ԱՆԻՐԱԿԱՆ ՌԵՅՏԻՆԳ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ (սկիզբը՝ նախորդ համարում), անդրադառնալով հեռուստաեթերի ներկայիս չափանիշներին, նշեց, որ նախկինում եթերում հայտնվելը մեծ ու բարդ ճանապարհ էր, իսկ հիմա միայն գեղեցկադեմ լինելն ու հովանավոր ունենալը բավարար պայման է:
-Հիմա բոլոր հեռուստաալիքները ռեյտինգացավով են տառապում, կարող են նույնիսկ աղբը եթեր հեռարձակել, կարեւորը` այն ունենա հովանավոր: Այս պարագայում հանձնաժողովն արդեն ոչինչ անել չի կարող: Այս հարցում պետք է պետական մտածելակերպ: Ես ավելի մեծ սպասելիքներ ունեմ Հանրային հեռուստատեսությունից, քանի որ պետության կողմից է ֆինանսավորվում: Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողովն էլ պետք է առաջինը սկսի պետական ալիքից: Գոնե այս պարագայում ունի լծակներ, իսկ մասնավորի հանդեպ պետք է նոր մեխանիզմներ մտածել: Երբ կդադարեն մասնատել գովազդային դաշտը, թե այս ալիքները պատկանում են այս մարդուն, այս ուժին, ու պետք է գովազդն այստեղ ուղղել, այդ ժամանակ գուցե ինչ-որ բան փոխվի: Կամ էլ անիրական ռեյտինգ են ցույց տալիս, որ այս կամ այն ընկերությունը գովազդը տեղադրի իրենց մոտ… Երբ այդ սկզբունքից կհրաժարվեն, ու կլինի ազատ դաշտ, ազատ մրցակցություն, այդ ժամանակ էլ կկարողանանք հստակ տարբերել, թե որ ալիքն ինչ ինտելեկտի հաղորդում է ներկայացնում: Իսկ հիմա անհնար է, քանի որ դաշտը մասնատված է: Ասում են` սա իմն է, սա այն մյուսինը, այստեղ կարելի է, այնտեղ մուտքն արգելված է:
-Մեր զրույցի սկզբում նշեցիք, որ հեռուստատեսության ղեկավարությունը նախընտրում է գեղեցկադեմ մեկին պրոֆեսիոնալից: Այս պարագայում հեռուստադիտողը հայտնվում է «տուժողի» կարգավիճակում…
-Շատ ճիշտ նկատեցիք, հեռուստադիտողը ստիպված է լինում հանդուրժել ինչ-որ մեկի անգրագետ խոսքը եթերում: Ասում են` նա նոր է հայտնվել մեզ մոտ, դեռ սովորում է, փոխարենն ունի գեղեցիկ արտաքին, լավ պոտենցիալ… Հիմա հեռուստադիտողը թող դիմանա մի քանի ամիս, տեսնենք, փորձենք այս նախագծում, հետո կտանենք ուրիշ նախագիծ: Ու արդյունքում մարդկանց նյարդերը քայքայվում են: Գուցե մի 5 տարի հետո այդ մարդուց ինչ-որ բան ստացվի, բայց չի կարելի հեռուստադիտողի նյարդերի հաշվին առաջ գնալ:
-Եթե չեմ սխալվում, Դուք նաեւ Մոսկվայում եք աշխատել:
-Աշխատել եմ ու տեսել` անհնար է, որ մարդ հայտնվի հեռուստատեսության շենքում, եթե ձեռքին չունի համապատասխան կրթության վկայական: Ես աշխատել եմ նաեւ Խորհրդային միության ժամանակներում: Հեռուստառադիոպետկոմ կար, եւ այն ժամանակ իմ յուրաքանչյուր բառը հանձնաժողովը քննարկում էր, խմբագրում… Այն ժամանակ եթերում հայտնվելը երիտասարդի համար շատ բարդ էր: Իսկ հիմա գիտեք՝ ինչպես է. եթե երիտասարդը վերեւներից հովանավորներ ունի,  մի քիչ էլ գեղեցկադեմ է, շատ արագ կարող է ներմուծվել եթեր: Խնդրեմ, միացրե՛ք հեռուստացույցը, տեսե՛ք՝ ինչպիսի հաղորդավարներ կան: Չեմ ուզում կոնկրետ անուններ տալ, ինքս էլ կողմնակից եմ նայել նախ իմ կատարած աշխատանքին, հետո քննադատել մյուսներին: Բայց այս պարագայում ես հանդես եմ գալիս որպես հեռուստադիտող, քաղաքացի, սպառող, ոչ որպես հեռուստատեսության աշխատակից:
-Այս պահին ի՞նչ հաղորդում եք վարում:
-Ես եւ Մարինա Թագակչյանն ամեն կիրակի պատրաստում ենք «Մաեստրո» շոուն. մեկժամանոց երաժշտական նախագիծ է:
-Իսկ ինչո՞ւ փակվեց «Կռվախնձոր» հաղորդումը:
-Չորս տարի եթերում լինելուց հետո նախագծին պետք էին բարեփոխումներ: Մենք ունեինք զարգացման մեծ նախագիծ, բայց քանի որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հնարավորությունները սուղ էին այդ առումով, մենք ցանկացանք ժամանակավորապես նախագիծը եթերից հանել ու փոխարինել մեկ այլ ժամանցային նախագծով: Կփորձենք աշնանից իրականացնել մեր ուզածը:
-Եթերից դուրս ուրիշ ի՞նչ աշխատանքով եք զբաղվում:
-Վարում եմ տարբեր միջոցառումներ, շոուներ, կորպորատիվ երեկոներ… Արդեն երկար տարիներ` 1989 թվականից, աշխատում եմ Հանրային ռադիոյում: Վերջին 3 տարիներին էլ Մարինա Թագակչյանի հետ ստեղծել ենք հաղորդավարների դպրոց, որտեղ ես նաեւ դասավանդում եմ:
-Հայաստանում շա՞տ են երիտասարդները, որոնք ցանկանում են հաղորդավար դառնալ, խոսքի արվեստին տիրապետել:
-Ցանկացողները շատ են, բայց քչերն են գիտակցում, թե ինչ բարդությունների հետ է դա կապված: Մեզ մոտ շատ ուսանողներ են գալիս՝ մի քանի տասնյակ, բայց նրանցից ոչ բոլորը կարող են իրենց ճիշտ դրսեւորել եթերում: Շատ կցանկանայի, որ մեր հեռուստատեսությունը լիներ անկողմնակալ, դիտարժան, ներկայանար գեղեցիկ խոսքով, կրթեր, ապահովեր ե՛ւ ժամանց, ե՛ւ կրթություն: Իսկ հեռուստաեթեր հասնելու ճանապարհը նման լիներ երազանքի, ու դռներն էլ բացվեին ոչ բոլորի առաջ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս