Սերժ Սարգսյանը կարող է համարվել ռեկորդակիր, քանի որ նա հաջողացրել է իր գործունեության ողջ ընթացքում անընդհատ խոստումներ տալ եւ դրանք չիրագործել:
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը խոստումների հերթական շարքը հնչեցրեց: Նա հայտարարեց, թե իր ղեկավարած իշխանությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ, տնտեսությունում ազատ մրցակցություն ապահովելու, արտոնյալներ չեն լինելու, մարդկանց իրավունքները հարգելու են ու այսպես շարունակ: Մի կողմ թողնենք, որ երբ այդ խոսքերը հնչում էին, դահլիճում գտնվող պաշտոնյաների առնվազն ութսուն տոկոսը մարդիկ էին, որոնք պետական պաշտոններում գտնվելով՝ միլիոնատեր են դարձել (դոլարով): Մոռանանք նաեւ այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր գործունեությամբ բազմիցս ապացուցել է, որ տնտեսական մրցակցություն ասվածն ինքն ուղղակի ատում է:
Իսկ ի՞նչ պետք է աներ Սերժ Սարգսյանը` ապացուցելու համար, որ իր խոսքի տերն է:
Համաձայնեք` դժվար է գտնել մեկին, որը, օրինակ` կհավատա, թե «ջեբկիրներով» շրջապատված եւ նրանց շնորհիվ ապրող մարդը գրպանահատության դեմ անողոք պայքար է ծավալել: Ասել կուզի՝ ելույթին պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ, մասնավորապես, կառավարության ներկա կազմը պետք է ցրվեր, եւ ներկա նախարարների առնվազն 90 տոկոսը պետք է ուղարկվեին «թոշակի»: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարել պատրաստվող կառավարությունը պետք է ինքը զերծ լինի կոռուպցիայից: Իսկ իշխանությունների, այսպես կոչված, «հին» դեմքերը կոռուպցիայի մարմնավորում են:
Իսկ ինչ ունենք այսօր. մի կողմից գործող կառավարության կոռումպացված կազմը սովորականի պես շարունակում է պաշտոնավարել, մյուս կողմից էլ ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի շրջանակներում Դաշնակցությանը տրվելիք երեք պորտֆելներից երկուսի ապագա տերերը եւս կրկին «հներից» են լինելու, մարդիկ, որոնք իրենց նախկին պաշտոնավարումների շրջանում հասցրել են միլիոնների կարողություն կուտակել:
Ի դեպ, մինչեւ Գեորգի Կուտոյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակելը, Սերժ Սարգսյանը անգամ տեսականորեն չէր կարող մտածել կառավարության կազմում կտրուկ փոփոխություններ կատարելու մասին, քանի որ իշխանական բուրգը մի ակնթարթում նրան կհաներ Բաղրամյան 26-ից եւ այնտեղ կվերադարձներ Ռոբերտ Քոչարյանին: ԱԱԾ-ում «իշխանափոխություն» իրականացնելուց հետո Սերժ Սարգսյանն իշխանական համակարգի հետ կարող է վարվել, ըստ իր հայեցողության: Բայց իրականությունն այն է, որ նա երբեք չի համարձակվի իշխանական բուրգի անդամների հետ լայնածավալ հակասության մեջ մտնել, քանի որ ցանկացած նման գործողություն, ի վերջո, 2017-ին կավարտվի իշխանափոխությամբ:
Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը դադարի հենց այնպես դատարկ ելույթներ ունենալ եւ սկսի կառավարման համակարգից հեռացնել կոռումպացված պաշտոնյաներին, ապա նա պետք է պատրաստվի 2017-ի ԱԺ ընտրությունների միջոցով իշխանությունը հանձնելուն:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն ի սկզբանե զրկված է Հայաստանի զարգացմանը եւ առողջացմանն ուղղված որեւէ քայլ կատարելու եւ միաժամանակ իշխանության մնալու հնարավորությունից, ինչպես իր նախորդը` Ռոբերտ Քոչարյանը: Բայց Ռոբերտ Քոչարյանը ճառերով հանդես գալ չէր սիրում եւ իր աշխատասենյակում նստած սկզբում միլիոնները, հետո միլիարդներն էր հաշվում առավել անկեղծ պահվածքով: Իսկ Սերժ Սարգսյանը միգուցե բանասերի փխրուն հոգի ունի եւ մեկ-մեկ էլ ելույթ ունենալու ու մի ակնթարթ իրեն «առաջնորդ» զգալու գայթակղությունից չի կարողանում հրաժարվել: Կասկած չկա, որ նա շատ լավ գիտակցում է՝ իր ճառերից կարճ ժամանակ անց բոլորը համոզվելու են, որ ինքը կրկին անկատար խոսքեր է ասել: Բայց, դե, մարդը չի կարողանում իր ներքին մղումներից հրաժարվել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ