Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների միջեւ կնքվեց «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:
-Պարո՛ն Ռուստամյան, համաձայնագրում առկա են որոշակի կետեր, որոնք փոքր-ինչ խնդրահարույց են: Մասնավորապես «Ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից»: Ի՞նչ հրամայականի մասին է խոսքը, եւ ինչպիսի՞ մարտահրավերներ կան մեր երկրի դեմ:
-Մարտահրավերները բազմաթիվ են` արտաքին եւ ներքին: Արտաքին մարտահրավերները պայմանավորված են աշխարհաքաղաքական այն նոր իրողություններով, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է` հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղ` կոնֆլիկտագեն տարածաշրջան, ներքին մարտահրավերներ` արտագաղթ, սոցիալական ծանր իրավիճակ, աղքատություն, կոռուպցիա, կառավարման արդյունավետության հետ առնչվող համակարգի մեջ եղած լուրջ պրոբլեմներ: Հրամայականն էլ գալիս է նրանից, որ այդ մարտահրավերներն պետք է հաղթահարենք, այդպես ենք անվանում, որովհետեւ անհապաղ պետք է հաղթահարվեն:
-Երկու կուսակցություններով խոստացել եք նաեւ «Ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը»: Ինչպե՞ս եք դա պատկերացնում, հստակ քայլեր կարո՞ղ եք թվել:
-Մենք չափանիշ ենք համարում մեր երկրի զարգացման ոչ թե տնտեսության հարաբերական աճը, այլ մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունները, այսինքն՝ եթե մենք դե ֆակտո պատերազմական վիճակում ենք, մենք պետք է հաջողություն համարենք այն, որ մեր հարեւանին չենք զիջում զարգացման տեմպերով, որպեսզի կարողանանք մեր անվտանգության խնդիրները լուծել: Մեր զարգացմանը բոլոր առումներով պետք է նոր թափ հաղորդենք, նոր իմպուլս տանք, որպեսզի մեր հարեւանը չփորձի մեզ պատերազմով վախեցնել:
-Փաստաթղթում գրված է. «Ընտրական նոր օրենսգրքով եւ հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը»: Պարո՛ն Ռուստամյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլերով է հնարավոր այս կետում ներկայացված ցանկություններն իրականություն դարձնել:
-Հենց դրան ենք ուզում հասնել: Մենք հիմա աշխատում ենք ԸՕ վրա: Սա գլխավոր հարցերից մեկն է եղել, որ ունենանք այնպիսի ընտրական համակարգ, որ նախորդների թերությունները շտկի: Ընտրությունների միջոցով պետք է ժողովուրդը կարողանա իր ուզած իշխանությունը ձեւավորել, ոչ թե հեղափոխական, տարբեր անընդունելի ճանապարհներով: Այլեւս մենք ունենք նորմալ ընտրական գործընթացների միջոցով բոլոր խնդիրները լուծելու հնարավորություն: Սա է նորությունը, որ առաջացել է սահմանադրական այս նոր կարգով: Հիմա դա խորացնելու համար մենք պետք է ունենանք համապատասխան ընտրական համակարգ:
-Պարո՛ն Ռուստամյան, Դուք փաստաթղթում նշել եք. «Վերանայել ՀՀ վարչատարածքային բաժանումը եւ ձեւավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու եւ արդյունավետ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգեր»: Ինչպիսի՞ բաժանումը կարող է լինել ՀՀ զարգացման երաշխավորը:
-Մենք ունենք գերկենտրոնացում մայրաքաղաքում եւ մարզերում: Դա գալիս է նրանից, որ չունենք արդյունավետ տարածքային եւ տեղական ինքնակառավարման համակարգ: ՏԻ մարմինները պետք է ինքնուրույնություն ունենան, որպեսզի սեփական բյուջեն կարողանան ինքնուրույն ձեւավորել: Մենք կարծում ենք, որ պետք է ձեւավորվի ավագանի, որը կձեւավորի տեղական ինքնակառավարման մարմինը: Այս խնդիրն ենք մենք փորձելու լուծել: Որովհետեւ փոքր Հայաստանի համար մոտ հազար համայնք ունենալը մեծ ճոխություն է:
-Խոստացել եք «Քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության գործուն մասնակցությամբ ձեւավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները եւ պատասխանատվությունը»: Ինչպե՞ք եք հաջողելու:
-Մենք պետք է ունենանք հակակոռուպցիոն պայքարի այնպիսի մի մեխանիզմ, որը վստահություն առաջացնի առաջին հերթին հասարակության մեջ, իսկ դա հնարավոր է կատարել, եթե գործուն մասնակցություն ապահովվի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների համար: Պետք է կարողանաք օբյեկտիվորեն գնահատել կոռուպցիայի դեպքերը, բացահայտել դրանք եւ կանխարգելման էֆեկտիվ միջոցներ ունենանք:
-Ի՞նչ քայլերով եք շարունակելու բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը, ամրապնդելու հայապահպանման եւ հայրենադարձության կազմակերպման գործում հայկական սփյուռքի դերի ու մասնակցության խորացումը:
-Դու պետք է ունենաս քո երկրի ներսում համապատասխան արժեհամակարգ, որը տվյալ միջազգային կառույցում համարվում է իսկապես գերակա: Մասնավորապես եվրոպական կառույցներում եթե դու ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ խոսքի, հակակոռուպցիոն իրական պայքար մղելու առումով որդեգրել ես այդ արժեհամակարգին բնորոշ մեխանիզմերը եւ կառուցակարգերը, բնականաբար դու իրենց համար համարվում ես շատ վստահելի գործընկեր, որովհետեւ գիտեն, որ այստեղ ավտորիտար ռեժիմի պարտադրանքով չեն հարցերը լուծվում:
Մենք ունենք այս ամբողջ ռեսուրսը ներդնելու խնդիր. հայ դատի գրասենյակներն են, սփյուռքն է, այն բոլոր կառույցները, որ դրսում արդեն աշխատում են, որպեսզի Հայաստանի իմիջը ներկայացնեն այնպես, ինչպես կա:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ