ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը վերջերս կայացած ասուլիսի ժամանակ ընդդիմադիր դաշտի ուժերին՝ ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցություններին առաջարկել էր միավորվել եւ կոալիցիա ստեղծել՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու նպատակով:
Հրանտ Բագրատյանի առաջարկի շուրջ «Ժողովուրդը» զրուցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, ով նշեց, որ ընդդիմադիր ուժերն առաջին հերթին պետք է իրենց ջանքերը համատեղեն ընտրությունների օրինականությունն ապահովելու գործում:
-Պարո՛ն Դեմիրճյան, Հրանտ Բագրատյանն օրերս առաջարկեց ընդդիմադիր ուժերին միավորվել` առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու նպատակով: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի շուրջ:
-Միանգամից ասեմ, որ մենք կարծում ենք` ընդդիմադիր ուժերը պետք է առաջին հերթին համատեղեն ջանքերը` ընտրությունների օրինականությունն ապահովելու գործում: Սա հստակ է, այստեղ պետք է համատեղել ջանքերը: Եվ, իհարկե, մենք կողջունենք նաեւ միավորման գործընթացները: Սա քննարկումների, բանակցությունների հարց է: ՀԺԿ-ն կանդրադառնա այս հարցերին ավելի ուշ, բոլոր դեպքերում, իհարկե, ողջունելի կլինի, եւ մենք կողջունենք միավորման գործընթացները: Բայց, իհարկե, դա պետք է լինի բնականոն գործընթաց, արհեստական դաշինքները ոչինչ չեն տա:
-Դուք նշեցիք, որ պետք է համատեղվեն ջանքերը` ընտրությունների օրինականությունն ապահովելու համար: Իսկ ինչո՞ւ դա չհաջողվեց անել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ:
-Շատ լավ գիտեք, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցավ զանգվածային կեղծիքներով, չնայած իշխանություններն ասում էին, որ սահմանադրական փոփոխությունների անցկացումը կյանքի ու մահվան խնդիր չէ, գերխնդիր չէ: Բայց պարզվեց, որ լավ էլ գերխնդիր էր իշխանության համար, եւ խտրականություն չդրվեց միջոցների մեջ, եւ օգտագործվեց կեղծիքների ողջ զինանոցը: Գիտեք, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն համատեղ շտաբ ստեղծեցին, եւ որքան հնարավոր է՝ պայքարեցին այդ կեղծիքների դեմ: Հանրաքվեն անցավ զանգվածային կեղծիքներով, եւ դա արձանագրեցին նաեւ միջազգային դիտորդները:
-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւս խախտումներ էր արձանագրել, իշխանությունները դաս կքաղե՞ն այս ամենից:
-Ես վաղուց եմ ասել` այս իշխանությունը եւ արդար ընտրություններն անհամատեղելի հասկացություններ են: Սա առաջին դեպքը չէ, որ ԵԱՀԿ-ն նման գնահատական է տալիս: Եվ հարցը նրանում չէ, թե ինչ գնահատականներ են տալիս: Առաջին հերթին մեր երկրի համար է պետք նորմալ ընտրություններ անցկացնել:
-Պարո՛ն Դեմիրճյան, իսկ ի՞նչ սպասել մարտի 1-ի հանրահավաքին: Փաստորեն որոշվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ միասնական հանրահավաք անցկացնել:
-Երեւի տեղյակ եք արդեն, որ կլինի համատեղ հավաք-երթ եւ համատեղ հայտարարություն:
-Իսկ ելույթներ լինելո՞ւ են:
-Ելույթներ չեն լինելու, կլինի հայտարարություն:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՍԴ-Ն ՓՈՇԻԱՑՆՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ սահմանադրական դատարանին պետական միջոցներից մոտ 90 մլն դրամ է հատկացվել 2016 թվականի գնումների համար:
Անցած տարեվերջին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ քայլեր կձեռնարկվեն պետական ապարատի ծախսերի օպտիմալացման ուղղությամբ: «Իհարկե 2016թ. նոր մոտեցումներ կմշակվեն, նոր առաջարկներ կներկայացվեն, կկրճատվեն ծախսերը, եւ մենք բոլորս մտադիր ենք արդյունավետ ծախսեր իրականացնել»,- հայտարարեց վարչապետը:
Սակայն պարզվում է` մինչ Հովիկ Աբրահամյանը հորդորում է պետական գերատեսչությունների ղեկավարներին արդյունավետ ծախսեր իրականացնել, այս ընթացքում սահմանադրական դատարանը միլիոնավոր դրամներ է ծախսում տարբեր ապրանքների գնումների նպատակով: Օրինակ՝ ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի համար գնել է բույսեր, ծաղիկների սոխուկներ, որոնց համար ծախսել է 135 հազար դրամ: Բացի այս՝ գնվել են նաեւ մաքրող մածուկներ, փոշու հավաքման կտորներ, թանաք, գրիչ, թերթեր եւ այլն: Կանոնավոր օդային փոխադրման ծառայությունների՝ ավիատոմսերի համար հատկացվել է 8.5 մլն դրամ:
ՀՀ ՍԴ-ի կոմունալ վարձերը ընդհանուր կազմել են 20 մլն 200 հազար դրամ: 840 հազար դրամով գնել է 1 վարագույր, 3 մլն դրամ հատկացվել է շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման ծառայությունների համար, 15 մլն 890 հազար դրամ էլ ուղղվել է ներկայացուցչական ծառայություններին: Իսկ ՍԴ-ի հաշվեկշռում առկա ավտոմեքենաների պահեստամասերի համար հատկացվել է 1 մլն 400 հազար դրամ, ապահովագրական ծառայությունների ծախսերն էլ կազմել են մոտ 800 հազար դրամ
Այս ամենից զատ` ուշագրավ է այն, որ բյուջեի միջոցների առկա սղության պայմաններում ՍԴ-ն գնել է ավելի քան 45 տոննա պրեմիում տեսակի բենզին, որի 1 լիտրի դիմաց վճարել է 430 դրամ: Այսինքն՝ ՍԴ-ի գնած բենզինի համար պետբյուջեից հատկացվել է ընդհանուր 19 մլն 600 հազար դրամ: Այստեղ տարօրինակն այն է, որ ՍԴ-ն գնել է հենց պրեմիում տեսակի բենզին, մինչդեռ կարող էր ձեռք բերել ռեգուլյար տեսակի բենզին՝ այդպես տնտեսելով պետական միջոցները: Տարօրինակ է նաեւ այս վառելիքի ձեռքբերման գինը. այսօր ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 400-410 դրամով, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՍԴ-ն 1 լիտր պրեմիում տեսակի բենզինի համար վճարել 430 դրամ: Այս ամենից բացի` հասկանալի չէ, թե ՍԴ անդամները ամեն օր ինչպես են սպառում այդ բենզինը, գուցե կոպիտ է հնչում, բայց տպավորություն է, թե այն խմում են: Չէ որ ՍԴ-ն ունի ընդամենը 9 անդամ, որոնք միայն տնից աշխատանքի են գնում եւ հակառակը: Մինչդեռ ՍԴ 1 անդամի հաշվով ստացվում է օրական 23 լիտր բենզին, որը բավարար է 220 կմ ճանապարհ կտրելու համար: Հուսանք, որ այս հրապարակումից հետո կվերանայվեն ՍԴ-ին հատկացվող բենզինի չափաքանակները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ԵՎ ԱՀԱԲԵԿՉԻ ԱՆՈՒՆՈՎ
Խորհրդային Միության փլուզումից անցել է քառորդ դար: Սակայն Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզում, կոմունիստական ժառանգությունը մնում է; Զբոսաշրջային Դիլիջան քաղաքում կան Կալինինի, Մյասնիկյանի, Կամոյի, Մաքսիմ Գորկու անունը կրող փողոցներ: Մ. Գորկին խորհրդային գրող է, որի անունով Դիլիջանում փողոց ունենալու նպատակահարմարությունը թերեւս վիճելի հարց է: Ալեքսանդր Մյասնիկյանը կոմունիստական գործիչ էր, սակայն մեծ դեր ունի Հայաստանը ավերակներից վերականգնելու գործում: Միխայիլ Կալինինը, որին կոչում էին «համամիութենական ծերուկ», ըստ նրա կենսագիրների` մանկապիղծ էր: Կամոն՝ Սիմոն Տեր-Պետրոսյանը, ֆանատիկորեն նվիրված էր հեղափոխությանը, ինչի արդյունքում բազմիցս ահաբեկչական ակտեր է իրականացրել: «Ժողովուրդը» Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից հետաքրքրվեց, թե ինչու չեն փոխում Կալինինի, Կամոյի փողոցների անվանումները: Քաղաքապետն ասաց, որ վերանվանումներից հետո պետք է փոխվեն նշված փողոցների տներում ապրող դիլիջանցիների անձնագրերում բնակության վայրի վերաբերյալ նշումները, այդ բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման բաժանորդների փաստաթղթերը, այդ փողոցներում անշարժ գույք ունեցող անձանց սեփականության վկայականները: Իսկ սեփականության իրավունքի նոր վկայական ստանալու ծախսերը մոտ 40 հազար դրամ են կազմում: Ուստի եւ այս պահին անվանափոխության մասին չեն մտածում: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում կան Նոյեմբերի 29-ի, 26 Կոմիսարների փողոցներ: Նոյեմբերյան անունն էլ սահմանամերձ բնակավայրին 1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանից Իջեւան 11-րդ Կարմիր բանակի ներխուժման կապակցությամբ է տրվել: 1990-ական թվականների երկրորդ կեսին փորձ եղավ փոխելու Նոյեմբերյան քաղաքի անունը, սակայն նոյեմբերյանցիները մտածելով, որ քաղաքի անունից կարեւոր է իրենց սոցիալական պայմանների բարելավումը, բոյկոտեցին տեղական այդ հանրաքվեն:
ԻՆՔՆԱՁԻԳՆԵՐՈՎ՝ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Փետրվարի 22-ին սահմանամերձ Բաղանիս գյուղում՝ միջպետական ավտոճանապարհի եւ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի խաչմերուկում, հերթապահում էին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի 4-5 աշխատակիցներ: Պարզվեց` իրականացվող հսկողությունը կապված է փետրվարի լույս 22-ի գիշերը Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտ տեղի ունեցած սպանության հետ. հրազենից ստացած վիրավորումներից մահացել է այդ գյուղի 44-ամյա բնակիչ Նվեր Քոչինյանը: Այդ սպանության մեջ կասկածվում եւ իրավապահների կողմից որոնվում է Վահագնիի բնակիչ Արմեն Կախյանը: Վերջինիս ընտանիքի 7 անդամները 2000թ. հունվարի 28-ին Վահագնիում անհայտ անձանց կողմից սպանվել էին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ