Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն ընդունեցին Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական համատեղ հայտարարությունը: Թվով հինգերորդ` այս անգամ Հյուսիսային Իռլանդիայի դժվարահունչ Էնիսկիլենում ընդունված այս հայտարարությունում, թեեւ ընդհանուր առմամբ նշանակալի նորություն չկա, այդուհանդերձ, շեշտադրումների որոշակի փոփոխություն առկա է: Եվ դա առավել ակնհայտ է դառնում, հատկապես երբ փորձում ենք համեմատել գերտերությունների եռյակի կողմից Ղարաբաղի հարցով իտալական Լ’Աքվիլլայում 2009թ. ընդունված առաջին հայտարարության հետ: Եթե դրանում համանախագահ երկրների ղեկավարներն արդեն իսկ խոսում էին «հիմնական սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը ավարտական տեսքի բերելու» եւ «մնացած մի քանի տարաձայնությունները լուծելու» մասին` «որով կուրվագծվեր համապարփակ կարգավորման ընդհանուր պատկերը»` Մադրիդյան սկզբունքների լրամշակված տարբերակի շուրջ, ապա արդեն 2012թ. Լոս Կաբոսի եւ այս վերջին հայտարարության մեջ գերտերությունների ղեկավարներն ավելի շատ տեղ են հատկացրել ուժի կիրառման անթույլատրելիության մասին ձեւակերպումներին, եւ ընդհանուր առմամբ, հատկապես այս վերջին հայտարարության մեջ լավատեսության պակասն ավելի տեսանելի է: «Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ բանակցային գործընթացի ընթացքում կողմերը, փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում փնտրելու փոխարեն, շարունակել են միակողմանի առավելություններ կորզելու փորձերը»,-մասնավորապես ասված է երեկվա հայտարարությունում:
Մինչդեռ 2010թ. Մուսկոկայի հայտարարությունում, օրինակ, եռանախագահները բավական կոնկրետ էին` հիշատակելով քայլերի հաջորդականությունը. «Լեռնային Ղարաբաղի հարակից զբաղեցված տարածքների վերադարձ, անվտանգություն եւ ինքնիշխանություն նախատեսող Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ, որը հստակեցվելու է իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ»: Երեկվա հայտարարությունում նման կոնկրետությունը բացակայում է, ու թեեւ եռանախագահները շեշտում են, որ մինչ այդ ընդունված բոլոր հայտարարությունների դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, այդուհանդերձ, նկատելի է, որ այս հայտարարությունն ավելի շատ «հերթապահ» եւ կանխարգելիչ բնույթ է կրում: Իսկ ընդհանուր առմամբ` «առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի»` դեռեւս 2011թ. դովիլյան հայտարարությունից կրկնօրինակված այս արտահայտությունը, թերեւս, միակ «մեսիջն» է, որը կարելի է ընկալել որպես հակաադրբեջանական, քանի որ բոլորին է հայտնի, թե որ երկրի առաջնորդն է առավոտից երեկո զբաղված պատերազմական հռետորաբանությամբ:
ՀԵՐԹԱԿԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ