ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱԴԵԿՎԱՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գազամատակարարման ոլորտի վերաբերյալ հերթական սկանդալն է բացահայտվել: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պաշտոնապես հայտարարել է «Հայռուսգազարդ» ընկերության` Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու մտադրության մասին. այդ հարցը քննարկվել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպման ժամանակ: Ու թեեւ կոնկրետ որոշում դեռ չի կայացվել, սակայն կարելի է վստահաբար պնդել` «Հայռուսգազարդ»-ն արդեն ամբողջությամբ ռուսական ընկերության սեփականությունն է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռ նախորդ շաբաթվա վերջին Արմեն Մովսիսյանը «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Վարդան Հարությունյանի հետ մեկնել էր Մոսկվա` քննարկելու գազամատակարարման ոլորտի խնդիրը: Ու, փաստորեն, երկուշաբթի օրը Հայաստանը վերջնականապես իր համաձայնությունն է տվել իրեն պատկանող բաժնեմասը վաճառելու վերաբերյալ, որից հետո «Գազպրոմ»-ը հանդես է եկել հայտարարությամբ:
Կատարվածը, իհարկե, ամենեւին էլ նորություն չէր. այս մասին հայտնի էր դեռ մի քանի ամիս առաջ: Սակայն այն ժամանակ իշխանություններն ամեն գնով հերքում էին այդ տեղեկությունները: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրել էր, թե ճիշտ է արդյոք տեղեկությունը, որ ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել «Հայռուսգազարդ» ընկերության Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը 63 մլրդ դրամով Ռուսաստանին վաճառել: Սակայն Արմեն Մովսիսյանը կտրականապես հերքել էր այդ լուրը. «Չկա, այս պահին չունենք տենց որոշում: Ո՛չ»:
Ի դեպ, իշխանությունները նույն համառությամբ հերքում էին նաեւ գազի սակագինը բարձրացնելու մասին տեղեկությունները: Այնինչ պարզվեց` Հայաստան մատակարարվող գազի սակագինը բարձրացել է դեռ 2013թ. ապրիլի 1-ից, այդ մասին ստորագրվել է համապատասխան պայմանագիր «Գազպրոմ»-ի եւ «Հայռուսգազարդ»-ի միջեւ, պարզապես գաղտնի է պահվել: Իսկ պատճառը ՀՀ նախագահի ու Երեւանի ավագանու ընտրություններն են եղել, քանի որ իշխանությունները վախեցել են ընտրություններից առաջ հասարակական տրամադրությունները գրգռելուց ու գերադասել են իրողությունը թաքցնելով պարզապես ստել: Ցանկացած նորմալ երկրում կատարվածին կհետեւեր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների շքերթը: Բայց մեզանում ոչ միայն նման բան տեղի չի ունենում, այլեւ ընդհակառակը` իշխող ՀՀԿ ներկայացուցիչները փորձում են արդարացնել կատարվածը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետը զրույցում ոչ միայն նորմալ երեւույթ համարեց «Հայռուսգազարդ»-ում հայկական բաժնեմասի վաճառքը, այլեւ նշեց. «Ի՞նչ կա այդտեղ աննորմալ: Ինչ-որ պրոբլե՞մ կա՝ դրա հետ կապված: Ռազմավարական տեսանկյունից, եթե որոշումներ կայացնելու իրավունքը մնում է ՀՀ իշխանություններին, ապա այդ վաճառքի մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում: Որոշումներ կայացնելու իրավունքը միանշանակ մնում է Հայաստանին` սակագնի հաստատում, ալտերնատիվ գազ գնելու իրավասություն, հարկերի չափերի սահմանման իրավունք: Չէ՞ որ ՀՀ սահմանից ներս ՀՀ օրենսդրությունն է գործում: Այնպես որ, հարցին պետք է մոտենալ հետեւյալ տեսանկյունից` այդ վաճառքից հետո որոշում կայացնելու իրավունքն ում է մնում»: Երեկ Այվազյանը նաեւ պնդում էր, որ երբ «Հայռուսգազարդ»-ում հայկական բաժնեմասն ընդամենը 20 տոկոս է կազմում, այսինքն` ընդհանուր թվի 2/3-ից պակաս, դրա վաճառքն այլեւս էական նշանակություն չունի: Նշենք, որ «Հայռուսգազարդ»-ը ստեղծվել է 1997թ., սակայն բաժնետոմսերի 80 տոկոսը ռուսական կողմին է վաճառվել ավելի ուշ` 2006թ. մարտին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հայռուսգազարդ»-ում հայկական բաժնեմասը վաճառելու մասին քննարկումը որակեց որպես ՀՀ իշխանությունների տնտեսական քաղաքականության հերթական ձախողում. «20 տոկոս մասնակցությունը Հայաստանին պետք է հնարավորություն տար որոշակի շահույթ ստանալ «Հայռուսգազարդ»-ի գործունեությունից: Մյուս կողմից 20 տոկոսը հնարավորություն էր տալիս որոշակիորեն սահմանափակելու այդ ընկերության կողմից ռուսական տարբեր կազմակերպություններից գույքի ձեռքբերման հնարավորությունը: Այնպես որ, Հայաստանը, իրեն պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցելով, «Հայռուսգազարդ»-ի կառավարումն ամբողջությամբ հանձնում է Ռուսաստանին: Հայաստանն այլեւս որեւէ վերահսկողական լծակ չունի»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իշխանությունները մինչ այս հերքում էին «Հայռուսգազարդ»-ի հայկական մասնաբաժինը վաճառելու մասին ընդդիմադիր գործիչների պնդումները, Մինասյանը նկատեց. «Որպես էներգետիկայի նախարար` Արմեն Մովսիսյանն այլեւս ադեկվատ չէ այդ ոլորտում մշակվող քաղաքականությանը: Ավելին, նախարարը հերթական անգամ թյուրիմացության մեջ է գցել հասարակությանը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս