Հայաստանն այսուհետ համարվում է մարդկանց առեւտրի` թրաֆիքինգի դեմ առավել ակտիվ պայքարող երկիր: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին նախօրեին հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013 թվականի ամենամյա զեկույցը, որում մեր երկիրը դասակարգված է առաջին խմբում, ասել է թե` թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը բարելավել է իր դիրքերը եւ նախորդ` երկրորդ խմբի երկրներից անցում կատարել առավել ակտիվ պայքարող երկրների առաջին խումբ: Այս կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը շնորհավորել է Հայաստանի իշխանություններին` «մարդկանց առեւտրի դեմ պայքարում իրենց կուռ հանձնառության համար»` նշելով, որ դրա արդյունքում այսօր «Հայաստանը համարվում է միջազգային այս չարիքի դեմ ամենահաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում»: ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ հատուկ նշված է ՀՀ իշխանությունների կողմից անցած հինգ տարիների ընթացքում իրականացված միջոցառումների արդյունավետությունը, այդուհանդերձ` ընդգծելով, որ դա չի նշանակում, որ երկրում առհասարակ թրաֆիքինգի խնդիր գոյություն չունի: Ինչ խոսք, որեւէ հարցում Հայաստանի վարկանիշային առաջխաղացումը ողջունելի է, եւ սա այն դեպքն է, որ ԱՄՆ իշխանությունների գովեստներն անտեղի չեն: Զեկույցում ներկայացված տվյալներով՝ անցած տարվա ընթացքում Հայաստանում թրաֆիքինգի հետ կապված 21 քրեական գործ է հարուցվել, որոնց շրջանակներում 18 հոգի ենթարկվել է քրեական պատասխանատվության: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2011թ-ին հարուցվել է 7, իսկ 2010-ին` ընդամենը 5 քրեական գործ: Բնականաբար, այդ թվերը շատ հեռու են առկա իրական պատկերը ներկայացնելուց, սակայն ամեն դեպքում ընդամենը մի քանի տարի առաջ «թմրամիջոցների եւ թրաֆիքինգի տարանցիկ երկիր» գնահատականին արժանացած Հայաստանի համար ԱՄՆ պետդեպի կողմից արձանագրված առաջխաղացումը նշանակալի է: Անշուշտ, մարդկանց առեւտրի դեմ մեր իրավապահ համակարգի գործադրած ջանքերից զատ կարեւոր է նաեւ այն իրողությունը, որ Հայաստանը խոշոր տրանզիտային հոսքեր սպասարկող երկիր չէ, մենք գտնվում ենք գրեթե շրջափակման ռեժիմում, ուստի մարդկային հոսքերի վերահսկումն անհամեմատ ավելի հեշտ է, քան տարածաշրջանի որոշ այլ երկրներում: Օրինակ` Վրաստանում, որը, ի դեպ, վատթարացրել է իր ցուցանիշները եւ անցած տարի զբաղեցրած առաջին խմբից տեղափոխվել երկրորդ խումբ: Այդ նույն խմբում է տեւական ժամանակ հանգրվանել նաեւ հարեւան Ադրբեջանը: Բացի այդ, կոնկրետ սեռական թրաֆիքինգի հետ կապված, մեր դեպքում կարեւոր դեր են խաղում նաեւ որոշ ազգային առանձնահատկություններ, երբ սեռական շահագործման ենթարկված անձանց մեծ մասը խուսափում է այդ մասին բարձրաձայնելուց:
ՀԱԿԱԹՐԱՖԻՔԻՆԳԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ