, դա կլինի կոլեգիալության խախտում: Ընդհանուր առմամբ կա ե՛ւ լավը, ե՛ւ վատը, չեմ կարող ասել, թե ամեն բան իդեալական է: Բացթողումներ կան, բայց ես տեսնում եմ, որ համապատասխան հանձնաժողովը պետական մակարդակով աշխատանքներ է իրականացնում, որպեսզի եթերը մաքրվի, խոսքին ավելի շատ ուշադրություն են դարձնում: Հեռուստաալիքների ղեկավարներն էլ արդեն սկսել են մտածել իրենց կադրերի  մասին: Չնայած, իմ սուբյեկտիվ կարծիքով, այսօր հայկական հեռուստատեսությանը պրոֆեսիոնալներ պետք չեն:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ պրոֆեսիոնալին պետք է վարձատրել իր ունեցած գիտելիքների ու փորձի համար, ինչից այսօր մեր հեռուստաընկերությունների ղեկավարները խուսափում են: Իրենց ավելի ձեռնտու է ոչ փորձառու, երիտասարդ, գեղեցիկ արտաքինով որեւէ մեկը, որը գումարներ չի ուզի, չի փորձի խորհուրդներ տալ նրանց եւ կանի այն, ինչ ցանկանում է տվյալ հեռուստաընկերությունը:
-Ձեր խոսքում նշեցիք, որ հեռուստատեսային ոլորտում փոփոխություններ կան, ի՞նչ փոփոխություններ կառանձնացնեիք:
-Քիչ են, բայց կան: Նախկինում կային ալիքներ, որ ընդհանրապես դիտելն անհնար էր, հիմա ինչ-որ կերպ կարողանում ես նայել: Կային հումորային նախագծեր, որ հակացուցված էին ընտանիքի անդամներին, հիմա իրավիճակը մի քիչ փոխվել է, որոշակի տեղաշարժեր կան:
-Իսկ ի՞նչն է ամենից շատ պակասում հայկական հեռուստատեսությանը: 
-Մի բան չի պակասում, շատ բաներ են պակասում: Այսօր եթերում կա ազատություն, բայց այդ ազատությունը պետք է ինչ-որ կերպ վերահսկվի: Ես նաեւ չեմ կարծում, որ լրատվության առումով մեզ մոտ ազատ է խոսքը, նկատի ունեմ քաղաքական դաշտը: 
-Որպես ընտանիքի հայր ու քաղաքացի՝ այսօրվա հեռուստաեթերում տեսնո՞ւմ եք դաստիարակչական բնույթի հաղորդումներ, չէ՞ որ, ըստ տարածված կարծիքի, հեռուստատեսությունը պետք է դաստիարակի, կրթի: 
-Ցավով պետք է նշեմ, որ այսօր դաստիարակչական հաղորդումները շատ քիչ են: Կան ալիքներ, որ չես կարողանում հասկանալ՝ որտեղ ավարտվեց ոստիկանական հաղորդումը, ու ինչպես սկսվեց սերիալը կամ հակառակը: Եթե չլինի այդ գլխագիրը, նույն բանն է գնում եթեր. ե՛ւ սերիալում, ե՛ւ ոստիկանական լրատվության մեջ նույն կրիմինալն է, ինչը շատ ցավալի է: Այդ գաղջ մթնոլորտը, որ ինչ-որ մեկին սպանեցին, մեկը կամրջից նետվեց, այդ ամբողջը սերիալներն են ձեւավորում: Այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտը խախտված է: Մարդ գործից հոգնած գալիս է տուն, ինքն իմացել է, որ գազը թանկացել է, հոսանքը թանկացել է, միացնում է հեռուստացույցն ու տեսնում՝ ինչպես մեկին սպանեցին, ինչպես զրկեցին ընտանիքից, սիրած մարդուց, հետո սկսվում է ոստիկանական լրատուն, որ չի տարբերվում ֆիլմի սցենարից: Մեր եթերում ուրախ լուրեր գրեթե չկան: Ահա եւ գաղջ մթնոլորտը պատրաստ է: Այս ամենը փոխանցվում է ընտանիքի բոլոր անդամներին, ու մարդիկ գլխացավով գնում են քնելու:
-Իսկ ելքը ո՞րն է, հայկական հեռուստաալիքներ չդիտե՞լը:
-Դա ամենասխալ քայլն է: Մենք բոլորս պետք է մասնակցենք հեռուստատեսության ձեւավորմանը: Տեսե՛ք, եթե փողոցի անցորդն այսօր երրորդ փողոցն է շրջանցում, որովհետեւ կամերայից խուսափում է ու չի ուզում, որ լրագրողն իրեն հարցով դիմի, էլ ինչպե՞ս հասկանալ, թե ինչ է ուզում տեսնել հեռուստադիտողը: Դա մեր հայելին է, ինչպիսին մենք ենք, այնպիսին էլ մեր հեռուստաալիքներն են: Շատ բան պետք է փոխել: Մենք չունենք վառվռուն շոուներ, ծափահարություններ, աշխույժ հանդիսատես, որովհետեւ մենք փողոցում խուսափում ենք լրագրողից, տեսախցիկից, միկրոֆոնից, չենք ուզում գնալ նկարահանումների: Երբ հասարակությունը կարթնանա ու կհասկանա, որ ինքը կարող է իր բողոքը, խոսքն արտահայտել եթերում ու անմիջական մասնակցություն ունենալ իրեն հուզող հարցերի շուրջ քննարկումներին, գուցե եւ ինչ-որ բան շատ ավելի արագ փոխվի:
-Միայն բարձրաձայնելով խնդիրները լուծվո՞ւմ են:
-Նաեւ հասարակության անմիջական մասնակցությամբ: Այսօր ձեւավորված հանձնաժողովներ կան` հեռուստատեսության, ռադիոյի, կա հասարակական խորհուրդ, բայց այդ խորհուրդը մի տեսակ աշխատում է` պարփակված իր անդամներով: Հարցում են անում, թե որ ալիքն եք դիտում, բայց միայն դա բավական չէ, թող զանգեն մարդկանց ու հարցնեն. “Այն, ինչ հիմա նայում եք, գո՞հ եք դրանից”: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 563 համար




Լրահոս