“Մեղրաձորում, ըստ հավաստի, բայց ոչ պաշտոնական տվյալների, ապօրինաբար կառուցվում է ոսկու կորզման ֆաբրիկա, ինչպես գյուղացիներն են ասում, ոչ թե ցիանական, այլ կարբամիդային եղանակով` ոչ մեկի, ոչ էլ մյուսի թույլտվությունը չունենալով”,- այս մասին ահազանգում է “Էկոլոգիական ակադեմիա” ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը, հաղորդում է “ԷկոԼուրը” : Հիշեցնենք, որ “Մեղրաձոր Գոլդե ՍՊԸ-ն, որը շահագործում է Կոտայքի մարզում գտնվող Մեղրաձորի ոսկու հանքավայրը, մտադիր էր հանքաքարից ոսկու կորզման համար ցիանային ֆաբրիկա կառուցել Մեղրաձորի առողջարանային գոտում: Սակայն տեղի բնակչությունը եւ բնապահպան հասարակայնությունը դեմ արտահայտվեց այդ նախագծին, որը մեծ ռիսկեր էր պարունակում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար: ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախագիծը հետ վերադարձրեց ընկերությանը լրամշակման: Իր հերթին “Մեղրաձոր Գոլդ” ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը ներկայացրեց ոսկու կորզման արտադրամասի փոփոխված նախագիծ, որի համաձայն` ոսկու կորզումը ցիանիդի փոխարեն պետք է իրականացվի թիոմիզանյութով:
Նշենք, որ ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցումը չի կարող օրինական լինել, քանի դեռ Բնաապահպանական փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել նախագծին: Մինչդեռ այս փոփոխված նախագծի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հասարակական լսում դեռ չի անցկացվել եւ Բնաապահպանական փորձաքննությունը որեւէ եզրակացություն չի տվել: