Հուշարձաններին պահակներ են պետք, պահակներին` վարձատրություն. գանձագողության հերթական դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Արմավիրի մարզում գանձագողության հերթական դեպքն է գրանցվել: «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդունքում հայտնաբերվել եւ ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձինք: Փաստի առիթով իրավապահների կողմից նյութեր են նախապատրաստվում: Գանձագողություն կատարած անձինք ստորագրությամբ բաց են թողնվել: Սակայն մինչ այդ նրանք իրավապահներին են ներկայացրել հուշարձանի տարածքից ապօրինաբար հանված արժեքները:

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ինեսսա Կարապետյանը դեպքի մասին իրազեկվելուց հետո պատմական միջավայրի պահպանության Արմավիրի մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանի հետ մեկնել է հուշարձանի տարածք եւ զրուցել իրավապահների հետ: Պարզվել է, որ գանձագողերը քանդել են ուրարտական ժամանակաշրջանի հուշարձանի արեւմտյան ամրոցի վերեւի շերտը: Նրանք յուրացրել են միջնադարյան /12-13 դդ./ ժամանակաշրջանի դրամներ, պղնձադրամների կտորտանքներ, ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող նյութերի խումբ. ձիասահքի համալիր, սանձի լկամ, ճարմանդներ, զանգակներ, բրոնզե բոժոժներ եւ այլն: Ոստիկաններին ներկայացված գողոնը պատմամշակութային արժեք ներկայացնող արտեֆակտներ են: Վնասի չափը կպարզվի նախաքննության ընթացքում: Չի բացառվում, որ գանձագողերը այլ արժեքներ եւս հետ վերադարձնեն:

Նշենք, որ Արգիշտիխինիլի ուրարտական ամրոցը /կառուցված մ.թ.ա. 776 թ./ հանրապետական նշանակության հուշարձան է եւ ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:
Ի. Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր պետք է կատարեն մշակույթի նախարարությունն ու համապատասխան ծառայությունները` գանձագողության դեպքերից հնարավորինս խուսափելու եւ հուշարձանների պահպանությունը ուժեղացնելու համար, նշեց. «Պետությունը չի կարողանում իրականացնել այդ պահպանությունը, քանի որ չունի համապատասխան հնարավորություններ: Նույն Արմավիրի մարզում հուշարձանների համար նշանակված են սահմանափակ թվով պահակներ: Նրանցից մեկն, օրինակ, ապրում է կենտրոնում. այդ մարդը իրեն վստահված հուշարձանները օրը մի քանի անգամ հսկելու հնարավորություն ունի՞:

Այնինչ՝ ժողովուրդը պետք է տեսնի, որ տվյալ հուշարձանի մոտ հսկիչ կա: Այսինքն` պահակներ պահելու համար ֆինանսական միջոցներ են պետք, որը պետությունը չի տրամադրում: Այսքան սահմանադրական փոփոխություններ եղան, ծրագրեր գրվեցին, ոչ մի տեղ խոսք չեղավ, թե նյութական եւ հոգեւոր ժառանգության պահպանության համար ինչ ծրագրեր են նախատեսված»:

Տիկին Կարապետյանի խոսքով` հուշարձանի տարածքից ապօրինաբար հանված արժեքները, հավանաբար, կհանձնվեն մեր թանգարաններից որեւէ մեկին. «Շատ կարեւոր է նաեւ պարզել, թե տվյալ նյութերը կոնկրետ որ հատվածից են գտնվել, որովհետեւ երիտասարդները փորփրել են տարածքները, եւ գտնված իրերը դուրս են եկել գիտական կոնտեքստից: Հիմա պետք է իրերին վերադարձնել այդ կոնտեքստը»,-հավելեց նա:

Մենք զրուցեցինք նաեւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի հետ: Նրա խոսքով` Արմավիրի մարզում մոտավորապես 3-4 պահակ կա, որոնք 20-25 հուշարձան են հսկում. «Իհարկե, հաստիքների ավելացում է պետք, բայց դա Կառավարության հետ կապված խնդիր է, ֆինանսավորման հարց կա: Մշակութային ժառանգություն պահպանելու գործընթացը ֆինանսական բաղադրիչ ունի, որը, իսկապես, շատ կարեւոր է, իսկ այն հնարավորությունները, որոնք ունենք մենք եւ մշակույթի նախարարությունը, սահմանափակ են: Պատկերացնո՞ւմ եք` պետական հոգածության ներքո գտնվող 19 հազար հուշարձան կա Հայաստանում, այսինքն` 19 հազար պահակ է պետք, եւ այդ պահակներին վարձատրել է պետք: Բազմաթիվ անգամներ դիմել ենք Կառավարությանը, սակայն երկիրը ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորություն չունի»,-մեկնաբանեց նա:

Հնագետի խոսքով` կան պրոֆեսիոնալ գանձագողեր, որոնք, պարզապես, հարստանալու նպատակ ունեն, բայց պետք է նկատել, որ գանձագողությունը հաճախ կատարվում է զուտ ապրուստի միջոց հայհայթելու համար:

Ա. Փիլիպսյանը հավելեց նաեւ, որ տվյալ պարագայում կարեւոր է հասարակական գիտակցության բարձրացումը, հուշարձանների պահպանության հարցում հասարակական կազմակերպությունների ակտիվությունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս