ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում

Այս մեքենայի վարորդը որոշել իր մեքենայի ետեւի ապակուն փակցնել թեւավոր հայտնի խոսք. «Երբե՛ք մի ասա երբեք»: Թե ինչն է նրա մտահղացման պատճառը, դժվար է կռահել: Հավանաբար այս քայլով ցանկացել է գրավել անցորդների ուշադրությունը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞ւմ կարող է տրվել ժամանակավոր կացության կարգավիճակ:

Սիրանույշ Հակոբյան (47 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի եւ ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը՝
ա) ուսումը, կամ
բ) աշխատանքի թույլտվության առկայությունը, կամ
գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, կամ
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, կամ
ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
զ) ազգությամբ հայ լինելը:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ օտարերկրացիները մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում:

 

 

 
ՀԱՐՑ. 18.09.2011թ. մեքենաս վաճառել եմ՝ 3 տարի ժամկետով լիազորագիր տրամադրելով գնորդին: Ժամկետը լրանալուց հետո՝ 08.12.2015թ., նամակ եմ ստանում 24.000 դրամ խախտման համար: Ոմն Ա. Հակոբյան իմ կողմից ճանապարհային ոստիկանությանը հասցեագրված նամակին ի պատասխան՝ գրել է, որ լիազորագրի 3-րդ տարին լրացել է, եւ վարչական տույժի նշանակման մասին որոշումը չի կարող հասցեափոխվել: Խնդրում եմ պարզաբանել՝ որքանո՞վ է իրավացի ճանապարհային ոստիկանությունը, եւ ի՞նչ պետք է անեմ ես՝ հանիրավի ինձ հասցեագրված տուգանքից խուսափելու համար:

Տիգրան Հարությունյան (49 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գույքը (տվյալ դեպքում՝ տրանսպորտային միջոցը) լիազորագրով տրամադրելը չի համարվում օտարում (վաճառք): Հետեւաբար, քանի դեռ տրանսպորտային միջոցի փաստացի օտարումը պատշաճ գործարքով չի ձեւակերպվել, եւ գործարքն էլ չի գրանցվել ճանապարհային ոստիկանությունում, այդ տրանսպորտային միջոցով կատարված եւ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքով հայտնաբերված իրավախախտումների համար պատասխանատվությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կրում է սեփականատերը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիները շուրջ 10 միլիարդ 550 միլիոն դրամի տուգանք են վճարել երթեւեկության կանոնների այն խախտումների համար, որոնք արձանագրվել են արագաչափ սարքերի եւ տեսախցիկների միջոցով: Այս թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ երկու միլիարդ դրամով:




Լրահոս