ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԽՆԴՐԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը յոթ կազմակերպությունների խմբավորում է, երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրեց: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի կառավարությունը գիտակցի ու ընդունի «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ակցիան կլինի այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը դրական արձագանքի:
Հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը մշակվել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից օրինագիծը մեկ անգամ հետ է ուղարկվել` վերանայման եւ թերությունների շտկման համար: Փոփոխություններից հետո նախարարությունը օրինագիծը դրական է համարել եւ ուղարկել կառավարության քննությանը, որը, սակայն, մերժել է ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը՝ խոստանալով, որ օրենսդրական փաթեթից առանձին դրույթներ տեղ կգտնեն ՀՀ քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերում:
ՀՀ կառավարության կողմից «Ընտանեկան բռնության մասին» օրենքի մերժման կապակցությամբ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բաց նամակ է հղել ՀՀ նախագահին եւ վարչապետին, որպեսզի վերանայվի օրենքի մերժման որոշումը: Կազմակերպության այս պահանջին միացել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ անցած տարվա ընթացքում ընտանեկան բռնության 766 դեպք է գրանցվել, որից 621-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների, 144-ը՝ արական սեռի, իսկ 15-ը՝ անչափահասների դեմ:
«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորվում են՝ ընտանեկան բռնությունների հետ կապված հարաբերությունները, սահմանվում են ընտանեկան բռնություն հասկացությունը, դրա տեսակները, կողմերը, ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում լիազորություններ ունեցող մարմինների շրջանակը եւ այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունները կանխարգելելու հատուկ միջոցների իրականացման համար նախատեսված համապատասխան միջոցները եւ դրանց ընդունումը:
Օրենքի նախագծով ՀՀ ոստիկանությանը վերապահվում են ընտանեկան բռնության նախանշանների բացահայտման եւ դրանց կանխարգելման լիազորություններ, որոնցով կապահովվի ընտանեկան բռնության հետեւանքով տուժած անձի անհետաձգելի եւ արդյունավետ պաշտպանությունը: Այս նախագիծը նպաստելու է տուժողների համար մատչելի սոցիալական օգնության կանոնակարգված համակարգի ստեղծմանը, որը կղեկավարվի պետական լիազոր մարմնի կողմից: Այսինքն` նախագիծն առավել առաջնային տեղ է տալիս բռնության կանխարգելմանը, քան պատժի կիրառմանը: Օրենքը կնպաստի նաեւ ընտանեկան բռնության առնչությամբ հարուցվող քրեական գործերի քանակի նվազեցմանը: Ի դեպ, Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան ընդունել են ընտանեկան բռնությանը վերաբերող համապատասխան օրենք:
«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի անդամ Աննա Նիկողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ օրենքի նախագծի մերժման հետեւանքով հազարավոր կանայք տուժում են եւ շարունակելու են տուժել. «Մենք ընդամենը հիշեցնում ենք այն, ինչը կառավարությունը տարիներ առաջ պետք է աներ: Ես կարծում եմ, որ իրոք առաջին հերթին գիտակցության խնդիր է, որովհետեւ եթե կառավարությունը գիտակցած լիներ, որ իրոք ընտանեկան բռնությունը լուրջ հիմնախնդիր է Հայաստանում, ապա որոշակի քայլեր կձեռնարկեր: Կառավարության անդամները լուրջ չեն նայում խնդրին եւ խորը չեն ուսումնասիրել այն»:
Ակցիայի մասնակից Կամո Դավթյանը նույնպես մտահոգված է այս խնդրով. «Առավելապես քողարկված է այս խնդիրը: Բայց պետական անտարբերությունը մի քիչ անհասկանալի է ինձ համար: Ես կարող եմ ասել, որ միայն թուլամորթ տղամարդը կարող է իր կնոջ վրա ձեռք բարձրացնել»:
Հ.Գ. Նշենք, որ վերջին շրջանում կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում աճել է: Միայն այս տարի հունիսի 1-ին՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, ամուսինը խեղդամահ էր արել կնոջը: Իսկ հունիսի 10-ին Կոտայքի մարզի Ակունք գյուղում ամուսինը սպանել էր կնոջն ու դանակահարել անչափահաս երեխաներին: Եվ այսպես կարող ենք երկար թվարկել: Հետաքրքիր է, եթե օրենքի այս նախագիծն ընդունվեր, ինչպիսի պատկեր կունենայինք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս